Մենք եւ իրականությունը

Մենք եւ իրականությունը

Ֆեյսբուքում չես կողմնորոշվի՝ ո՞վ է քեզ «ընկեր», ո՞վ՝ ոչ: «Սերգեյ Գասպարով»՝ այսպես է ներկայացել Նա, ես հավատացել եմ, որ Ինքը «ֆեյք» չէ:



-Ո՞վ եք դու,- հարցնում եմ:



- Հայ եմ, ապրում եմ Տաշքենդում,- պատասխանում է:



Ասում եմ. «Իսկ ինչու՞ եք ուզում, որ մենք ընկեր լինենք»:



Պատասխանում է. «Ձեր հոդվածներն եմ կարդում, հաճելի է ծանոթ լինել»:



Գուցե այդպես է, գուցե՝ ոչ: Հայի հետաքրքասիրությամբ հարցնում եմ. «Ձեր ծնողները Ղարաբաղի՞ց են»:



-Ոչ, - ասում է,- նրանք Ռուսաստանում են ծնվել, մեր նախնիները Թուրքիայից են, բայց որտեղի՞ց՝ չգիտեմ:



Հավատում եւ անցնում եմ առաջ: Նա պատմում է, որ 42 տարեկան է, ինստիտուտն ավարտել է որպես ճանապարհաշինարար, բայց հիմա «պետական ծառայող է», ստանում է 600 դոլարի սահմաններում աշխատավարձ, Ուզբեկստանում, փառք աստծո, ազգային հողի վրա խտրականություն չկա…



Ասում եմ՝ հավատում եմ, խնդիր չկա: Ինչպես ռուսներեն են ասում՝ Ташкент ьлебный город,- ուզում եմ բարեմաղթանքներս հղել, հանկարծ կտրում է.



-Իսկ դուք էդտեղ ինչքա՞ն կդիմանաք:



Ամենաչուզած հարցը: Բայց եթե դու Տաշքենդում ռուսաստանցի ծնողների զավակ Գասպարով ես, ում նախնիներն «ինչ-որ տեղ Թուրքիայից են եկել» եւ հետեւում ես ռուսալեզու մամուլին, իրոք պիտի զարմանաս.



-Էդտեղ դուք ի՞նչ եք անում…



Ի՞նչ ասես: Ի՞նչ բացատրես… Եթե անգամ ինքը չէ, տաշքենդցի մի «թուրք» է կամ ՝ «ռուս», միեւնույն է՝ մեզնից դուրս աշխարհի հայացքով հարցը տրամաբանական է, որովհետեւ մեր կեցությունը ոչ մի օրինաչափության չի տրվում՝ դրսի հայացքով:



-Ես Ձեզ հրավիրում եմ Ստեփանակերտ,- գրում եմ:



-Բայց ի՞նչ իմաստ ունի,- պատասխանում է:



Ասում եմ. «Ի վերջո, սա պատմական հայրենիք է»:



Գրում է. «Պատմությունն, առհասարակ, ամենակեղծ գիտությունն է… Առավելագույնը, որ հիշվում է, 100 տարին է, դրանից ինչքան խորանաս՝ սկսվում են փոխադարձ մեղադրանքները»:



…5-րդ դարում Հայոց այրուձին Պարսից բանակի կազմում պատերազմ էր մղում Քուշանաց թագավորության դեմ: Քուշանքը Կասպից ծովի արեւելքն է: «Ուզբեկներն ասում են, որ մինչեւ թաթար-մոնղոլների արշավանքն իրենք բարձրահասակ, շիկահեր եւ կապուտաչյա էին»,- Տաշքենդից ասում է ֆեյսբուքյան ընկեր Սերգեյ Գասպարովը:



Մենք ինչու՞ էինք քուշանների հետ կենաց-մահու կռիվ մղում:



Մենք ինչքա՞ն ենք դիմանալու:



«Մի քանի դար մենք դեռ կապրենք»,- գրում եմ Սերգեյ Գասպարովին:



-Տա Աստված, տա Աստված,- ձեռք թափ տալու նման պատասխանում է:



Իսկ գուցե մեզ նայենք նաեւ դրսի աչքերո՞վ…



Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ