Ղարաբաղյան հարցը պետք է լուծեին հումանիստները

Ղարաբաղյան հարցը պետք է լուծեին հումանիստները

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում Հայաստանում գտնվող արմատներով ղարաբաղցի, անվանի կինոռեժիսոր Ռոման Բալայանից հետաքրքրվեցինք, թե երբ է վերջին անգամ Ղարաբաղ գնացել եւ սովորաբար ինչ ապրումներ է ունենում, ինչին ի պատասխան՝ Բալայանը նախ նշեց, որ դա անցյալ տարի էր, հետո՝ իրեն սենտիմենտալ մարդ չի համարում, իր համար Ղարաբաղում կարեւոր են մոր, եղբոր եւ խորթ հոր շիրիմները։ Ռոման Բալայանն ասում է, որ ապրիլյան պատերազմի օրերին ինքը նույնպես շատ անհանգիստ էր։ «Որովհետեւ մտածում էի՝ հիմա ոնց են այնտեղ իմ զարմիկները, ոնց է հիմա մորս շիրիմը, ինչ է լինելու, բայց, փառք Աստծո, կանգնեցրին... Այս հարցն Ադրբեջանի համար պետք է պահել այնպիսի մի նոտայի վրա, ինչպես որ հիմա դա անում է Պուտինը Դոնբասի դեպքում։ Ես շատ կուզենամ, որ ղարաբաղյան հարցը լուծվի, բայց երբ 88թ.-ին ռեժիսոր Սամվել Սարիբեկյանը Մոսկվայի կինոյի տուն մտավ ու ասեց՝ մաեստրո, Ղարաբաղում ցույցեր են, ասեցի՝ վայ մե... ու միանգամից կանխազգացի այդ մահերը եւ այն, որ սա երկար տարիների պատմություն է լինելու։ Ես դա զգացի ինտուիցիայով կամ էլ զգացի, որովհետեւ այնտեղից եմ»,-ասում է Բալայանն ու նշում, որ ուրիշ ելք կլիներ, եթե այդ հարցը լուծեին ոչ թե քաղաքական գործիչները, այլ հումանիստները, իսկ այդպիսի մարդիկ կան երկու կողմից էլ։



Ռոման Բալայանն ընդգծում է՝ չի սիրում ազգայնականներին, լինի դա հայկական, ադրբեջանական, ռուսական, թե ուկրաինական, տանել չի կարողանում «հայրենասեր» բառը. «Ես Ուկրաինայի շատ պատասխանատու քաղաքացի եմ, եւ իմ մեջ չկա ատելություն ռուսների կամ ռուս ղեկավարության նկատմամբ։ Բայց ես համարյա նույն ձեւ վերաբերվում եմ ուկրաինական ղեկավարությանը եւ չեմ թաքցնում, ասում եմ այն, ինչ մտածում եմ»։



Ռեժիսորի կարծիքով, Հայաստանն աշխարհագրական այնպիսի տարածքում է, որ միշտ այսպիսի վիճակի մեջ է լինելու. «Բայց երբ հայերը հեռանում են, ես դա ատում եմ, ինձ էլ ասում են՝ բայց դուք էլ գնացիք, ասում եմ՝ բայց ինձ չընդունեցին։ Եթե գնում է մի մարդ, որը նախաձեռնող է, տաղանդավոր եւ այստեղ չի ընդունվում, ես դա հասկանում եմ, բայց աղքատները պետք է մեռնեն իրենց երկրում, ինչպիսին էլ որ այն լինի։ Դա իմ համոզմունքն է, ես աղքատ չեմ, դրա համար կարող եմ ավելի ազատ լինել»։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ