Ջազը՝ սահմանին

Ջազը՝ սահմանին

«Ջազը սահմանին՝ բաց երկնքի տակ» խորագրի ներքո օգոստոսի 20-ին սահմանամերձ Տավուշի Բերդ քաղաքում բացօթյա համերգով հանդես կգա Հայաստանի պետական ջազային նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար Արմեն Հյուսնունցի գլխավորությամբ։ Յուրօրինակ այս նախագիծն իրականացվում է առաջին անգամ «Շամշադինի մեղրի եւ հատապտուղների» 5-րդ հոբելյանական փառատոնի շրջանակներում։



Ինչպես մեզ հետ զրույցում նշեց Արմեն Հյուսնունցը, ցանկությունը մեծ էր՝ ելույթ ունենալու տարբեր մարզերում, հատկապես Տավուշի Բերդ քաղաքում, բայց քանի որ մեծ կոլեկտիվ են, միշտ չէ, որ ցանկությունները համընկնում են հնարավորությունների հետ։ Իսկ այս դեպքում իրենց ցանկությանն ընդառաջել է «Տավուշի հոգեւոր վերածնունդ» կազմակերպությունը։



«Հույս ունեմ, որ նման նախաձեռնությունները կդառնան օրինակելի եւ պարբերական ընդհանրապես բոլոր մարզերում, բայց շատ եմ կարեւորում սահմանամերձ գոտին՝ Տավուշը։ Ես պատիվ եմ ունեցել մի քանի տարի առաջ մենակ լինել Տավուշում, եւ ուղղակի իմ հոգու պարտքն էր եւ մեծ ցանկությունը եւս մեկ անգամ գալ արդեն մեր լիարժեք կազմով եւ ելույթ ունենալ մեր տավուշցիների համար։ Ուրախ եմ, որ այդ առիթն ստեղծվեց»։



Արմեն Հյուսնունցը չի բացառում, որ մի օր հանդես կգան նաեւ Արցախում՝ սահմանին, եթե լինի գոնե նվազագույն տեխնիկական եւ ֆինանսական աջակցություն։ «Իհարկե ցանկալի է, որ նմանատիպ համերգներ ունենանք նաեւ Արցախում, ինչպես նաեւ մեր բոլոր մարզերում։ Այսպիսի միջոցառումները միշտ են եղել կարեւոր ու պահանջված, անկախ նրանից, թե մեր երկիրը պատմական, սոցիալական, քաղաքական ինչ փոփոխություններ է ապրում։ Այդ միջոցառումները միշտ են ակտուալ, որովհետեւ մարզերում մարդիկ միշտ էլ կարիք ունեն լավ երաժշտության եւ ինչ-որ առումով զրկված են այդ ուշադրությունից»,-իր խոսքում նշեց Արմեն Հյուսնունցը։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ