Վերին Լարսը կբացվի, իսկ տաքսիները՝ կփակվեն

Վերին Լարսը կբացվի, իսկ տաքսիները՝ կփակվեն

Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն այսօր կառավարության նիստից հետո որոշեց լրագրողների մոտով իջնել, ինչը նա սովորաբար չի անում։ Հավանաբար, ուզում էր անձամբ տղեկացնել, որ Վերին Լարսի անցակետի բացման ուղղությամբ աշխատում են, և որ ճանապարհը կբացվի 10-14 օրից։



Հիշեցնենք, որ Թերեք գետի մակարդակի բարձրացման հետևանքով Վերին Լարսի անցակետը ժամանակավոր փակվել էր: Գագիկ Բեգլարյանը հայտնեց, որ տեղում ամենօրյա ռեժիմով աշխատում են Վրաստանի ու Ռուսաստանի գործընկերների հետ։



«Ռուսական կողմը օգնեց ժողովրդին ինքնաթիռով տեղափոխելու հարցում, աշխատանքները ընթանում են, ջրի հունը, որ ճանապարհով էր գնում, վրացական իշխանություններին հաջողվել է  փոխել, և հիմա աշխատանքներ են տարվում ջուրը ճանապարհից հեռացնելու ուղղությամբ»։ Բեգլարյանը նաև հիշեցրեց այլընտրանքային ճանապարհ ունենալու վերաբերյալ վրացիների և ռուսների հետ վարվող բանակցությունների մասին։ Վրաստանի հետ բանակցություններն ընթանում են Հարավային Օսիայով անցնող ճանապարհի շուրջ, սակայն նախարարը համարում է, որ հայակական կողմի հույսն այստեղ 50/50 է, քանի որ Հարավային Օսիան և Վրաստանն ունեն լուրջ քաղաքական խնդիրներ։ «Նաև ռուսական կողմի հետ ենք բանակցում: Ես համոզված եմ, որ մենք կունենանք բացի Լարսից ևս մեկ այլընտրանքային ճանապարհ՝ Հարավային Օսիայով»։



«Յանդեքս» տաքսու վերաբերյալ տաքսիստների դժգոհություններից նա տեղյակ էր։ «Նախարարությունը պետք է հորդորի «Յանդեքս» կազմակերպությանը պայմանագրեր կնքել այն կազմակերպությունների հետ, որոնք ունեն լիցենզիանր։ «Մենք այսօր ունենք լիցենզիաներ ունեցող 10 հազար տաքսի, և մնացածի հետ էլ պետք է աշխատենք, որ նրանք էլ լիցենզիա ունենան»։ Տաքսիստները, սակայն, որոնք հավաքված էին կառավարության շենքի մոտ, չէն հավատում նախարարի խոստումներին։ «Հիմա որ սկսեք օգտվել այդ 50 դրամանոց տաքսիներից, խնդրում եմ, թող ձեզ ցույց տան լիցենզիան», - ասում էին նրանք լրագրողներին։ «Այդ գինը՝ կիլոմետրը 50 դրամ, անհնարր թիվ է։ Միառժամանակ տենց կաշխատեն, բոլոր տաքսիներին կսնանկացնեն, հետո միանգամից գները կբաձրանան 100 դրամից էլ բարձր կլինի կիլոմետրը», - ասում էին տաքսու վարորդները։



Նրանց կանխատեսումներն այնքան էլ հեռու չեն իրականությունից։ Հիշենք, որ նման գործընթացքներ, երբ հանկարծ շուկայում հայտնվում է նոր մենաշնորհ ու սնանկացնում է բոլորին, նախկինում էլ եղել են; 2010 թվականին, երբ Երևանում հասարակ հավկիթի գինը 40 դրամ էր, խոշոր ընկերություններից մեկը՝ «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկան» դեմպինգ կիրառեց, և ձվի գինը իջավ մինչև 20-30 դրամ։ Այն ժամանակ ՏՄՊՊՀ-ին հայտարարեց, որ դեմպինգ չկա, ամեն ինչ նորմալ է, սակայն փոքր տնտեսությունները սնանկանում էին։ Մի քանի ամսից նույն թռչնաֆաբրիկան և այն խոշոր գործարարները, որոնց հաջողվել էր մի կերպ մնալ ջրի երեսին, կրկին բարձրացրեցին գները, և հիմա Երևանում 40 դրամանոց ձու էլ չկա։



Սյուզան Սիմոնյան