Ադրբեջանն անցել է ամուր պաշտպանության

Ադրբեջանն անցել է ամուր պաշտպանության

 




Ցանկացած ռազմական իրադրության մեջ, ինչպիսի իրավիճակ էլ լինի, պիտի լսել հրամանատարին:



Ֆեսբուքյան գրառումներն էլ կարդանք, նրանց մեջ էլ շատ արժեքավոր բաներ կան, բայց համաձայնվեք, այնտեղ մարդկային գործոնն է աշխատում՝ իր ողջ հուզական դաշտով, որը երբեմն հանգեցնում է անհիմն ենթադրությունների, խուճապի: Բայց չմոռանանք, կան նաև գրառումներ, որոնք ուժ, ոգևորություն են հաղորդում, որոնք իրարանցման մեջ ներդաշնակություն են մտցնում: 



Առավոտ շուտ կարդում եմ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հարցազրույցը, նրանից մի հատված եմ մեջբերում, որպեսզի օրվա մեջ բոլորդ ունենաք ստաբիլ վիճակ.



«Ես կարող եմ միայն հաստատել, որ ԼՂՀ Պաշտպանության բանակը պատրաստ է իրադրության ցանկացած զարգացման, ցանկացած ուղղությամբ և ցանկացած պահի: Համենայնդեպս՝վերջին 20 տարվա ընթացքում ծավալման բնույթով Ադրբեջանի ԶՈԻ-ն առաջին անգամ ռազմական հռետորաբանությանն ու հոխորտանքներին զուգահեռ անցել է «ամուր պաշտպանության»:



Ադրբեջանն անցել է պաշտպանության: Սա արդեն նվաճում է: Իսկ թե ինչպես, որ կետում, ինչ միջոցներով, ամեն ինչ չէ, որ հրապարակման ենթակա է:



Հիշենք բոլորս, դեռևս հաղթանակի այնպիսի դեպք չի եղել, երբ հրամանատարին հայհոյելով, չլսելով, սեփական գործողություններով հաղթանակի հասնեն:



Ռազմական իրավիճակն ուրիշ է: Հենվենք մեր աղբյուրների վրա ու սեփական էմոցիաները դնենք մի կողմ: Զոհասեղանին բոլորիս երկիրն է:



Հասմիկ Բաբաջանյան