Ալիեւի խորհրդականը ոտքով դրել-չափե՞լ է. Ադմիրալ Սամվել

Ալիեւի խորհրդականը ոտքով դրել-չափե՞լ է. Ադմիրալ Սամվել

Ազատամարտիկ Սամվել Հովսեփյանը, որն առավել հայտնի է Ադմիրալ Սամվել անունով, ապրիլյան քառօրյա պատերազմից հետո մեկնեց Լեռնային Ղարաբաղ։ Պատերազմից հետո արմատական եւ կոշտ դիրքորոշմամբ աչքի ընկած Ադմիրալ Սամվելը այժմ կարծում է, որ հակառակորդի գրաված բլուրները մեր մեկ զինվորի ոտքը չարժեն։
«Եթե արտաքին քաղաքական իրավիճակը թույլ տա, ապա առանց կորուստների էլ կարող ենք այդ դիրքերը հետ բերել։ Իսկ նրանք, որոնք հայտարարում են դիրքերը հետ բերելու մասին, թող իրենք այդ օրերին գնային եւ հետ բերեին։ Չպետք է գնալ արկածախնդրության եւ դիմել քաղաքական շահարկումների»,-Hraparak.am-ի հետ զրույցում ասաց Սամվել Հովսեփյանը։ Նա հիշեցնում է, որ ԵԱՀԿ միջնորդները հղում են արել 1994-95թ.թ. հրադադարի մասին համաձայնագրերին, իսկ հայկական կողմն էլ չպետք է խախտի դրանք, ինչպես Ադրբեջանն է վարվում։ Լեռնային Ղարաբաղում անցկացրած ժամանակահատվածում Սամվել Հովսեփյանը հանդիպել է գնդապետների, որոնք շարքայինի պես կանգնել էին զինվորների կողքին։



Ինչ վերաբերում է ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի վերադարձին, ապա Ադմիրալ Սամվելի բնորոշմամբ՝ «ինքը ազգասեր, հերոս տղա է, որը մեծ ծառայություններ է մատուցել»։«Սամվել Բաբայանը եղել է հզոր հրամանատար, եւ այսօր ամպագոռգոռ հայտարարություններ անողները թող հիշեն այդ մասին»,- ասում է մեր զրուցակիցը։



Ադրբեջանի նախագահի խորհրդական Նովրուզ Մամեդովը հայտարարել է, որ 800 հեկտարը սուտ է, հայկական կողմը կորցրել է 2500-3000 հա։ «Ի՞նչ է, Ալիեւի խորհրդականը ոտքով դրել-չափե՞լ է, որ նման հայտարարություն է անում։ Մենք, որ ասում ենք 800 հա, դա էլ աչքաչափով ենք ասում, ստույգ չենք չափել»,- ադրբեջանական կողմին հակադարձում է Ադմիրալ Սամվելը։