«Ժողովուրդ». Օգոստոսին Հայաստանի պարտքը կաճի 15 միլիարդ 360 միլիոն դրամով

«Ժողովուրդ». Օգոստոսին Հայաստանի պարտքը կաճի 15 միլիարդ 360 միլիոն դրամով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի ֆինանսների նախարարությունը մտադիր է օգոստոսի ընթացքում աճուրդի հանել 16 միլիարդ 860 միլիոն դրամի պետական պարտատոմսեր: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած պաշտոնական տեղեկագրից: Նույն փաստաթղթում նշված է նաեւ, որ օգոստոսին ֆիննախը մտադիր է հետ գնել մեկուկես միլիարդ դրամի` նախկինում տեղաբաշխված պարտատոմսեր: Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ օգոստոսին միայն պետական պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքում Հայաստանի պետական պարտքը կաճի 15 միլիարդ 360 միլիոն դրամի կամ մոտ 32 միլիոն 300 հազար դոլարի չափով: Ի դեպ, ուշագրավ է նաեւ այն փաստը, որ երեկվա դրությամբ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն դեռեւս չէր հրապարակել հուլիսի ընթացքում պետական բյուջե մուտք եղած հարկերի եւ տուրքերի թիվը: Նախորդ ամիսներին հաշվետու ժամանակաշրջանում հավաքված հարկերի թիվը հրապարակվում էր հաջորդ ամսվա առաջին կամ երկրորդ աշխատանքային օրը»: