Վարչապետի ասածը բանի տեղ չե՞ն դրել

Վարչապետի ասածը բանի տեղ չե՞ն դրել

Մասիս քաղաքն աչքի է ընկնում միայն իրեն հատուկ «ճարտարապետական մոտիվներով», որոնց շուրջ որքան մտածում ես եւ փորձում որեւէ տրամաբանություն գտնել, չի ստացվում: Յուրաքանչյուր քաղաք ունի իր կենտրոնը, որը հիմնականում տվյալ քաղաքի հրապարակն է: Բայց Մասիսի կենտրոնն ամեն ինչ է, բացի հրապարակից. էլ ավտոկայան, էլ տաքսիների կանգառ, էլ առեւտրի տաղավարների կենտրոն, էլ, ինչպես տաքսիստներն են ասում՝ «պերերիվ անելու տեղ»: Հրապարակ կոչվածն ուղղակի խեղդված է սրանց մեջ, ավելի ճիշտ է այն կոչել գյուղամեջ: Կառույցները չունեն ոչ համաչափություն, ոչ էլ որեւէ շինարարական ընդհանուր ոճ: Դրանց բարձրությունից ու մեծությունից կարելի է միայն ենթադրել, թե տվյալ կառույցի տերն ինչ դիրքի ու պաշտոնի է: Հարկ է նշել, որ դրանք ոչ միայն քաղաքային հրապարակն են խեղաթյուրում, այլեւ դրանց մի մասը ետնամասից կառուցվել է հենց քաղաքային լճի ափի պատի վրա, զրկելով լիճն իր ափամերձ տարածքներից, իսկ բնակիչներին՝ լճափին հանգստանալու հնարավորությունից:



Մասիսում տեղ-տեղ չեն տարբերվում փողոցն ու մայթը, քանի որ վերջիններս բացակայում են: Բավական է իմանալ, թե ովքեր են այդ կառույցների տերերը, պարզ է դառնում, թե ինչով է պայմանավորված նման ամենաթողությունը: Բնականաբար, դրանք շարքային բանվորագյուղացիական դասի ներկայացուցիչներ չեն, այլ՝ քաղաքի ու մարզի հզորները, որոնք իրենց կառույցները գրանցել են մերձավորների անուններով. նախկին փոխքաղաքապետ Կարո Օհանյանը, ներկայիս քաղաքապետ Սաշա Հակոբյանի եղբորորդին, Մասիսի փոխոստիկանապետ Զորիկ Թազայանը (ունի երկու հսկայական կառույց. մեկը՝ հրապարակում, մյուսը՝ մի փոքր հեռու), Արտակ Փահլեւանյանը, որի եղբայրը ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնյա է, Սասուն Աբաղյանը՝ ՀՀ ՊԵԿ-ի նախկին պաշտոնյա, ԱԺ պատգամավոր ԲՀԿ-ական Տիգրան Ստեփանյանը (թեեւ ասում են, որ ԲՀԿ-ի գահընկեցության օրերին այնքան ընկան ԲՀԿ-ական պատգամավորի կառույցի ետեւից, որ նա հիասթափվել է ու գործը կիսատ թողել): Շատ կառույցների տերեր վարչապետ Հովիկ Աբրահամյանի համագյուղացիներն են՝ մխչյանցիներ: Այն, որ յուրաքանչյուր նոր կառուցվող շինություն աշխատատեղերի խնդիր կարող է լուծել, հասկանալի է, բայց տվյալ դեպքում գրեթե բոլոր կառույցների վրա գրված է, որ տրվում են վարձով կամ արդեն տրված են վարձով: Հրապարակին մի քիչ պարզերես կանի քաղաքապետարանի դիմացի պուրակը, որը մինչեւ վերջերս շատ հեռու էր պուրակ կոչվելու պատվից, քանի որ քարուքանդ ու անբարեկարգ էր: Բայց Վարդանյաններն արդեն տասը տարուց ավել կառուցվող եկեղեցու հետ այս պուրակն էլ են վերանորոգում, եւ սեպտեմբերին եկեղեցու հետ կլինի նաեւ պուրակի բացման արարողությունը:



Բնակիչներն ասում են, որ Մասիսում գրեթե ոչ մի թիզ հող «առաջին ձեռքից»՝ աճուրդով, հնարավոր չի եղել գնել, քանի որ ժամանակին դրանք բոլորն իրենով է արել քաղաքապետ Հակոբյանը՝ իր եղբայրների հետ, տարբեր մարդկանց անուններով, հետո թանկ գնով վերավաճառել:



Քաղաքի ճարտարապետության գլուխգործոցներից է Մասիսի թիվ հինգ ավագ դպրոցի բակում կառուցված «краз, камаз, трактор» ցուցանակով շինարարական «համալիրը», որի դեմ անցած տարի բողոքում էին դպրոցի սաների ծնողները, որոնք պատմում են, որ վարչապետի այցելության ժամանակ մոտեցել են եւ անձամբ վարչապետին ներկայացրել իրենց բողոքն այդ կառույցի դեմ՝ ասելով, որ դա դպրոցի բակին հարիր չէ եւ երեխաների համար խիստ վտանգավոր, քանի որ այստեղ շատ է մեքենաների ելումուտը: Վարչապետը, տեսնելով այն, կարգադրել է՝ վաղվանից քանդել, ասելով, որ շատ սխալ բան է արված, չի կարելի, անթույլատրելի է: Բայց, ինչպես երեւում է, ոչինչ էլ չի քանդվել: Այստեղից կարելի է մի հետեւություն անել, որ կամ քաղաքապետարանը վարչապետի ասածը բանի տեղ չի դրել, կամ էլ վարչապետն իմացել է, որ կառույցի տերն իր հովանավորյալ քաղաքապետ Սաշիկ Հակոբյանն է, ասել է. «Դե, բան էր՝ ասեցի, թող մնա», այսինքն՝ Նաջարյանի նման, մարդկանց մոտ մի բան է ասել ու հետո տրորել քաղաքապետի ոչ սախաթ ոտքը:



Նաիրա ՎԱՆՅԱՆ