Եվրոպան կշեղի ուշադրությունը Ռուսաստանի տնօրինության տակ գտնվող տարածքներից

Եվրոպան կշեղի ուշադրությունը Ռուսաստանի տնօրինության տակ գտնվող տարածքներից

Քիչ առաջ Բրյուսելում ավարտվեց Եվրախորհրդարանի արտակարգ նիստը։ Ինչպես և սպասվում էր, եվրոպական երկրների պատվիրակները քվեարկեցին Մեծ Բրիտանիային արագընթաց կարգով ԵՄ-ից դուրս անելու օգտին։ Օրվա սկանդալը Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի մեղադրանքն էր՝ Անգլիայի «Անկախության կուսակցության» ղեկավար Նայջել Ֆարաջի հասցեին հնչեցրած։ Նա վերջինիս մեղադրեց ֆաշիստական քարոզչություն իրականացնելու համար և հարց տվեց․ «Եթե բրիտանացիները քվեարկել են դուրս գալու համար, ապա ինչո՞ւ եք դուք դեռ այստեղ»։ Անգլիայի և ԵՄ-ի ապահարզանի վերաբերյալ լսեցինք քաղաքագետ Աղասի Ենոքյանին, ով հետևել է վերջին իրադարձություններին։



- Ինչո՞ւ են եվրոպացիք ուզում, որ Անգլիան արագ դուրս գա միությունից։



- Որովհետև այս անորոշ վիճակը լուրջ ազդեցություն է թողնում եվրոպական տնտեսության, կարծեմ՝ նաև Մեծ Բրիտանիայի տնտեսության վրա։ Այսօր պարզ դարձավ, որ Անգլիայի վստահելիության ինդեքսը արդեն մեկ կետով իջել է։ Եթե այսպես շարունակվի, ապա դա կանդրադառնա նաև ԵՄ-ի վրա։ Այս առումով, իհարկե, Անգլիայի արագ դուրս գալը շատ էական է։ Այդ դեպքում Եվրոպան ավելի քիչ կորուստ կունենա։



- Ինչի՞ հետևանք էր սա։



- Սա հետևանք էր եվրոպական պոպուլիզմի, այն, որ քաղաքական կուսակցությունները, իրական օրակարգ չունենալով, փորձում են ազգայնականության վրա խաղալ, իրենց ազգայնական պոպուլիստական քարտը առաջ տանել։ Մենք դրան ականատես ենք եղել և Շոտլանդիայի անկախության հանրաքվեի ժամանակ (2014 թվականի սեպտեմբերի 18-ին Շոտլանդիայի բնակչության մեծ մասը դեմ արտահայտվեց անկախությանը – Ս․Ս․), և Կատալոնիայի անկախության հանրաքվեի նախապատրաստության ժամանակ (այն նախատեսված էր 2014 թվականի սեպտեմբերի 27-ին, բայց Իսպանիայի իշխանությունը այն համարեց հակասահմանադրական – Ս․Ս․)։ Եւ հիմա մենք այս նույնը տեսանք Անգլիայի դեպքում։ Այսօր Յունկերը մեղադրեց անկախականների առաջնորդ Ֆարաջին, որ նա քարոզչական արշավի ընթացքում բերել է կեղծ փաստարկներ։ Այդ փաստարկները՝ դուրս գալու օգտին, իհարկե, բավականին թույլ են, բայց հիմնականն այն է, որ քաղաքական գործիչները փորձում են քաղաքական կարիերա անել՝ օգտագործելով մարդկանց ամենապարզունակ ու լուրջ զգացմունքը՝ ազգայնականությունը։ Նույնը մենք այսօր ԱՄՆ-ում ենք տեսնում՝ Բերնի Սանդերսի կամ Դոնալդ Թրամփի լոզունգները շատ բանով չեն տարբերվում։



- 52 տոկոսի մեջ, ովքեր Մեծ Բրիտանիայի ԵՄ-ից դուրս գալու կողմնակից էին, շոտլանդացիներն ու հյուսիսային իռլանդացինե՞րն են շատ։



- Ոչ, ես այսօր նայում էի քարտեզը ու տեսա, որ հիմնականում կողմ են քվեարկել գյուղական վայրերի, բանվորական շրջանների բնակիչները։ Եթե հիմնական խնդիրը անօրինական միգրանտներն էին, ապա այդ մասերում նույնիսկ միգրանտները շատ չեն։ Միգրանտները շատ են, օրինակ, Լոնդոնում, որը քվեարկել է ԵՄ-ում մնալու օգտին։ Այսինքն, սա պարզ մարդկանց պարզ զգացմունքների վրա խաղ էր։ Ի վերջո, քարոզչությունը անօրինական միգրանտների շուրջ է եղել, և պատահական չէր, որ այսօր Յունկերը անկախականների առաջնորդ Ֆարաջին մեղադրեց նացիստական մեթոդներ կիրառելու մեջ։



-Հայաստանի նկատմամբ Եվրոպայի քաղաքականության վրա այս գործընթացն ի՞նչ ազդեցություն է ունենալու, Ձեր կարծիքով։



- Կազդի հետևյալ կերպ։ Առաջինը՝ ԵՄ-ն կսկսի միասնականության ավելի կոշտ քաղաքականութուն վարել, և սա կբարդացնի Հայաստանի հավանական մուտքը Եվրամիություն։ Եւ երկրորդը՝ Եվրոպան որոշ ժամանակ շատ զբաղված կլինի այս խնդրով, և որոշ ժամանակ նրա ուշադրությունը այն տարածքներից, որտեղ որ Ռուսաստանն է տնօրինություն անում, այդ թվում նաև՝ Ղարաբաղից, կշեղվի։ Չնայած հաստատ չի կարելի ասել, քանի որ Գերմանիայի արտգործնախարարի վաղվա այցը նշանակում է, որ անգամ այս լարված իրավիճակում ԵՄ երկրները չեն մոռանում իրենց առաքելության մասին։



-ԱՄՆ-ին ձեռնտո՞ւ էր այն, ինչ կատարվեց։



-Տնտեսական և քաղաքական առումով այս ամենի հետևանքը կլինի Միացյալ Նահանգների դերի ուժեղացումը Եվրոպայում։ ԱՄՆ-ն չափազանց մեծ ազդեցություն ձեռք կբերի այստեղ: Ինչքան Եվրոպան ավելի թույլ լինի, այնքան ԱՄՆ-ն ավելի ուժեղ կլինի տարածաշրջանում։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ