Քիառոստամին ինձ ամենամեծ վստահությունը տվեց

Քիառոստամին ինձ ամենամեծ վստահությունը տվեց

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում Հայաստանում է համաշխարհային ճանաչում ունեցող իրանցի ամենահայտնի դերասան Հոմայուն Էրշադին, որն ընդգրկված է նաեւ փառատոնի խաղարկային ֆիլմերի մրցույթի ժյուրիի կազմում։ Էրշադին մասնագիտությամբ ճարտարապետ է, Իտալիայում ուսանել է ճարտարապետություն եւ երկար տարիներ ճարտարապետ աշխատել: Որպես դերասան՝ նրա տաղանդը բացահայտել է իրանական նոր ալիքի կինոռեժիսոր Աբաս Քիառոստամին: Երբ Էրշադին թերթ կարդալիս է լինում՝ նստած իր մեքենայի մեջ, Թեհրանի խցանված փողոցներից մեկում, նրան է մոտենում Քիառոստամին եւ առաջարկում խաղալ «Բալի համը» ֆիլմի գլխավոր հերոսի կերպարը: Հոմայուն Էրշադիի դերասանական կարիերան սկսվում է հենց «Բալի համը» ֆիլմով, որը 1997-ին Կաննի ՄԿՓ-ում արժանանում է հեղինակավոր «Ոսկե արմավենու ճյուղին»: Լինելով ոչ պրոֆեսիոնալ դերասան, որն իր դերասանական կարիերան սկսել է 50 տարեկանում, Էրշադին կարողանում է հաջողության հասնել ոչ միայն կինոյում, այլ նաեւ հեռուստաֆիլմերում եւ թատրոնում։ Նա խաղացել է ավելի քան 40 խաղարկային կինոնկարում, 5 հեռուստատեսային սերիալում, 20 կարճամետրաժ ֆիլմում եւ 3 պիեսում:



Երեկ ՀԲԸՄ-ի դահլիճում անցկացված վարպետության դասի շրջանակներում խոսելով «Բալի համը» ֆիլմից, Էրշադին հիշեց, որ սկզբում վախենում էր թե որպես դերասան ինչպես պետք է խաղա, իր զգացմունքներն արտահայտի, բայց. «Քիառոստամին ինձ ամենամեծ վստահությունը տվեց, նա ասաց՝ մի անհանգստացիր, եթե չհաջողվի, դա իմ մեղքն է, ոչ թե քո՝ որպես դերասանի»,-ասում է Էրշադին ու ընդգծում, որ Քիառոստամին երբեք չէր աշխատում պրոֆեսիոնալ դերասանների հետ, եւ սովորաբար իր ֆիմերում ընդգրկված դերասանների կարիերան էլ հենց դրանով ավարտվում էր, բայց ինքը միակն էր, որ հետո շարունակեց ու այս գործում հաջողեց։ Էրշադին նկատում է, որ թեեւ ֆիլմը Կաննում մրցանակ ստացավ, բայց ինքն այդ ֆիլմից հետո իրեն ուսանող էր զգում, քանի որ հասկանում էր, որ դեռ շատ բան ունի սովորելու։



Դերասանը խոստովանում է՝ «Բալի համն» իր համար դռներ բացեց դեպի համաշխարհային կինո։ «Քանի որ ես դերասան չէի, ես չէի խաղում եւ երբ մեքենայում Քիառոստամիին հարցրի, թե ով է իմ հերոսը, ինչպիսի մարդ է, նա ասաց, որ նա ուսանող է, Իտալիայից է եկել, եւ ես հասկացա, որ չպետք է խաղամ, այլ ինքս պետք է լինեմ։ Իր հետ աշխատելիս մենք որեւէ պատրաստի սցենարով չենք աշխատել, ամեն առավոտ ժամը 5-ին մենք, մեքենայի մեջ նստած, դիալոգներն էինք ճշտում, եւ այդ դիալոգներն այնքան պարզ էին, բայց փիլիսոփայական, որ ամենասովորական մարդը կկարողանար ընկալել դա»,-պատմում է Էրշադին ու հիշում, որ մի տեսարանում ինքը մոռանում է իր դիալոգը, եւ այն մտքից, որ հիմա Քիառոստամին կկանգնեցնի նկարահանումները, դեմքի արտահայտությունը դառնում է շատ անհանգիստ, բայց Քիառոստամին ոչ միայն չի ընդհատում նկարահանումները, այլեւ այդ դրվագը ներառում է ֆիլմում, որն էլ դառնում է ամենահաջողված կադրը։



Թեեւ նկատելի էր, որ Քիառոստամիի մահից հետո դերասանի համար ծանր է խոսել իր ռեժիսորի մասին, բայց հանդիպման մեծ մասում խոսվեց հենց «Բալի համը» ֆիլմից։ Էրշադին իր մասնակցությամբ ամենահայտնի ֆիլմի հետ կապված՝ բացում է նաեւ մի քանի գաղտնիքներ. բացի այն, որ երկխոսությունների մեծ մասը հանպատրաստից էին ու իրենը, ֆիլմի տեսարաններից մեծ մասում իր դիմաց նստած է եղել հենց Քիառոստամին, ինչը կրկնակի վստահություն է հաղորդել իրեն։ Էրշադին հիշում է, որ չնայած Քիառոստամին դեմ էր ֆիլմերում արտասվելուն, բայց զինվորի հետ տեսարանում, երբ նա հուզմունքից արտասվում է, Քիառոստամին դա պահում է ֆիլմում։



Հոմայուն Էրշադին նկատում է՝ հիմա ինքը նույն դերասանը չէ, ինչ «Բալի համը» ֆիլմում։ Ամեն ռեժիսոր իր պահանջներն է թելադրում, «ռեժիսոր կա, որ ասում է, երբ խոսում ես, կողք նայիր, զրուցակցիդ մի նայիր, բայց Քիառոստամին ասում էր, որ խոսելիս միշտ զրուցակցիդ նայիր։ Ռեժիսոր էլ կա, որ ինքն է ցույց տալիս, թե ինչպես խաղաս»,-ասում է դերասանն ու հավելում, որ այդ ժամանակ ստիպված է լինում դերասանական հնարքների դիմել, թեեւ կարծում է, որ ոչ պրոֆեսիոնալ դերասանը կարող է ավելի ճշմարտացի եւ հավաստի խաղալ, քան պրոֆեսիոնալը, որը խաղարկում է ցանկացած իրավիճակ։



Իրանցի դերասանը համաձայնում է՝ կան դերեր, որոնց ազդեցությունից դժվար է դուրս գալ, եւ դա պատահում է բոլոր դերասանների հետ։ Դերեր էլ կան, որոնք չի ընդունում, խաղալու համաձայնություն չի տալիս, քանի որ դերն իր հետ չի համընկնում, իրեն չի հուզում, ինչն իր համար շատ կարեւոր է։



Էրշադիին հարցնում են, թե ցանկություն չունի՞ նաեւ իրեն ռեժիսուրայում փորձել։ Դերասանը տալիս է ավելի քան անկեղծ պատասխան. «Ես բախտի բերմամբ դարձել եմ դերասան, բայց նույն բախտի բերմամբ էլ չեմ կարող դառնալ ռեժիսոր, ամեն մարդ իր գործով պետք է զբաղվի»։ Դերասանը նկատում է, որ շարունակում է ճարտարապետությամբ զբաղվել, բայց միայն իր համար, որովհետեւ եթե ձեռքը չզբաղվի, միտքը չի աշխատի։



Ինչ վերաբերում է իրանական կինոյին, ապա դերասանն ընդգծում է, որ Իրանում շատ սահմանափակումների առաջ են կանգնած, այդ թվում՝ կինոյում, եւ դա էր պատճառը, որ իրանական կինոն վերելք չէր ապրում, բայց հետո իրավիճակը փոխվեց, եւ, այդ սահմանափակումներով հանդերձ, վավերագրական ֆիլմերի վիճակն այսօր մի փոքր ավելի լավ է։



Էրշադին չունի իր համար լավագույն ֆիլմերի եռյակ կամ տասնյակ, որովհետեւ չկա 3 լավ ֆիլմ կամ 3 լավ դերասան, ամեն ինչ ավելի քան անհատական է, մի բան, սակայն, ընդհանուր է ու միանշանակ՝ կինոն կարող է օգնել, որ ապագա սերունդներն ավելի լավ աշխարհ կառուցեն։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ