ՊԵԿ-ում պատրաստվում են Գագիկ Խաչատրյանի դեմ պատերազմի

ՊԵԿ-ում պատրաստվում են Գագիկ Խաչատրյանի դեմ պատերազմի

Տարօրինակ վերադասավորումներ են տեղի ունենում Պետեկամուտների կոմիտեում: Տպավորություն է, որ այնտեղ որոշ պաշտոններ զբաղեցնելու համար մեղր են բաժանում։ Հատուկ հանձնարարությունների բաժնի պետ Արթուր Անտոնյանը, որն անցյալ տարվա դեկտեմբերին ազատվել էր ՀՀ ՖՆ կազմակերպական եւ հսկողական վարչության հատուկ հանձնարարությունների բաժնի պետի պաշտոնից, վերականգնվել է նույն պաշտոնում, իսկ նրա տեղն զբաղեցրած Կարեն Համբարձումյանն ազատման դիմում է գրել։ Դեռ գարնանը, ՊԵԿ-ի եւ ֆիննախի առանձնացման շրջանում, մենք կանխատեսել էինք, որ Կարեն Համբարձումյանին ՊԵԿ-ում չեն պահելու, քանի որ նա ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի մարդկանցից է, ավելի ճիշտ՝ նրա եղբորորդու՝ ներքին անվտանգության բաժնի պետ Կարեն Խաչատրյանի մտերիմներից։ Բայց որ այս աթոռը կրկին կտան Արթուր Անտոնյանին, սա անակնկալ էր շատերի համար։ Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ նա համակարգից հեռացվել էր ինչ-որ չարաշահումների պատճառով։ Պաշտոնապես հայտարարվում էր, որ Անտոնյանն ինքն է ցանկացել հեռանալ՝ «սեփական դիմումի համաձայն»։ Մեկ այլ վարկածով, որ շրջանառում են մեր ՊԵԿ աղբյուրները, անցյալ տարի Անտոնյանին փորձել էին բանսարկել, նրա դեմ գործ սարքել, նրա տեղը՝ հատուկ հանձնարարությունների բաժնի պետի պաշտոնն ազատելու եւ Գագիկ Խաչատրյանի մարդուն նշանակելու համար։ Մարդը նշանակվեց, բայց գնաց Խաչատրյանը, իսկ Անտոնյանն այս ընթացքում ամեն ինչ արեց նույն պաշտոնին վերադառնալու համար։



Մենք դիմեցինք ՊԵԿ տեղեկատվության կապերի բաժին՝ լուրը ճշտելու, եւ պարզեցինք Կարեն Համբարձումյանի հեռացման պատճառը. նա ապրիլի 2-ին նշանակվել էր ՀՀ ՖՆ կազմակերպական եւ հսկողական վարչության հատուկ հանձնարարությունների բաժնի պետ, «երեք ամիս փորձաշրջանով»: «ՊԵԿ վերակազմավորումից հետո ֆինանսների նախարարի հրամանով Կարեն Համբարձումյանն ապրիլի 2-ին ազատվել է պաշտոնից` սեփական դիմումի համաձայն: 2016թ. հունիսի 15-ին ՊԵԿ նախագահի հրամանով Արթուր Անտոնյանը նշանակվել է մինչ այդ թափուր մնացած պաշտոնում: Նախքան այդ ուսումնասիրվել են Անտոնյանի` աշխատանքից ազատվելու հանգամանքները, ինչպես նաեւ մասնագիտական հմտություններն ու փորձը, արդյունքում որոշում է կայացվել նշված բաժնի ղեկավարումը կրկին վստահել Ա. Անտոնյանին»: Հավանաբար, ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանն ստուգումներ է կատարել եւ պարզել է, որ Անտոնյանը չարաշահումներ չէր կատարել, նա մեղավոր չէր, ու հետ է բերել նրան պաշտոնի։



Թե ինչքան նյարդ, ջանք ու այլ ծախսեր է կատարել Անտոնյանը բաղձալի նշանակմանը հասնելու համար, կարելի է միայն ենթադրել։ Պաշտոնապես նման բաների մասին չեն հայտնում։ Իսկ ոչ պաշտոնապես, մեր աղբյուրներից ստացած տվյալների համաձայն, այս բաժինը, որը մեծ լիազորություններ է ստացել, առաջիկայում զբաղվելու է ֆինանսների նախարար Խաչատրյանին պատասխան տալով։ Եվ Արթուր Անտոնյանն այս գործի համար ամենալավ թեկնածուն է, քանի որ նա «վառված» է Գագիկ Խաչատրյանից, որի օրոք իրեն քիչ էր մնում նստացնեին։ Իսկ առհասարակ ստորաբաժանումը, որը ղեկավարել եւ կրկին ղեկավարելու է Արթուր Անտոնյանը, լայն հսկողական լիազորություններ ունի։ Այն կատարում է «հատուկ կարեւորության» հանձնարարություններ։ Օրինակ, ստուգումներ է իրականացնում, լսումներ եւ գաղտնի տեսանկարահանումներ, դիտումներ, կարճ ասած՝ «գործ սարքելու» մեծ հնարավորություններ ունի, ինչը, բնականաբար, նաեւ ահռելի կոռուպցիոն ռիսկ է ենթադրում։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ