Լավրովն էկավ մեր բակը՝ լիքը կճուճ շալա՞կը

Լավրովն էկավ մեր բակը՝ լիքը կճուճ շալա՞կը

Հայրենական որոշ քաղաքագետների համար Լավրովի երեւանյան այցը, հավանաբար, մի երկու ամիս Ռուսաստանի կողմից Ադրբեջանի «պորտը տեղը դնելու» թեմայով խոսելու նյութ կմնա: Զարմանալին այն է, որ հիմք է ընդունվում 1994թ. հրադադարի պայմանավորվածության մասին ՌԴ արտգործնախարարի ասածը, որ այն անժամկետ է, կողմերը պետք է հավատարիմ մնան պարտավորություններին: Արդեն առիթ ունեցել եմ ասելու, որ դրանով Լավրովն ընդամենը մի շեշտադրում է արել՝ 22 տարի առաջ հրադադարը հաստատվել է Ռուսաստանի միջնորդությամբ, եւ Մոսկվան մնում է ԼՂ կարգավորման գլխավոր մոդերատորը: Ինչ վերաբերում է 1994թ. համաձայնագրին, ապա այն պաշտոնապես կոչվում է «Բիշքեկի արձանագրություն»: 



Դա փաստաթուղթ է, որը ստորագրել են Ադրբեջանի, Հայաստանի եւ ԼՂՀ խորհրդարանների նախագահները, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի նախագահը, Ղըրղզստանի խորհրդարանի նախագահը եւ ԼՂ բանակցություններում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Կազիմիրովը (http://vn.kazimirov.ru/doc9.htm): 
Բովանդակային առումով Բիշքեկի արձանագրությունը չի պարունակում հոդված կամ առանձին դրույթ, որը մեզ իրավական հիմք կտա պնդելու ստատուս-քվոյի անփոփոխելիության տարբերակը:
Այնտեղ նույնպես խոսվում է «զբաղեցրած տարածքներից զորքերը դուրս բերելու», ինչպես նաեւ դիտորդների եւ խաղաղապահ ուժերի տեղակայման մասին:
Ընդ որում, ի տարբերություն մադրիդյան կամ կազանյան առաջարկությունների, Բիշքեկի արձանագրությունը զորքերի դուրսբերումն ուղղակիորեն կապում է ՄԱԿ-ի ԱԽ հայտնի բանաձեւերի պահանջների կատարման հետ: 



Արձանագրությունը ոչինչ չի ասում ԼՂ կարգավիճակի, ոչ էլ այն որեւէ ձեւով որոշարկելու մեխանիզմների եւ դրանք գործադրելու ժամկետների մասին:
Այս իմաստով, ահա, ինչո՞ւ ենք մենք այդքան կարեւորում Լավրովի կողմից այդ արձանագրության հիշատակումը: Մի՞թե միայն նրա համար, որ այն ստորագրված է նաեւ ԼՂՀ ԳԽ նախագահի պաշտոնակատարի կողմից:
Ի վերջո, ո՞րն է էականը՝ ո՞վ է ստորագրում այս կամ այն փաստաթուղթը, թե՞ ինչ լուծումների կարող է բերել այն:



Թե չէ տպավորություն է ստեղծվում, որ Լավրովն էկավ մեր բակը, խոսեց Բիշքեկի արձանագրության անժամկետությունից, իսկ մենք այնպես հասկացանք, որ խոսքը միայն հրադադարը հարգելու պայմանավորվածության մասին է:
… Իսկ չե՞նք մտածում, որ մի X օր Ադրբեջանը միջնորդ կհրավիրի Ռուսաստանին եւ կհամաձայնի, որ եկել է Բիշքեկի արձանագրությամբ կողմերի պարտավորությունները լրիվ ծավալով կատարելու ժամանակը: Կամ էլ Ադրբեջանի փոխարեն դա կասի Ռուսաստանը…



Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ