Հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանն օրական ունենում է 3-20 այցելու

Հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանն օրական ունենում է 3-20 այցելու

Օրեր առաջ կառավարության նիստով հաստատվեց 17 մլն. 540 հազար դրամ հատկացնել Աբովյան քաղաքում գործող Հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանի մասնաշենքի վերակառուցման նախագծային աշխատանքների իրականացման համար։ Ընդգծենք, որ նշված գումարը միայն նախագծային աշխատանքների համար է, շենքը վթարային է, եւ նախագծումից հետո կպարզվի, թե հետագայում ինչքան գումար կպահանջվի շենքի ամբողջական վերանորոգման համար։



Պետք է նկատել, որ 1982-ից գործող Հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանի մասին շատերն իմացան հենց օրեր առաջ կառավարության նիստից հետո միայն։ «Գուգլ»-ում թանգարանի մասին վերջին եւ, կարելի է ասել, միակ հիշատակումը կառավարության այդ օրվա հատկացման հետ էր կապված։ Այդուհանդերձ, «Գուգլ»-ում, թանգարանի հետ կապված, երկու հիշատակում գտնվեց, մեկը Վիքիպեդիայում թանգարանի էջն էր, որտեղ մասնավորապես գրված էր. «Թանգարանի գործունեության հիմնական նպատակը եղել է ամրապնդել եւ ի ցույց դնել հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը, երկու ժողովուրդների միջեւ պատմական հարաբերությունները եւ մշակութային կապերը ներկայացնող թանգարանային առարկաների եւ թանգարանային հավաքածուների պահպանումը, հայտնաբերումն ու հավաքումը, ուսումնասիրումը եւ հանրահռչակումը»։ Մյուսն էլ թանգարանի սեփական կայքէջն էր, որտեղ ամեն ինչ գրված էր, բացի թանգարանի տնօրենի անունից։ Թանգարանի քաղաքային հեռախոսահամարին արված մեր զանգին պատասխանեց հենց տնօրենը, որը, իմանալով դրա մասին, իսկույնեւեթ կարգադրեց շտկել այդ վրիպակը եւ ավելացնել իր անունը։



Թանգարանի տնօրեն Աշոտ Ջիվանյանը զրույցի հենց սկզբում փաստեց՝ շենքն իսկապես վթարային է, ապա շտապեց հիշեցնել, որ մեր մշակույթի նախարարության մշակութային քաղաքականության ճյուղերից մեկն է մարզերում մշակութային օջախները վերանորոգելը, մշակութային կյանքի ակտիվացումը ոչ միայն Երեւանում, այլեւ մարզերում։ Թե ինչու մինչ այս նախարարությունն իր մշակութային քաղաքականությանը հետամուտ չի եղել եւ միայն նոր կարեւորեց հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամությունը, ըստ այդմ՝ նաեւ թանգարանի գոյությունը, Աշոտ Ջիվանյանը դժվարանում է ասել, քանի որ ինքը միայն վերջին 7 ամիսն է ստանձնել տնօրենի պարտականությունները։ «Իմ իմանալով՝ բոլոր տնօրեններն էլ շենքի վթարայնության հարցը բարձրաձայնել են, երեւի նպատակահարմար են գտել հիմա հատկացնել»,-ասում է Ջիվանյանը, ապա փորձում բացատրություն գտնել այդ քայլին՝ նշելով, որ, հավանաբար, իրենցից ավելի վատ վիճակում գտնվող թանգարաններ են եղել, եւ նպատակահարմար են գտել նրանց օգնել, իսկ հիմա հերթը հասել է իրենց. «Նամակ էլ ենք գրել նախարարությանը, նախարարն էլ էր եկել տեսել ու համոզվել, թե ինչ վիճակ է»։



Թանգարանն ունի 828 ֆոնդային նմուշ, որոնք հիմնականում գեղանկարներ են, քանդակներ։ Տնօրենն ասում է, որ հայտնի նկարիչների գործեր էլ կան, բայց դժվարանում է նրանց անունները հիշել։ Ինչ վերաբերում է թանգարանի աշխատակազմին, ապա, տնօրենի խոսքով, այն 14 անձից է բաղկացած. «Ներառյալ՝ ես»։
Մյուս տարի լրանում է թանգարանի ստեղծման 35-ամյակը, եւ ողջ կոլեկտիվի ցանկությունն է թանգարանը տեսնել վերանորոգված։ Տնօրենն անգամ մոտավոր հաշվարկներով չի կարող ասել, թե ինչքան կպահանջվի շենքի վերանորոգման համար՝ նախահաշիվը ցույց կտա. «Ես հիմնականում ցանկություն եմ հայտնել, որ գիտաշխատողների համար աշխատատեղեր ստեղծվեն, հետո նկարների պահպանման համար օդափոխություն լինի»։ Երկհարկանի թանգարանը 1396 քմ տարածք է ընդգրկում, որը երբեմն օգտագործվում է նաեւ դպրոցի ուսուցչական կոլեկտիվների կողմից բաց դասեր անելու համար։



Ո՞րն է հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող ամենաարժեքավոր նմուշը թանգարանում։ Աշոտ Ջիվանյանը հիշատակում է մի քանի նկար՝ հիշելով ոչ թե նկարների կամ դրանց հեղինակների անունները, այլ տարեթվերը. «Ունենք 82թ.-ի նկար, 85թ.-ի, 83թ.-ի, 78թ.-ի, այսպիսի նմուշներ ունենք, նաեւ Պիպոյանի աշխատանքներից։ Լավ աշխատանքներ կան, ուղղակի մեր թանգարանային պայմանները լավը չեն»։



Ինչ վերաբերում է թանգարանի այցելուների թվին, ապա այն խիստ տատանվում է, ինչպես նշում է տնօրենը, օր է եղել՝ ունեցել են 20 այցելու (խմբակային այցերը), օր է եղել՝ ընդհանրապես չեն ունեցել, երեկ, օրինակ, թանգարան էր այցելել 3 հոգի։ Այն հարցին, թե ռուս զբոսաշրջիկներ ունենո՞ւմ են, եւ նրանք ինչքանո՞վ են հետաքրքրված հայ-ռուսական բարեկամության թանգարանով, պատասխանեց. «Ունենում ենք, այս վերջերս Կոտայքի մարզում էին Կամչատկայի քաղաքապետը եւ Հաագայի փոխխոսնակը, իրենք էլ այցելեցին, հուշագրում իրենց մակագրությունը թողեցին, ցանկացան աջակցել, մեզ օգնել, հիմա այդ փուլի մեջ ենք, նամակագրական կապը կա։ Ինձ թվում է՝ կօգնեն»։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ