Մանկապարտեզի տնօրենը քաղաքապետի դեմ հայց է ներկայացրել

Մանկապարտեզի տնօրենը քաղաքապետի դեմ հայց է ներկայացրել

Մասիս քաղաքի թիվ 1 մանկապարտեզի տնօրեն Աննա Սարգսյանը ահազանգել էր մեր խմբագրություն` հայտնելով, որ արդեն երկրորդ ամիսն է, ինչ մանկապարտեզի աշխատակիցները աշխատավարձ չեն ստանում, պատճառն էլ գործող քաղաքապետ Սաշիկ Հակոբյանի պահվածքն է, ով, ըստ տնօրենի, ստեղծում է ինտրիգներ, խոչընդոտում մանկապարտեզի գործունեությանը: 



Պարզվում է՝ քաղաքապետի և տնօրենի կռիվը հին է, «շատ ջուր է քաշել»: Մանկապարտեզի տնօրեն Աննա Սարգսյանը վստահեցնում է, որ  իրենց միջև ստեղծված հակամարտության մեղավորը քաղաքապետն է. «Քաղաքապետը մորս հետ տարաձայնություններ է ունենում՝ կապված քաղաքային լճի կանաչ գոտին օտարելու, անհատ քաղաքացիներին բաժանելու հետ, մայրս քաղաքի նկատմամբ սրտացավ է, այդպես հակամարտություն իրար ետևից, ես դառնում եմ այդ ամենի զոհը: Մի կիրակի նրանք վեճ են ունենում, և Սաշա Հակոբյանը ապօրինի կերպով ձևավորում է հանձնաժողով՝ բոլոր մանկապարտեզները ստուգելու համար: Բայց նպատակը մեկն է՝ ինձ նկատողություն տալու հիմքեր պատրաստել»:



Տնօրենը պնդում է, որ իր նկատմամբ հետապնդումները և ճնշումները չեն դադարում: Քաղաքապետի կողմից ձևավորած հանձնաժողովը պարբերաբար այցելել է մանկապարտեզ, փորձել կեղտոտ ջրում ձուկ որսալ, իսկ հանձնաժողովի կազմում ոլորտից չհասկացող մարդիկ են ընդգրկվել՝ տնտեսվարող, գերեզմանային տարածքի հողային մասերը բաժանող: Աննա Սարգսյանն արդեն հայց է ներկայացրել Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ Սաշիկ Հակոբյանի՝ վիճարկելով իրեն տրված 2 նկատողությունները: «Քաղաքապետը ձևական հիմքեր է ստեղծել, ձևավորել է անօրինական մի մարմին, որը կամայական ստուգումներ է իրականացրել: Այս ամենից բացի, նա մանկապարտեզի կնիքն առգրավելու նպատակով դիմել է ոստիկանությանը, պարբերաբար փորձել է պարզել, թե արդյո՞ք Աննա Սարգսյանը հիվանդանոցում է գտնվում և իսկապե՞ս հիվանդ է»: Տնօրենը նաև նշեց, որ ինքն այժմ ամբուլատոր բուժման մեջ է. Իսկ մանկապատեզի աշխատակիցներին քաղաքապետը ստիպում է բողոք ներկայացնել իր դեմ:



Պարզաբանում ստանալու համար դիմեցինք քաղաքապետ Սաշիկ Հակոբյանին. վերջինս իր խոսքում նշեց, որ մանկապարտեզի տնօրենը տարիներ ի վեր չարաշահել է իր պաշտոնական դիրքը, ընդունել է սահմանված թվից ավելի երեխաներ և դրա դիմաց ստացել կանխիկ գումար. «Պետք է մանկապարտեզում լինի 70 հոգի երեխա, 2 խմբում՝ 25, իսկ մեկ խմբում 20 երեխա, բայց նա ամեն խմբում ընդունել է 35-38 երեխա»։
Մանկապարտեզի աշխատակիցների աշխատավարձ չստանալու պատճառը քաղաքապետը բացատրում է նրանով, որ նոր պաշտոնակատարը լիազորված չէ դեռ իր պարտականություններում, հրաման պետք է լինի, որ բանկի միջոցով աշխատավարձերը տրամադրվի։ Քաղաքապետը նաև նշեց, որ Աննա Սարգսյանն այժմ գտնվում է աշխատանքային արձակուրդում. «Գտնվում է հիվանդանոցում, սկզբում Մասիսի հիվանդանոցում է եղել արյան ճնշումով, հետո տեղափոխվել է «Էրեբունի» հիվանդանոց՝ սրտի հետ կապված հարցերով»։ Քաղաքապետը չգիտի, թե երբ է վերջանալու Աննա Սարգսյանի արձակուրդը, բայց անպայման նրա դեմ բողոք է ներկայացնելու պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ։ Նրա խոսքերով՝ ինքն ունի բոլոր փաստաթղթերը, որոնք ապացուցում են Աննա Սարգսյանի մեղավորությունը։