ՊԵԿ նախագահների մեքենաներն ու խնայողության ռեժիմը

ՊԵԿ նախագահների մեքենաներն ու խնայողության ռեժիմը

Պետեկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանը թեեւ երկար տարիներ զբաղեցնում էր ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետի պաշտոնը՝ ոչ պակաս կարեւոր պաշտոն, սակայն հասարակությանն առավելապես հայտնի դարձավ, երբ նշանակվեց ՊԵԿ նախագահ։ Անմիջապես բոլորը հետաքրքրվեցին նրա ունեցվածքով, պարզեցին, որ նրանց ընտանիքը, մասնավորապես՝ եղբայրը, հարուստ բիզնեսմեն է եւ այս բոլոր տարիներին ֆինանսապես օգնել է եղբորը։ Այնպես, որ նա եղբոր գումարները երբեմն իր աշխատանքում էլ է օգտագործել։ Հիշեցնենք, որ նրա նախկին պաշտոնն այժմ զբաղեցնում է Շիրակի նախկին մարզպետ, ԱԱԾ պետի նախկին տեղակալ, Հարկայինի նախկին պետ Ֆելիքս Ցոլակյանը։ Նա անգամ 1999-2003 թթ. ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարն է եղել եւ այժմ, փաստորեն, չնայած առաջացած տարիքին՝ 64 տարեկան, վերադարձել է իր նախկին աշխատանքին։



Մամուլի աչքից չվրիպեց նաեւ Հովհաննես Հովսեփյանի թանկարժեք ավտոմեքենան՝ վերջին սերնդի Mercedes S-Class-ը, որի արժեքը միջինը 100 հազար դոլար է, եւ որը, ըստ ամենայնի, եղբոր նվերն է։ Ավտոմեքենան առայսօր նախագահականի համարանիշով է՝ 005 UU 01: Ի դեպ, նկատենք նաեւ, որ նախագահականի համարանիշներ կրում են այլ մեքենաներ եւս, անգամ այնպիսի պաշտոնյաների, որոնք 5-10 տարի առաջ լքել են նախագահականը, բայց չեն հանձնել պետհամարանիշները։ Օրերս մենք նկատեցինք, որ Հովսեփյանին այժմ այլ ավտոմեքենա է սպասարկում՝ Toyota Land Cruiser 200 տեսակի ամենագնաց։ Հովսեփյանին նաեւ ՊՊԾ համարանիշով (177 UU 01) եւ անվտանգության աշխատողներով մի մեքենա է ուղեկցում՝ Toyota Land Cruiser Prado տեսակի ամենագնաց։ Մենք գրավոր հարցում ուղարկեցինք Պետեկամուտների կոմիտեի լրատվական բաժին, թե երբ, ումից, ինչ միջոցներով եւ ինչ գնով է ձեռք բերվել վերոնշյալ Toyota LC 200 ամենագնացը, որն է ՊԵԿ նախագահին տրամադրվող ծառայողական պետհամարանիշը, եւ ում կողմից է հիմա այն օգտագործվում։ Ինչո՞ւ են ՊԵԿ նախագահին ուղեկցում անվտանգության աշխատակիցներ։



ՊԵԿ-ից մեր հարցմանը պատասխանեցին՝ շրջանցելով որոշ հարցեր, սակայն այլ հարցերում էլ տրամադրելով հավելյալ ինֆորմացիա․ «Տեղեկացնում ենք, որ նախքան ՀՀ ՊԵԿ նախագահի պաշտոնում նշանակվելը, այնուհետեւ կարճ ժամանակահատված նաեւ դրանից հետո, Հովհաննես Հովսեփյանին սպասարկել է «Մերսեդես» մակնիշի S դասի ավտոմեքենա, որը հետագայում փոխարինվել է Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենայով: Երկուսն էլ անձնական օգտագործման ավտոմեքենաներ են, որոնք, ի դեպ, անտեսելով ներկա գործունեությամբ պայմանավորված պատշաճ անվտանգության ապահովման անհրաժեշտությունը, զրահապատված չեն, ձեռք են բերվել 2014 եւ 2015 թվականներին: Կոմիտեի ղեկավարին հատկացված է 2000թ. BMW 7-րդ դասի ավտոմեքենա` 001 HH 01 ծառայողական պետհամարանիշով, որն անսարքության պատճառով ենթակա չէ շահագործման, հետեւաբար, ելնելով պետական բյուջեի միջոցները խնայելու նկատառումներից, ՊԵԿ նախագահը նպատակահարմար է գտել շահագործել անձնական օգտագործման ավտոմեքենան»։ Փաստորեն, կառավարության հայտարարած օպտիմալացումը ՊԵԿ կառույցի նորանշանակ ղեկավարն իր անձնական միջոցների հաշվին է իրականացնում։ Ինչ վերաբերում է կոմիտեի նախագահին ուղեկցող Toyota LC Prado ավտոմեքենային, ապա ՊԵԿ-ից տեղեկացրին, որ այն ձեռք է բերվել դեռեւս 2014 թվականին` ՊԵԿ ներքին անվտանգության գործառույթների ապահովման նպատակով:



«Պետական եկամուտների կոմիտեի ստեղծումից ի վեր` դեռեւս 2008 թվականից, օրենսդրությամբ սահմանված կարգով կոմիտեի ղեկավարի, իսկ մինչ ՊԵԿ-ի ստեղծվելը` հարկային ու մաքսային ծառայությունների ղեկավարների անվտանգությունն ապահովվել է պետական պահպանության ծառայության աշխատակիցների կողմից, ի դեպ, 2016թ. մարտից ՊԵԿ նախագահին ուղեկցող ավտոմեքենաների եւ աշխատակիցների քանակն անհամեմատ կրճատվել է»,-նշել են Պետեկամուտների կոմիտեի լրատվականից։
Նշենք, որ ՊԵԿ նախագահների նկատմամբ երեք մահափորձ է իրականացվել, որից մեկը՝ մահվան ելքով։ 2001 թ․ հարկային վարչության պետ Գագիկ Պողոսյանն սպանվեց սեփական բնակարանի դռան վրա տեղադրված պայթուցիկի պայթելու արդյունքում։ 2 անհաջող մահափորձ էլ իրականացվել է ներկայիս ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի եւ Արմեն Ավետիսյանի նկատմամբ, որն այսօր գործարարությամբ է զբաղվում։ Դրանից հետո նրանց երկուսին էլ տրամադրվել են անվտանգության աշխատակիցներ եւ ուղեկցող մեքենաներ, եւ դա ամրագրված է օրենքով։ Ավետիսյանի մեքենային, որն արդեն մի քանի ամիս է՝ վերջին սերնդի BMW 750 է, քանի տարի է՝ ՊՊԾ համարներով ուղեկցող մեքենա եւ անվտանգության աշխատակիցներ են կցված։



Գ․ Խաչատրյանին նույնպես ուղեկցող մեքենա եւ թիկնապահներ են տրամադրված, նրա դեպքում նաեւ ավտոմեքենան է զրահապատ։ Թեպետ Խաչատրյանին ժամանակին տարատեսակ շքեղ ամենագնացներ են սպասարկել, հիմնականում՝ անձնական միջոցներով գնված, բայց նախարար դառնալուց հետո տրամադրվել է մոտ 20 տարվա հնության զրահապատ 7-րդ դասի BMW: Սա այն մեքենան է, որը ժամանակին սպասարկել է ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանին։ Նրա օրոք է այն ձեռք բերվել։ Վերջին տարիներին ԱԺ նախագահի համար նոր մեքենաներ գնելուց հետո այն փոխանցվել է կառավարությանը։



Մեր տեղեկություններով, այն 2000թ. թողարկման 7-րդ դասի BMW-ն, որի մասին հիշատակված է ՊԵԿ-ի ուղարկած պատասխանում, հենց Արմեն Ավետիսյանին սպասարկած մեքենան է, որի վրա կրակոցներ են արձակվել Ավետիսյանի նկատմամբ մահափորձի ժամանակ։ Արդյունքում՝ կրակոցներից լուրջ վնասվել է, հնարավոր չէ վերականգնել քանզի շատ թանկ կնստի պետության վրա։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ