Դռնեդուռ ընկած Ադրբեջան

Դռնեդուռ ընկած Ադրբեջան

Հայտնի է, որ խեղդվողը փրփուրներից է կառչում: Ապրիլյան շարունակվող ագրեսիան բացահայտել է Բաքվի ռեժիմի տեռորիստական բնույթը: ԼՂՀ ՄԻՊ միջանկյալ զեկույցը դարձել է միջազգային քննարկումների թեմա: Հակառակորդին խիստ անհանգստացրել է, որ ԼՂՀ ՄԻՊ է նշանակվել Հայաստանի Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը:



Եւ Բաքվում նպատակադրվել են գործ տալ իրենց պարապուրդի մատնված Էլմիրա Սուլեյմանովային, որի «իրավապաշտպան» գործունեությունը սահմանափակվում է քաղբանտարկյալներին այցելությամբ եւ նրանց հանդեպ «մարդասիրական վերաբերմունքի» մասին մամուլի ասուլիսներով:



Ի՞նչ պիտի անի Սուլեյմանովան: Պարզվում է, նա պիտի զեկույց պատրաստի «օկուպացված տարածքներում մարդու իրավունքների խախտման» թեմայով: Իսկ ի՞նչ «փաստական նյութեր» է օգտագործելու Ադրբեջանի ՄԻՊ-խանումը: Բաքվում համոզված են, որ «հայկական մամուլի հրապարակումները բավարար նյութեր են պարունակում»:
Օրինակ, ըստ haqqin.az-ի, փաստը, որ ԼՂՀ-ից մեկնելու համար «մարդիկ պետք է ստանան ելքի վիզա, վկայում է, որ Լեռնային Ղարաբաղը համակենտրոնացման ճամբար է»:



Զավեշտ է, չէ՞: Եւ դա մի երկրում է ասվում, որտեղ գրող Աքրամ Այլիսլիին արգելել են մեկնել միջազգային գրական միջոցառման, որտեղ անցանկալիները կամ բանտում են, կամ՝ արտաքսված, որտեղ կառավարությունը հատուկ որոշում է ընդունում, թե շրջաններից ո՞ր ժամերին մարդիկ կարող են մուտք գործել Բաքու եւ՝ ինչքա՞ն ժամանակով…



Ալիեւի ռեժիմը դռնեդուռ ընկած՝ ճգնում է «մաքրել» ապրիլյան ագրեսիայի հետքերը: Իսկ մեզանում գտնվում են գերխելոք ռազմական փորձագետներ, որ ապրիլի 2-5-ի արյունալի պատերազմն անվանում են «հետախուզություն՝ մարտերով»…



Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ