Եթե նույնիսկ մի կայծ է եղել, տպագրել ենք. «Գրեթերթը» 10 տարեկան է

Եթե նույնիսկ մի կայծ է եղել, տպագրել ենք. «Գրեթերթը» 10 տարեկան է

Հայաստանի գրողների միության «Գրեթերթ» գրական երիտասարդական ամսաթերթը 10 տարեկան է։ Այս տարիների ընթացքում «Գրեթերթն» ընթերցողին է ներկայացրել երիտասարդ արձակագիրների, բանաստեղծների, գրականագետների, թարգմանիչների, արվեստագետների 221 անուն: 10-ամյակի հետ կապված՝ շուտով լույս կտեսնի «Գրեթերթի» հատուկ համարը։



«Գրեթերթի» հիմնադիր ու անփոփոխ գլխավոր խմբագիր՝ արձակագիր, դրամատուրգ Գուրգեն Խանջյանի խոսքով, «Գրեթերթի» հատուկ համարը սովորական համար չի լինելու, այն իր ծավալով կլինի 3 անգամ ավելի՝ 36 էջ։ «Երիտասարդական թերթ է, բայց իր ներսում այդ 10 տարիների ընթացքում, պայմանականորեն ասած՝ 3 սերունդ է անցել, եւ ուզում եմ մեր բոլոր 3 սերնդի արմատական գրողներն էլ լինեն՝ ավագներից սկսած։ Այս համարի համար հատուկ լուսանկարներ է արել լուսանկարիչ Անահիտ Հայրապետյանը, երբ Անահիտն այստեղ չէ, Նառա Վարդանյանն է լուսանկարում, որը նաեւ մեր թերթի ձեւավորողն է, հեղինակը»,- նշեց Խանջյանը, ապա հավելեց, որ, «Գրեթերթի» հետ կապված, գուցե 1-2 գրականագիտական հոդված լինի տոնական համարում եւ ընդամենը, ամբողջ համարը կազմված կլինի պոեզիայի, արձակի լավագույն գործերից՝ հեղինակների իսկ ընտրությամբ։



Տոնական համարի շնորհանդեսը նախատեսված է սեպտեմբերի 15-ին, որից հետո, հավանաբար Ծաղկաձորում, կանցկացվի գիտաժողով՝ գնահատելու, հասկանալու «Գրեթերթի» անցած ճանապարհը. «Այդքան հեղինակ է անցել եւ այնպիսի հետաքրքիր ճակատագրի տեր մարդիկ..., մարդ կա՝ հիմա այստեղ չէ, բայց կապը «Գրեթերթի» հետ չեն կորցնում, սա հարազատ միջավայր է, հարազատ տուն»։



Գլխավոր խմբագրի կարծիքով, «Գրեթերթն» այս տարիների ընթացքում փոխվել է այնքանով, որքանով հեղինակներն են փոխվել. «Թերթն առանձին դեմք, կոնցեպցիա չունի եւ չի ունեցել, որովհետեւ, եթե ունենար, պիտի նեղեր իր հեղինակների ներսի ազատությունը, հարմարեցներ նրանց գրածն իր կոնցեպցիային, դրա համար մենք լիակատար ազատություն ենք տվել մինչեւ 33 տարեկան քիչ թե շատ տաղանդավոր գրողների, ու եթե նույնիսկ մի կայծ է եղել, տպագրել ենք, ասպարեզ ենք տվել, որ միգուցե այդ կայծը հետագայում ինչ-որ ճանապարհ գտնի։ Եվ եթե նայեք, այսօր ասպարեզում եղած գրական ճանաչում ունեցող բոլոր երիտասարդները «Գրեթերթի» էջերում են կայացել եւ շարունակում են կայանալ, կան բոլորովին նորերը, որ առաջին գրքերն են տպագրել, բայց արդեն հայտնի են»։



Այն, որ «Գրեթերթն» այսօր դաշտում առկա գրական հանդեսներից, թերեւս, ամենապոպուլյարն է, դա փաստ է, իսկ թե ինչի շնորհիվ է տարիներ շարունակ կարողացել պահպանել այդ նշաձողը, Գուրգեն Խանջյանը պատասխանում է. «Նախեւառաջ՝ սիրո շնորհիվ, շաբլոն բան եմ ասում, բայց իսկապես այդպես է, սեր՝ հանդեպ գրականության, սեր՝ հանդեպ այն հեղինակների, որ եկել, մեզ հետ են եղել այս 10 տարիներին, դա իսկապես դժվար շրջան էր գրելու համար։ Մեր արածի նկատմամբ սերը, խանդավառությունն այնքան մեծ է եղել, որ պահել ենք կորիզը, ու նրա շուրջ անընդհատ եկել են մարդիկ։ Հավատացել ենք գրականությանը եւ հիմա փայլուն պոետներ ու արձակագիրներ ունենք, անձամբ ես հպարտանում եմ։ Գուցե այն ագռավի նման եմ, որ ամբողջ աշխարհի ճտերին նայել է, հետո էլի ասել է՝ իմ ճուտն է սիրունը, չգիտեմ, բայց այդպես է»։



Այս տարիների ընթացքում սերնդափոխությունն էլ կատարվել է ինքնաբերաբար, Գուրգեն Խանջյանը նկատում է. «Ամեն սերունդ եկել է մեծ քանակով, հետո զտվել են, մնացել են 10-12 հոգի, եւ բոլորն էլ սիրելի են ինձ համար, ոնց որ ընտանիքում ավագ կամ կրտսեր որդին, իսկ նոր եկածների նկատմամբ ավելի զգուշավոր, փայփայումի զգացողություններ ունեմ։ Դե, ավագներն արդեն կայացած են, ամեն մեկն իր գործերով, ընտանիք ունեն, բայց որ հանդիպում ենք, հարյուր տարվա հարազատների նման՝ հարյուր տարվա հիշողություններով»։



Ինչ վերաբերում է այս տարիներին «Գրեթերթի» բովանդակային տրանսֆորմացիաներին, ապա, Խանջյանի դիտարկմամբ, ավելի շատ թեմատիկ փոփոխություններ եղան. «2000-ականների սկիզբն ուրիշ ժամանակներ էին, հետո այն ժամանակ ինտերնետ, համացանց դեռ նոր-նոր էին սկսվում, ու մենք հավաքվում էինք «Գրեթերթում», որտեղ հերթ էր կուտակվում, վեճեր, բանավեճեր էին լինում, հիմա բոլորը հանդիպում են համացանցում։ Խմբագրություն այդքան չեն գալիս, եւ թեմատիկան, ցավոք, սկսում է փոխվել դեպի սոցիալ, սոցիալ-քաղաքական ոլորտը, որը գրականությունը շատ է այժմեականացնում։ Ես կուզեի մի քիչ ընդգրկումն ավելի լայն լիներ, բայց դա կապ չունի, որովհետեւ գործ ունենք երիտասարդ գրողների հետ, եւ ինքն իր արածը կտեսնի ժամանակի մեջ ու այդպես պիտի կայանա»։



Գուրգեն Խանջյանի դիտարկմամբ, քաղաքականությունն այսօր չափազանց շատ է մեր կյանքում, թե գրականությունը դրանից որքանով տուժեց, ապա՝ միանշանակ, տուժեց. «Որովհետեւ, եթե գրականություն է գրվում Դոստոեւսկու վեպերի մակարդակով՝ ամբողջ խորությամբ եւ փիլիսոփայությամբ, դա ուրիշ է, բայց երբ, ասենք, գրվում է քաղաքական, մակերեսային, պոպուլիստական ձեւով...։ Հետո իրենք մեղավոր չեն, ամբողջ համացանցն է այդպես, ես ինքս մասնակից չեմ այդ ֆեյսբուքյան քաղաքականությանը, բայց գիտեմ, տեղյակ եմ խոսակցություններից»։



Թե քաղաքականացված մեր կյանքում այսօր մարդը որքանով կարիք ունի գրական մամուլի, գրական խոսքի, ապա. «Համարը կազմելիս, երբ նյութերը կարդում էի, իմ մտքով դա էր անցնում անընդհատ, մտածում էի, որ եթե այսօր գոնե մեր հասարակության երիտասարդ մասը կարդա իր գրողներին, որոնք այս համարում տպագրվում են, հաստատապես ամեն ինչ ուրիշ կլինի, եւ չարության դոզան կիջնի, եւ հանդուրժողականություն կլինի, մարդիկ պարզապես շեղված են՝ քաղաքականություն լինի, թե այլեւայլ բաների կողմից, եւ չեն հասնում գրականությանը։ Եթե նույնիսկ հասնում են, այդտեղ էլ են շտապող, ուզում են արագ սպառեն, այդ սպառողի հոգեբանությունը մտել է մեր մեջ, բայց այդ ֆաստֆուդային մոտեցումը գրականության համար շատ ցավալի է, ուզում են արագ կարդան, ու իրենց թվում է, թե էլի ստատուսներ են կարդում, այնինչ գրականություն են կարդում։ Պիտի ուրիշ մոտեցում լինի։ Այսպիսի ցավոտ բաներ կան, որ մտածում եմ՝ փոխվելու է, գուցե մեր համառության շնորհիվ, գուցե առհասարակ ժամանակը փոխվի, որովհետեւ դա շատ վնաս է բերում հասարակությանը, թեկուզ այս վերջին դեպքերի առիթով, տեսնում եք, թե ինչ չարություն է լցված չորսբոլորը։ Ընդամենը 2.5 մլն. ժողովուրդ է, բայց այսքան մասնատված մանր խմբերի ու իրար հոշոտելու պատրաստ։ Գրականությունը կարող էր այդ սոսնձելու դերն ստանձներ, եթե կարդային նրան»։



«Գրեթերթն» այս տարիների ընթացքում ձեւավորել է նաեւ մեկ այլ ավանդույթ՝ «Գրեթերթ» ամենամյա մրցանակաբաշխությունը, որտեղ մրցանակը ոչ թե գումարի տեսքով է, այլ գրքի։ Գուրգեն Խանջյանը նկատում է, որ եթե շատ ուզենային, կգտնեին ֆինանսավորողներ, բայց մրցանակի համար չուզեցին փող փնտրել, որովհետեւ բոլոր մրցանակաբաշխություններում, որտեղ փող կա, դրանց շուրջ շատ տհաճ կրքեր են բորբոքվում, դրանով էլ ակամայից վարկաբեկվում է այդ մրցանակը. «Դրա համար մենք որոշեցինք դրան չգնալ, որովհետեւ դա այդքան օգուտ չէր տա մրցանակակրին, որքան կվնասեր մրցանակաբաշխության վարկին։ Եվ քվեարկությունն էլ հենց իրենք՝ հեղինակներն են անում»։



Չնայած մշակույթի նախարարությունն ամեն տարի գումար է հատկացնում թերթի տպագրության համար, բայց ընդառաջում է նաեւ «Անտարես» հրատարակչությունը՝ թերթը մատչելի եւ որակով տպագրելու հարցում։



Լուսանկարը` Անահիտ Հայրապետյանի