90-ականների մութ ու ցուրտ տարիները՝ «Հայկական համայնապատկերում»

90-ականների մութ ու ցուրտ տարիները՝ «Հայկական համայնապատկերում»

Այս տարվա «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ազգային մրցույթի խաղարկային ֆիլմերի բաժնում ներկայացված 5 ֆիլմերից 2-ն ուղղակիորեն անդրադառնում են 90-ականների մութ ու ցուրտ տարիներին։ Դրանցից մեկը Դավիթ Սաֆարյանի «28։94 տեղական ժամանակով» ֆիլմն է, որի կարճ տարբերակով պրեմիերան տեղի ունեցավ դեռ գարնանը՝ «Տաք երկիր, ցուրտ ձմեռ» վերնագրով։ Մյուսն Աննա Արեւշատյանի «Բարի լույս» ֆիլմն է, որի պրեմիերան օրերս էր, հենց փառատոնի շրջանակներում։ Երկու ֆիլմում էլ մի ընտանիքի պատմության շուրջ հավաքվում եւ ներկայացվում է մի ամբողջ ժողովրդի պատմություն։ Թե Դավիթ Սաֆարյանի եւ թե Աննա Արեւշատյանի մոտ տեսնում ենք 90-ականների ծանոթ պատկերներ, փայտով ջեռուցվող վառարաններ, հացի հերթեր, համատարած ծառահատումներ, ամայացած փողոցներ, ամեն ինչ համոզիչ է եւ ճշմարտանման՝ 90-ականների կյանքն ապրել ենք բոլորս։



«28։94 տեղական ժամանակով» ֆիլմի հերոսները տիկնիկագործ Կատյան ու լուսանկարիչ Տիգրանն են, որոնց պատմության կողքին զուգահեռաբար ներկայացվում են մյուս հերոսների պատմությունները։ Ամեն մեկի ապրումներն ու հույզերն այլ են, բայց 90-ականների բոլոր պատմությունները հյուսվում են ցուրտ ձմռան շուրջ։ Ֆիլմում հագուստից, ամենատարբեր ռեկվիզիտներից սկսած մինչեւ քաղաքային պատկերներ՝ համապատասխանեցված են 90-ականների շնչին։ Ֆիլմը կառուցված է նկարիչ Պաբլոյի հուշագրությունների վրա, ինչը հնարավորություն է տալիս խաղարկել թե անցյալի, թե ներկայի պատկերները, կամրջել ժամանակներն ու մարդկանց հուշերը՝ եւ 90-ականներից առաջ, եւ հետո։ «Երբ ապրելու պայմաններն անտանելի են դառնում, մարդը շատ արագ կորցնում է իր դեմքը, մենք ապրեցինք, բայց չկորցրինք մեր դեմքը»,-ասում է Աշոտ Ադամյանի հերոսը, ու հասկանում ես, որ դերասաններից յուրաքանչյուրը ոչ թե խաղացել է իր դերը, այլ վերապրել է անցած օրերը։ Ի դեպ, առաջին ցուցադրումը կայացել է Բեռլինի 66-րդ կինոփառատոնի եվրոպական կինոշուկայում, որտեղ ֆիլմը ձեռք է բերվել Բելգիայի, Հոլանդիայի, Լյուքսեմբուրգի կինոթատրոններում եւ հեռուստատեսությամբ ցուցադրելու համար։ Այն ընդգրկված է նաեւ Նիդեռլանդների կինոյի թանգարանի հավաքածուի մեջ։



Եթե Դավիթ Սաֆարյանի «28։94 տեղական ժամանակով» ֆիլմում նկարահանվել են հայտնի դերասաններ, ինչպիսիք են՝ Աշոտ Ադամյանը, Յանա Դրուզը, Հեղինե Հովհաննիսյանը, Կարեն Ջանիբեկյանը, Վիգեն Ստեփանյանը, Հրաչյա Հարությունյանը, ապա Աննա Արեւշատյանի «Բարի լույս» ֆիլմում ընդգրկված են հանդիսատեսի համար ոչ այնքան հայտնի, երբեմն էլ՝ ոչ պրոֆեսիոնալ դերասաններ, ինչից ֆիլմը ոչ միայն չի տուժում, այլեւ շահում է։



Կենդանի երկխոսություններով է կառուցված «Բարի լույս» ֆիլմը, ինչն առանձնահատուկ մարդկային հմայք է հաղորդում կինոպատկերին։ Ֆիլմում զուգահեռ ընթանում է 90-ականների եւ մեր օրերի խրոնիկան։ Արցախյան պատերազմի թեման երկրորդ շերտով առկա է թե 90-ականների ձմեռային ցրտաշունչ պատկերների հետեւում, թե մեր օրերի սոցիալական ընդվզումներում։ Բայց եթե 90-ականներում տեսնում ենք ուժեղ, հաղթանակի համար կռվող զինվորին, ապա այսօր այդ պատերազմող ազատամարտիկը նստած է կոտրված մեջքով եւ սոցիալական արդարություն է պահանջում՝ լինի դա եթերից, թե ցույցերում։



«Բարի լույս» ֆիլմի պատմությունը լրագրող Արշակի մասին է, որը մասնագիտական հակամարտության մեջ է այն հեռուստաընկերության գրաքննող վարչակազմի հետ, որտեղ աշխատում է: Կորցնելով աշխատանքը՝ նա համակվում է անկարողության եւ մեղքի զգացումով իր ընտանիքի առջեւ: Կինն անդադար փորձում է համոզել, որ արտագաղթեն, ինչը նրան ստիպում է վերջնական որոշում կայացնել: Սա հեշտ որոշում չէ, այնպես որ՝ նա պետք է հակադրվի սեփական ես-ին. այն սկզբունքները, որոնցով առաջնորդվել է ամբողջ կյանքում, փլվել են, իսկ ապագան անորոշ եւ մշուշոտ է: Խճճվելով ինքն իր մեջ՝ Արշակը պատասխաններ է փնտրում մանկության հուշերում, որովհետեւ երբեմն ամենակարեւոր պատասխաններն այնտեղ են, որտեղ մանկական հիշողությունները բախվում են ինքդ քեզ բացահայտելու եւ ընդունելու հետ: Հորը տեսնելու սուր ցանկությունը նրան տանում է սահմանային այն գյուղը, որտեղ ապրում է հայրը: Ծնողների տան ճանապարհին երեւան են գալիս նրա մանկության հուշերը 90-ականների դժվարին ժամանակների մասին, երբ Հայաստանը պատերազմի մեջ էր: Ինչպե՞ս պիտի 90-ականների մասին հիշողությունները սահմանեն նրա հետագա կյանքը: Առերեսումը սեփական անցյալի, արմատների հետ օգնում է նրան վերագտնել իրեն եւ ճիշտ որոշում կայացնել:



Ֆիլմում գլխավոր հերոսին՝ փոքրիկ Արշակին, մարմնավորում է 6-ամյա Արայիկ Դարբինյանը, որի անմիջական, անկեղծ խաղն ստիպում է, որ ապրումակցես նրա մանկական սիրո հույզերին, տղամարդ դառնալու ճանապարհին առաջին կռվի ցավերին։ Ֆիլմում գրոտեսկային ու հումորով շաղախված ռեժիսորական հետաքրքիր լուծումներ են տրված փոքրիկ Արշակի երազներին։ Տպավորիչ է նաեւ օպերատորական աշխատանքը։ Կարեւոր է եւ այն, որ բացի մի քանի հայրենասիրական շտամպներից եւ տեղ-տեղ դուդուկի սղոցող ձայնից, ֆիլմը լուսավոր է, առանց պաթոսի եւ մեր ապրած ու ներկա օրերի մասին։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ