Սրընթաց զարգացումներ

Սրընթաց զարգացումներ

Շատ արագ են զարգանում դեպքերը։ Ռազմաճակատից եկող տագնապեցնող լուրերի կողքին դիվանագիտական ասպարեզից ոչ մի ուրախացնող բան եւ զգացողություն, որ «խեղդվողի փրկությունը հենց խեղդվողի գործն է»․ աշխարհը խուլ է ու կույր մեր խնդիրների հանդեպ։ Տարիներ շարունակ մերժված օրինագիծը՝ ԼՂՀ-ն ճանաչելու մասին, այժմ օրակարգում է եւ ներկայացվել է կառավարության նիստի հաստատմանը։ Մինչդեռ ժամանակին այն առաջ քաշողները՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, Զարուհի Փոստանջյանը, առնվազն ծաղրի էին ենթարկվում իրենց առաջարկի համար եւ մեղադրվում քաղաքական անհեռատեսության եւ ավանտյուրիզմի մեջ։ Դեմքի խելոք արտահայտություն ընդունած հանրապետականներն էլ հայտարարում էին, որ դա նշանակում է «պատերազմ հայտարարել ողջ աշխարհին», «մերժել Մինսկի խմբի համանախագահների ջանքերը», «ձախողել բանակցային գործընթացը» եւ այլն։ Պարզվեց՝ կարելի է եւ աշխարհին պատերազմ հայտարարել, եւ համանախագահներին ապտակ հասցնել, եւ հրաժարվել բանակցային գործընթացից։ Դժվար է ասել՝ այս գաղափարի հեղինակները հասկանո՞ւմ են իրենց արարքի հետեւանքները եւ հաշվե՞լ են, թե դրա արդյունքում ինչ զարգացումներ կարող են լինել, եւ ինչպես կարող է այն անդրադառնալ Հայաստանի ու հատկապես Ղարաբաղի վրա։ Երեկ արդեն Ադրբեջանն աղմուկ էր բարձրացրել այս առնչությամբ։ Դրան գումարվել էր նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի Ղարաբաղ կատարած այցի եւ Բակո Սահակյանի հետ հանդիպման տպավորությունը, որից ադրբեջանցիք ակնկալում էին, որ նա «տարածքների վերադարձման» կողմնակից է, իսկ նա շեշտեց «եւ Հայաստանի, եւ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների մտահոգությունները, հաստատակամությունը, վստահությունը», նաեւ ընդգծեց, որ «իշխանությունները հանգիստ, զուսպ անում են այն, ինչ պահանջում է այսօրվա իրավիճակը»: