Ես չեմ ուզում համաձայնել, որ համալսարաններում միայն ապահով խավի երեխաներ են սովորում. Լևոն Մկրտչյան

Ես չեմ ուզում համաձայնել, որ համալսարաններում միայն ապահով խավի երեխաներ են սովորում. Լևոն Մկրտչյան

Այսօր «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայի միասնական քննություններին հետեւելու նպատակով թիվ 170 ավագ դպրոց այցելած ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը պատասխանել է լրագրողների հարցերին: 



-Պարոն նախարար, Ձեր կարծիքով ինչպիսի՞ն է միասնական քննությունների կազմակերպվածությունը: Այն հնարավորություն տալի՞ս է ամբողջությամբ գիտելիքները դրսևորելու:



Ինքը նախ արդեն տարիների քննություն բռնած գործընթաց է, եթե ուշադրություն դարձնում եք՝ ընդհանուր հասարակական լարվածություն չկա, դա մի կողմից կախված է այս քննությունների ընթացակարգի խիստ մշակված լինելով և ընդունելության տեղերի հատկացմամբ. Ըստ էության միջին գիտելիք ունեցող ցանկացած երեխա, առանց հատուկ պատրաստվածության, հնարավորություն ունի իր ուսումը շարունակելու բուհերում: Բայց նաև ԳԹԿ-ի հետ ունենք որոշակի ծրագրեր, և հաջորդ քննական գործընթացում պետք է փորձենք մի քանի կարևոր սկզբունքային հարցեր լուծել:



-Մի քանի սկզբունքներ կնշե՞ք:



Իրարից առանձնացնենք 3 գործընթաց. Մեկը քննությունների ընթացակարգն է, որը ԳԹԿ-ն պետք է անի և տա քննական գնահատականը: Հիմա բոլորը կենտրոնացված են մեկտեղ՝ պետպատվերը, քննական գործընթացը և գնահատականը: Այս երեքը կենտրոնացված են թեստավորման կենտրոնում: Թեստավորման կենտրոնը պետք է իր գործընթացը իրականացնի և գնահատականներ տա, այնուհետև կենտրոնացնենք մեկ համակարգի մեջ պետական պատվերը և այդ պետական պատվերի մեջ շատ մեծ շեշտադրում անենք սոցիալապես անապահով շերտերի վրա, այսինքն՝ կրթաթոշակների մի զգալի մաս դնենք սոցիալապես անապահով շերտերի անվճար ուսուցման վրա և վերջինը՝ համալսարանները իրենք հաստատեն իրենց շեմերը և ըստ այդ շեմերի անցկացնեն մրցույթները:



-Արդյոք մտավախություն չկա՞, որ այնպիսի մասնագիտությունների դեպքում, ինչպիսին է բժշկական ոլորտը, ընդունվեն ցածր գիտելիքներով դիմորդներ:



Թեստային կենտրոնացված այս համակարգը ունի և առավելություններ և թերություններ. Մասնագիտական որակի իմաստով ավտոմատ ստուգումը չի տալիս այն հնարավորությունները, որը առաջավոր համալսարաններում անում են բանավոր քննության, էսսեների և այլնի միջոցով: Ինձ համար անհասկանալի է, թե ինչու է ֆիզիկայի ֆակուլտետում ուժեղացված խումբը վերացել կամ հարցազրույցով անցումը վերացել: Մի քանի ուղղություններ, որոնք մեր երկրի համար կարևոր են անպայման պետք է թույլատրել հարցազրույցների ներմուծումը և ուժեղացված խմբերի առաջացումը: Մինչև հունիսի վերջը կներկայացնենք մեր նախագիծը բարձրագույն կրթության օրենքի, որտեղ իսկապես նախարարության ֆունկցիաների կտրուկ բեռնաթափում է լինելու և համալսարանական պատասխանատվության և վստահության աճ: Համալսարանները պետք է վերցնեն պատասխանատվությունը, որպեսզի իրենցից հետո պահանջենք որակ:



-Ավագ դպրոցի երեխաները և ծնողները ասում են, որ առանց կրկնուսույցի մոտ հաճախելու չեն կարող բուհեր ընդունվել: Ավագ դպրոցներում ինչպիսի՞ փոփոխություններ են լինելու:



Մենք պետք է կարողանանք մինչև սեպտեմբեր առաջանահերթ քայլեր անել ավագ դպրոցի ուղղությամբ և այնուհետև մտածենք ընդհանուր չափորոշիչների կարգավորման ուղղությամբ: Ազգային կրթակարգ ստեղծելու անհրաժեշտություն կա. Որպեսզի մեր աշակերտները և ծնողները կարողանան այս խնդիրը լուծել, մենք նախատեսել եք միջոցառումների շարք, որը ուղղված է երկու հիմնական վեկտորով. Առաջինը մենք կփորձենք դարձնել 12-րդ դասարանը այնպիսին, որ երեխաները իրենց ընդունելության քննությունները հանձնեն ավելի շուտ, 12-րդ դասարանի ամբողջ երկրորդ կիսամյակը ուսուցիչները պետք է անեն այն, ինչ որ անում են կրկնուսույցները, պետք է պատրաստեն աշակերտին բուհ ընդունվելու: 12-րդ դասարանում բոլոր ավելորդ առարակները պետք է բեռնաթափվեն:



-Նախարարությունում ծախսերի կրճատում եղե՞լ է:



Զուտ նախարարության կառուցվածքում պետք է կարողանանք որոշակի փոփոխություններ անել, եթե կան օղակներ, որոնք ուռճացված են, իսկ դրանք կան, պետք է դրանք օպտիմալացվեն այն իմաստով, որ կարողանանք ճիշտ ուղղությունները որոշել:



-Սեյրան Օհանյանը հայտարարել էր, որ սոցիալապես անապահով վիճակում գտնվող ընտանիքների երեխաներն են առաջնագծում, քանի որ ապահովածների երեխաները սովորում են բուհերում: Ի՞նչ քայել է ձեռնարկում նախարարությունը այս հարցը լուծելու համար:



Դա էի ես ասում, որ պետությունը պետք է սոցիալապես ապահովի այդ անապահով երեխաների ընտանիքներին: Բայց ես չեմ ուզում համաձայնել, որ համալսարաններում միայն ապահով խավի երեխաներ են սովորում: