Անչափ խանդոտ էր, ասում էր՝ չեմ կարող փոխվել. հուշ-երեկո` նվիրված Արամայիս Սահակյանի 80-ամյակին

Անչափ խանդոտ էր, ասում էր՝ չեմ կարող փոխվել. հուշ-երեկո` նվիրված Արամայիս Սահակյանի 80-ամյակին

Հասկանում ենք այս աշխարհի
Չարն ու բարին ամեն տեսակ,
Հասկանում ենք ուրիշներին,
Բայց մենք իրար չհասկացանք։



Այս, ինչպես նաև մի շարք բանաստեղծությունների, ասույթների հեղինակ է հայ գրող, երգիծաբան, բանաստեղծ, հրապարակախոս Արամայիս Սահակյանը։ Հունիսի 4-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կայացավ  հուշ-երեկո՝  նվիրված Արամայիս Սահակյանի ծննդյան 80-ամյա հոբելյանին:



Հոբելյանական միջոցառումը բացվեց ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանի խոսքով։ Այնուհետև հանդիսատեսին ցուցադրվեց Արամայիս Սահակյանի կյանքի, ստեղծագործական ուղու մասին պատմող կարճամետրաժ ֆիլմ: Հուշ-երեկոյին ներկա էին մշակույթի գործիչներ Մարտին Վարդազարյանը, Ռուբեն Մաթևոսյանը, Երվանդ Երզնկյանը, Ֆորշը, Նունե Եսայանը, Ավո Խալաթյանը և այլք։



Նրանցից յուրաքանչյուրը պատմում էր իր հիշողությունը՝ կապված Արամայիս Սահակյանի հետ: Երգերի կատարումներով հանդես եկան Ֆորշը, Ռուբեն Մաթևոսյանը, Արթուր Իսպիրյանը, Մարտին Վարդազարյանը, Նունե Եսայանը և Ավո Խալաթյանը։



Իր հիշողություններից պատմեց նաև Արամայիս Սահակյանի կինը՝ Աստղիկ Սահակյանը։ Նրա խոսքերով՝ ամուսինը մշտապես եղել է կնամեծար, իր կողքին, նրանք եղել են համակուրսեցիներ, և որոշ ժամանակ անց ամուսինը սիրահարվել է իրեն, երեք տարի ընկերություն են արել։ Ինչպես տիկին Աստղիկը նշեց, Արամայիս Սահակյանի միակ մեծ թերությունը անչափ խանդոտ բնավորությունն է եղել․ «Ասում էր՝ երբ զեփյուռը խաղում է մազերիդ հետ, ես խանդում եմ․ անչափ խանդոտ էր, միշտ ինձ ասում էր՝ չեմ կարող փոխվել»։



Հուշ-երեկոյին ներկա էին նաև ընկերները, հարազատ մարդիկ, նաև նրա արվեստը գնահատողներ: