Գուրգեն Արսենյանի որդին ստորագրությամբ ազատ է արձակվել

Գուրգեն Արսենյանի որդին ստորագրությամբ ազատ է արձակվել

«Հրապարակը» գրել էր, որ վերաքննիչ դատարանը մերժել էր ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդու՝ 21-ամյա Գուրգենի շահերը պաշտպանող Հայկ Ալումյանի, Էմին Խաչատրյանի և Արտակ Քոչարյանի բողոքն ընդդեմ իրենց պաշտպանյալի նկատմամբ կալանքի որոշման։



Հիշեցնենք, որ պատգամավորի որդին մեղադրվում էր խուլիգանության համար, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ։ Նա «Կրիստալ» գիշերային ակումբում ծեծկռտուքի էր մասնակցել։



Այսօր, սակայն, պարզ դարձավ, որ բավարարվել է Արսենյանի նկատմամբ՝ որպես խափանման միջոց կալանքը վերացնելու մասին պաշտպանների միջնորդությունը և պատգամավորի որդին ստորագրությամբ ազատ է արձակվել:



Այս կապակցությամբ պաշտպաններից Հայկ Ալումյանը նշել է, որ ազատ արձակելու համար հավանաբար դեր է խաղացել 3 հանգամանք:



«Ի վերջո պարզվեց, որ նա չի խուսափել կամովին ներկայանալուց, չնայած նրան, որ ընդհանուր տպավորություն էր, որ ինքը փորձել է փախչել, և նրան Բագրատաշենում բռնել են, բայց հետո մանրամասներով ներկայացրեցինք և պարզվեց, որ հակառակը՝ նա գնացել էր և տեսել է իր հետ կապված խնդիրներ կան և կամովին վերադարձել էր»,-ասել է Ալումյանը:



Բացի այդ, ըստ պաշտպանի, Արսենյանի որդին նախկինից եկած առողջական խնդիրներ ունի:Վերջապես նաև հակառակ կողմում կա անձ, ով ևս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, բայց այդ անձի նկատմամբ ի սկզբանե կալանավորում պլանավորված չի եղել և ստորագրությամբ ազատ է արձակվել:



«Անարդար է, որ նույն մեղադրանքով անձն այս կողմում կալանավորվել էր, իսկ մյուսը՝ ոչ»,- ընդգծել է փաստաբանը:



Հիշեցնենք, որ այս գործով մեղադրանք էր առաջադրվել 5 անձի: