Մշակույթի նախարարությունում տեղի է ունեցել ոչ թե մրցույթ, այլ՝ ներկայացում

Մշակույթի նախարարությունում տեղի է ունեցել ոչ թե մրցույթ, այլ՝ ներկայացում

Օգոստոսի 10-ին մշակույթի նախարարությունում տեղի է ունեցել մրցույթ Լոռու մարզային գրադարանի տնօրենի թափուր տեղի համար, որին ի սկզբանե մասնակցելու հայտ է ներկայացրել 3 հոգի՝ մանկավարժ-հոգեբան, գրադարանի երկարամյա աշխատակից Սվետա Խաչիկյանը, գրադարանի մանկական բաժնի վարիչ Սուսաննա Տերզիկյանը եւ Մանկավարժական համալսարանի Լոռու մասնաճյուղի ռեկտորի գործավարուհի-օգնական Կարինե Հակոբյանը։



Հանձնաժողովը մրցույթի օրը՝ մրցույթից ընդամենը րոպեներ առաջ, Սվետա Խաչիկյանին չի թույլատրել մասնակցել մրցույթին։



Սվետա Խաչիկյանը մեզ հետ զրույցում պատմում է, թե ինչպես է անակնկալի եկել, եւ որն է խնդիրը։ «Մրցույթի օրը ոգեւորված գնացի նախարարություն, որտեղ ասացին, թե հնարավոր է այսօր չկայանա մրցույթը։ Ասացի՝ ինչո՞ւ չպիտի կայանա, կադրերի բաժնի վարիչն ասաց՝ դե, կարող է չկարողանաք հաղթահարել թեստերը։ Ասացի՝ ո՞նց կարող է, մենք պարապել ենք, ես էլ 100 բալ պետք է հավաքեմ, հնարավոր չէ, որ չհաղթահարեմ։ Իմ այդ խոսքից հետո հանձնաժողովից ինձ կանչեցին ու ասացին՝ հանձնաժողովը գործերը քննել է ու որոշել է բոլորին թողնել մրցույթին, թող նախարարը որոշի ում կնշանակի։ Ես էլ, ինքնավստահ իմ վրա, ասացի՝ դուք թողեք բոլորս մասնակցենք, թող հետո նախարարը որոշի։ Հետո ինձ ասացին՝ կարելի՞ է 5 րոպեով դուրս գաք։ Դուրս եկա, վերադարձա, հանձնաժողովի նախագահը՝ Վահան Եղիազարյանը, որը մշակույթի նախարարի խորհրդականն է, շատ սիրալիր ասաց, որ չեն կարող ինձ թույլ տալ մրցույթին մասնակցել, որովհետեւ իմ ստաժի մեջ թյուրիմացություն կա»,-ասում է Սվետա Խաչիկյանն ու ներկայացնում իր ստաժի հետ կապված խնդիրը, որի պատճառով իրեն վերջին պահին թույլ չեն տվել մասնակցել մրցույթին. «Անհրաժեշտ է, որ ունենաս 5 տարվա մասնագիտական կամ 3 տարվա կառավարման ստաժ։ Ես 5 տարվա մասնագիտական ստաժից 2 տարին Ուսուցիչների կատարելագործման ինստիտուտում աշխատել եմ մեթոդիստ եւ հայոց լեզվի կաբինետի վարիչ, Սպիտակի ժողկրթբաժնում աշխատել եմ տեսուչ։ Իրենք ասացին, որ դա մասնագիտական ստաժ չի համարվում, բայց ես գտա կառավարության այն որոշումը, ըստ որի՝ դա համարվում է մասնագիտական ստաժ։ Իմ աշխատանքային գրքույկում դա գրված չէ, որովհետեւ հիմնական աշխատանքը մեթոդիստն էր, տեսուչը»։



35 տարվա աշխատանքային ստաժով Սվետա Խաչիկյանը նշում է, որ անգամ իր ամուսինն է այդ հարցով խոսել մշակույթի նախարարի հետ եւ ասել, որ կարող են հարցում անել գիտության եւ կրթության նախարարություն եւ համոզվել, որ դա չի կարող խնդիր լինել։ Բայց սա հարցի միայն մի կողմն է. 20 տարի Լոռու մարզային գրադարանում աշխատած Սվետա Խաչիկյանին ամենաշատը վիրավորել է այն, որ մինչեւ մրցույթը բազմաթիվ առիթներ է ունեցել հանդիպելու, խոսելու փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանի եւ նախարարության այլ աշխատակիցների հետ, նաեւ, թյուրիմացությունից խուսափելու համար, իր գործերին կցել է կառավարության տվյալ որոշումը եւ հանկարծ մրցույթի օրը նման «ներկայացման» է ականատես եղել։



Սվետա Խաչիկյանը մրցութային հանձնաժողովից հետաքրքրվել է, թե ինչու են դրա մասին իրեն ասում միայն րոպեներ առաջ, այլ ոչ թե գործերն ընդունելիս կամ մրցութային հարցաշարը վերցնելիս։ Պատճառաբանությունը եղել է այն, որ հանձնաժողովը նոր է կազմավորվել, դրա համար էլ նոր են ասում, մինչդեռ հանձնաժողովը մեկ օր առաջ է կազմավորվում, ըստ այդմ՝ իրեն առնվազն մեկ օր առաջ պետք է զգուշացնեին նման թյուրիմացության մասին. «Ես ասացի, որ դուք իմ իրավունքները խախտում եք, ինչքան էլ սիրալիր եք վերաբերվում, բայց ես բողոքելու եմ, քանի որ համաձայն չեմ ձեր որոշման հետ»։



Մրցույթի օրինականությունը վիճարկող նամակով Սվետա Խաչիկյանը դիմել է հակակոռուպցիոն հանձնաժողովին, մասնավորապես նշելով. «Իրողությունն ակնհայտ է, հակակոռուպցիոն հանձնաժողովի անելիքներն այս առումով պարզ են. կան մեղավորներ, մնում է նրանց նկատմամբ օրենքով սահմանված միջոցների հրապարակավ կիրառումը եւ նոր, օրինական մրցույթի կազմակերպումը»։ Խաչիկյանը նշում է, որ սպասում է նաեւ մշակույթի նախարարության գրավոր պարզաբանմանը, թե ինչու իրեն թույլ չեն տվել մրցույթին մասնակցել. «Ես ասում եմ՝ տվեք ձեր գրավոր պատասխանը, որ ես էլ գրավոր հիմնավորեմ, բայց ասում են՝ մի ամսվա ընթացքում»։



Սվետա Խաչիկյանի համար ակնհայտ է, որ իրեն թույլ չեն տվել մասնակցել մրցույթին՝ իրենց ուզած թեկնածուին անցկացնելու համար, իսկ դա Կարինե Հակոբյանն է, որը Մանկավարժական համալսարանի Լոռու մասնաճյուղի ռեկտորի գործավարուհին է, նաեւ ռեկտոր Գուրգեն Խաչատրյանի քրոջ աղջիկը։ «Նա աշխատում էր ընդամենը գործավարուհի, բայց ձեւակերպված էր օգնական եւ ունի մանկավարժություն եւ հոգեբանություն բաժնի կրթություն»։ Ըստ այդմ՝ դժվար չէ կռահել, որ քանի տարվա ստաժ էլ հարկավոր լիներ, Հակոբյանի քեռին կարող էր դա ձեւակերպել։ «Ինձ մինչեւ այդ ասում էին՝ մի գնա մրցույթի, արդեն որոշված է, թե ով է լինելու․ փոքր քաղաք է՝ խոսակցություններն այսպես թե այնպես պտտվում են, նույնիսկ գումարային չափեր էին շոշափվում, թե ինչքան եւ ինչ են արել։ Ես մշակույթի նախարարին շատ պարկեշտ կին էի համարում եւ չէի մտածում, որ նման բան հնարավոր է լինի։ Այստեղ արդար մրցույթ տեղի չի ունեցել։ Ո՞նց կարելի է մեթոդիստի ստաժը մասնագիտական ստաժ չհամարել, երբ որ ես տարել եմ կառավարության համապատասխան որոշումը, բայց իրենց իրավաբանն ինձ պատասխանում է, որ դա միայն թոշակի համար է։ Ո՞նց կարելի է միայն թոշակի համար դա համարել մասնագիտական ստաժ, իսկ մրցույթին մասնակցելու համար՝ ոչ»,-ասում է Սվետա Խաչիկյանն ու ընդգծում, որ թեեւ օրենքով մրցույթը համարվում է բաց, բայց մինչեւ մրցույթի օրը գաղտնի է պահվել, թե ովքեր եւ քանի հոգի են մասնակցում մրցույթին։
Սվետա Խաչիկյանը նշում է մի հանգամանք եւս. նախորդ տարի Գյումրու մարզային գրադարանի տնօրենի պաշտոնի ընտրության համար այլ պայմաններն են եղել, իսկ այս տարի իրենց գրադարանի դեպքում փոփոխել են. «Այն ժամանակ մանկավարժություն-հոգեբանություն ավարտած մարդը չէր կարող դիմել մրցույթին մասնակցելու համար, իսկ մեր գրադարանի համար այդ տվյալն ավելացրել էին՝ նախապես ունեցած իրենց թեկնածուի համար այդ պայմանը բավարարելու համար, ու կադրերի բաժնից դա պատճառաբանեցին, որ մենք ենք որոշում, ինչ պայման ուզում ենք, այն էլ դնում ենք»։
Նորանշանակ տնօրենին օրերս փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը ներկայացրել է կոլեկտիվին՝ նշելով, որ արդար ընտրությամբ է անցել, ինչին Սվետա Խաչիկյանը չի կարողացել չարձագանքել՝ բոլորի առաջ նկատելով, որ դա այդպես չէ, մրցույթն արդար չի եղել, եւ իր ճանապարհը փակել են՝ թույլ չտալով մասնակցել։ Խաչիկյանը շեշտում է՝ ինքը ոչ մի բան չունի մյուս մասնակիցների դեմ, իր պահանջը մշակույթի նախարարից է եւ մրցութային հանձնաժողովից։ «Գործավարի ստաժն անցնում է, իսկ մեթոդիստի ստաժը՝ ո՞չ»,-անընդհատ կրկնում է Սվետա Խաչիկյանը։ Նշենք նաեւ, որ Խաչիկյանին խանգարող մի հանգամանք էլ կա․ նրա ամուսինը՝ Ստեփան Այվազյանը, Տեր-Պետրոսյանի ժամանակ եղել է Լոռվա մարզպետ, իսկ որդին ժամանակին Ծառուկյանի կուսակցության անդամ էր, հիմա էլ պատրաստվում է մասնակցել ավագանու ընտրություններին, հայտնի է իր ընդդիմադիր հայացքներով։



Մրցույթի մյուս մասնակից՝ գրադարանի մանկական բաժնի վարիչ, 40 տարվա աշխատանքային ստաժով Սուսաննա Տերզիկյանը նույնպես դժգոհ է մրցույթի ընթացքից. նախ՝ իրենց 2 ժամից ավելի սպասեցրել են մրցույթի օրը, հետո էլ. «Իմ վրա ինչ-որ չափով ազդեց այն հանգամանքը, որ հանձնաժողովի անդամները մրցույթի ժամանակ խանգարում էին, ես մի քանի անգամ զգուշացրեցի, որ չեմ կարողանում կենտրոնանալ, որ աշխատեմ։ Իմ վրա ազդեց նաեւ այն, որ մրցակիցը շուտ դուրս եկավ, այն ժամանակ, երբ ես դեռ մի քանի հարցի էի պատասխանել»։ Տերզիկյանը պարզաբանում է, որ նկատի ունի հաղթող թեկնածու Կարինե Հակոբյանին, որը 50 հարցից բաղկացած հարցաշարը 10-15 րոպեում լրացրել է եւ դուրս եկել, մինչդեռ, ըստ նրա, այդ հարցաշարը 10-15 րոպեում կարդալն էր անգամ անհնար, ուր մնաց թե այդ բոլոր հարցերին պատասխանելը։



Տերզիկյանը գրավոր հարցաշարի արդյունքում 100 միավորից 7 միավոր պակաս է հավաքել եւ դուրս մնացել։ Թե ինչքան է հավաքել 3-րդ մասնակիցը, չգիտի, ինչպես որ չգիտի՝ գրավոր աշխատանքի ընթացքում Կարինե Հակոբյանին օգնել են, թե ոչ։ «Ամեն ինչի ձեւերն ու մեթոդները կան, երբ ուզում են նպատակին հասնել»,-ասում է Տերզիկյանն ու նշում, որ ինքը 40 տարվա մասնագիտական ստաժ ունի, որից 30 տարին՝ վարչական աշխատանքային ստաժ, դրա հետ միասին համատիրության նախագահ է, իր մասնագիտությանը շատ լավ է տիրապետում եւ գտնում է, որ գրադարանի աշխատանքները տնօրենի պաշտոնում կարող էր լիարժեք կազմակերպել։ Ինչ վերաբերում է ներկայիս տնօրենի հետ իր հարաբերություններին, ապա դրանք դրական բնութագրեց, հասցրել է հանդիպել նրան եւ առաջարկել, որ գրադարանի աշխատանքները մաքսիմալ լավ կազմակերպելու համար իր հետ համագործակցի. «Փոխտնօրենի հաստիքն ազատ է, այդ պաշտոնում գոնե ինձ նշանակեն։ Հրաժարվեց, ասաց՝ չունեմ այդ իրավունքը»։



Գրադարանի նորանշանակ տնօրեն Կարինե Հակոբյանը մեզ հետ զրույցում զարմացավ, որ 2 թեկնածուներն էլ դժգոհություն են հայտնել մրցույթի արդյունքներից, ապա, պատասխանելով իր ստաժի հետ կապված հարցին, նշեց, որ դա գործավարի ստաժ չէ, ինքն ունի 3 տարվա կառավարման ստաժ. «Ես գործավար չեմ եղել, ես եղել եմ օգնական, ինչ վերաբերում է իրենց դժգոհություններին, ես չեմ կարող ոչինչ պատասխանել»,-նշեց Հակոբյանն ու անջատեց հեռախոսը, որից հետո հնարավոր չեղավ կապվել նրա հետ։
Ինչ վերաբերում է մշակույթի նախարարությանը, ապա սկզբում բանավոր, հետո նաեւ գրավոր հարցում ուղարկեցինք նախարարություն, որտեղից մեզ խոստացան պարզաբանում տալ, բայց օրվա ընթացքում չտվեցին՝ թերեւս հույսով, որ պատասխանն ուշացնելը մեզ ետ կպահի այս խնդրին անդրադառնալու մտադրությունից։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ