Սերգո Կարապետյանը` այս տարվա բերքի, կարկտահարության եւ փոխնախարարների կրճատվելու մասին

Սերգո Կարապետյանը` այս տարվա բերքի, կարկտահարության եւ փոխնախարարների կրճատվելու մասին

Այսօր գյուղմթերքի շուկայի բացման արարողությանը հետևելու նպատակով Կասյան փողոց այցելած ՀՀ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը պատասխանեց լրագրողների հարցերին։



-Այս տարի կարծես ուշացավ գյուղատնտեսական շուկաների բացումը, ի՞նչն էր պատճառը, գո՞հ եք առաջին արդյունքից։



Չի ուշացել, մենք սպասում էինք, որ տեսականին մի քիչ ավելանա, անցյալ տարում էլ նույն ժամանակում ենք բացել, և ես պետք է ասեմ, որ արդեն 6-րդ տարին է՝ տոնավաճառները կազմակերպվում են։ Սա նոր մշակույթ է մեր առևտրի համար, որովհետև գյուղացիական տնտեսությունները տարիներ շարունակ զրկված էին շուկաներում սեփական ապրանքները վաճառելուց, հիմա արդեն տեսնում եք, որ սովորել են, արտադրողը անձամբ վաճառում է և քաղաքացու հետ երկխոսության մեջ է մտնում, շփվում են միմյանց հետ, գներն ավելի մատչելի են և սակարկման դեպքում իջեցվում են գները, այնպես որ, այս ամենը շատ կարևոր է, սա պետք է զարգանա, քանի որ բոլոր քաղաքակիրթ երկրներում այսպիսի տոնավաճառներ կան։ Ավելին՝ մենք ուզում ենք նաև մսամթերք վաճառել, սակայն դրա համար պայմաններ չունենք, բայց դրան էլ ենք հասնելու։



-Մյուս վարչական շրջաններում նման շուկաներ լինելո՞ւ են։



Պահանջարկի դեպքում երկրորդը կբացվի, մոտ 20-25 օր հետո մենք կբացենք այսպիսի շուկա Մաշտոցի պողոտայի հարակից տարածքում, ինչպես անցյալ և նախանցյալ տարիներին։ Եթե անհրաժեշտություն լինի, երրորդ տեղն էլ կբացենք, բայց առայժմ դրա անհրաժեշտությունը չկա։



-Քաղաքացիները կարծես գներից բողոքեցին։



Ես գներից տեղեկանում եմ, քաղաքացիներից հարցնում եմ, մեծամասամբ գոհ են, իհարկե դժգոհող մարդիկ էլ կան, այդ գինը ոչ ոք չի սահմանել, պետք է սակարկությունների արդյունքում գինը ձևավորվի։ Վաճառողը ուզում է մի քիչ թանկ վաճառել, գնորդն էլ ուզում է էժան գնել։



-Պարոն նախարար, կարկտահարության և ցրտահարության պատճառով բերքը ինչպիսի՞ն է լինելու։



Այս տարի ցրտահարությունը այդքան սաստիկ չի եղել, մի քանի տեղերում է եղել։ Կարկտահարություն ապրիլի վերջերին, մայիսի 4-ին, 5-ին է եղել։ Վնասներ իհարկե կան, կարկուտը ամեն տարի լինում է, սրանից խուսափել չենք կարող, բայց մենք պայքար կազմակերպում ենք դրա դեմ, ռիսկերը նվազեցնելու համար 500-ի կարգի հակակարկտային կայաններ են տեղակայված, որոնք աշխատում են հիմնականում Արարատյան դաշտավայրում։ Կորուստներ եղել են, բայց ոչ այնքան, ինչքան անցած տարիներին։ Հիմա մեր մասնագետները կարկտահարված տարածքներում ուսումնասիրություններ են կատարում, միառժամանակ հետո կարող ենք գնահատական տալ, թե կորուստները ինչքան են կազմում։ Մոտավորապես 5000 հեկտար վնասվել է, որից 1500 հա պտղատու այգիներ են եղել, 1100-ը՝ խաղողի, 880-ը՝ բանջարանոցային, 400 հա ՝ բոստանային մշակաբույսեր։



-1000 դրամից էժա՞ն ծիրան կգնենք այս տարի։



Իհարկե, եթե հիմա 1000 դրամ են վաճառում, երբ նոր է սկսվել, մի քանի օր հետո գինը իջնելու է։ Մի քանի օր առաջ 2000-3000 դրամ էր, իսկ հիմա 800-ով էլ ծիրան կա։ Բավականին ծիրանի քանակ ունենք այս տարի։



-Գյուղատնտեսական վարկերի մասով ի՞նչ պատկեր է։



Վարկերի մասով մենք արդեն մարզպետարաններից ցուցակները վաղը կամ մյուս օրը կստանանք։ Կարկտահարությունից հետո վարչապետը եղավ Արմավիրի մարզի մի քանի համայնքներում, այսօրվա վիճակով այնտեղ տեղադրում են ընդհանուր 12 հակակարկտային կայան, նա հանձնարարական տվեց, որ կարկտահարությունից տուժած քաղաքացիների անունները դուրս հավեն, որպեսզի նրանց վարկերի հետաձգում լինի, մինչև բերքահավաքը։



-Քացրաշենցիների խաղողի գումարների մասով, ե՞րբ են վճարվելու պարտքերը։



Քաղցրաշենցիների պարտքը կարելի է ասել 90 տոկոսով վճարված է, գործընթացը շարունակվում է։



-Պարոն նախարար, այս օպտիմալացումը կարելի է ասել ամենաբացասականը անդրադարձավ գյուղնախարարության վրա, 3 փոխնախարար կրճատվեց, ի՞նչ է արվելու, որպեսզի ոլորտը չտուժի։



Խնդրում եմ չանհանգստանաք, ոլորտը չի տուժել, չի էլ տուժելու, որովհետև մյուս փոխնախարարներն էլ են մասնագետներ, սերնդափոխություն պետք է լինի, պետական պաշտոնյային եթե նշանակում են, հնարավոր է, որ միաժամանակ հետո ազատեն աշխատանքից, հավիտենական ոչինչ չկա: Այնպես որ, կյանքը շարունակվում է, երիտասարդ կադրերին պետք է նախապատվությունը տանք եւ երիտասարդները պետք է աճեն, պետք է վստահենք և ընդհանրապես բոլոր ոլորտներում պետք է սերնդափոխություն լինի։