Խորհրդարանը ցրելիս Արցախի նախագահը հարկադրված է լինելու դադարեցնել նաեւ իր լիազորությունները

Խորհրդարանը ցրելիս Արցախի նախագահը հարկադրված է լինելու դադարեցնել նաեւ իր լիազորությունները

Հարցազրույց արդարադատության նախկին նախարար, Հայաստանի սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ
Գեւորգ Դանիելյանի հետ



- ԼՂ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգից պարզ դարձավ, որ ընտրվել է կառավարման ուժեղ նախագահական մոդելը, հիմնավորումը «ԼՂՀ առջեւ ծառացած մարտահրավերներն են», որոնք «պահանջում են ուժեղ եւ միասնական գործադիր իշխանություն»։ Ի սկզբանե Ղարաբաղում քննարկում էին խորհրդարանական մոդելը, իշխանությունը կրկին բացատրում էր, որ երկրի առջեւ ծառացած մարտահրավերներն են պահանջում, ինչո՞ւ հանկարծ կտրուկ շրջադարձ եղավ։



- Հրապարակված նյութերում առկա է անհարկի շփոթ. շատերը փորձում են պարզունակ վերլուծությամբ ապացուցել, թե իբր արտաքին անվտանգության միեւնույն մարտահրավերների պարագայում անհասկանալիորեն ընտրվել են ընդհանուր եզրեր չունեցող կառավարման տարբեր ձեւեր: Սակայն չպետք է անտեսել, որ խնդիրը չափազանց բարդ է, եւ համարժեք ընկալելու համար առնվազն հարկ է նկատի ունենալ հետեւյալ գործոնները:



Նախ, արտաքին անվտանգության իրական մարտահրավերներին արդյունավետ դիմագրավելու տեսանկյունից անվերապահորեն ընդունելի է համարվում նախագահական կառավարման ոչ թե ցանկացած, այլ դրա այնպիսի մոդելը, որի պարագայում առնվազն հստակ լուծում է ստանում երկու գերխնդիր: Առաջին՝ երկրի նախագահը պետք է ոչ միայն օժտված լինի պարզապես լայն լիազորություններով, որոնք նրան հնարավորություն կտան հնարավորինս արագ արձագանքելու մարտահրավերներին, այլեւ պարտավոր է ստանձնել իրատեսական ու կանխատեսելի պատասխանատվություն, ինչը, ըստ էության, բացակայում է գործող Հիմնական օրենքով: Դուք պետք է որ հիշեք. մենք եւս Հայաստանում սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում անդրադարձել էինք այն խնդրին, որ չի կարող ընդունելի եւ իրավաչափ համարվել կառավարման այնպիսի համակարգը, երբ կառավարությունը զրկված է լինում լիարժեք ու անկաշկանդ գործելու հնարավորությունից, սակայն գրեթե կրում է լիիրավ պատասխանատվություն:
Կարեւոր է նաեւ երկրորդ նախապայմանը. Արցախում բնավ տուրք չի տրվել կառավարման նախագահական ձեւի դասական մոդելին. նախապատվությունը տրվել է այնպիսի համակարգի, երբ իշխանության ճյուղերը ձեռք են բերում միմյանց հակազդելու լրջագույն լծակներ, իսկ միմյանց նկատմամբ սահմանափակումներ կիրառելիս հարկադրված են հաշվի առնել նաեւ հենց իրենց նկատմամբ արդեն իրավունքի ուժով սահմանափակումներ կիրառելու միանգամայն իրական հեռանկարը: Մասնավորապես, խորհրդարանին ցրելու նախաձեռնությամբ հանդես գալիս նախագահը հարկադրված է լինելու դադարեցնել նաեւ իր լիազորությունները:



Ըստ էության, տվյալ դեպքում վճռորոշ է դառնում ոչ այնքան կառավարման ձեւի ընտրությունը, որքան վերը նշված եւ նմանաբնույթ մի շարք այլ արժեքների ճշգրիտ համադրման խնդիրը: Այլ կերպ ասած՝ խորհրդարանական կառավարման ձեւի կողմնակիցները ոչ թե դեմ են արտաքին անվտանգության մարտահրավերներին արդյունավետ դիմագրավելու անհրաժեշտությանը, այլ գտնում են, որ հնարավոր էր կանգ առնել խորհրդարանական կառավարման այնպիսի մոդելի վրա, որը հնարավորություն կտար երաշխավորել համարժեք արձագանքելու լիարժեք համակարգի ներդրումը:



- Ստացվում է, որ Հայաստանում եւ Ղարաբաղում գործելու են կառավարման տարբեր մոդելներ: Մի՞թե Հայաստանի առջեւ ծառացած չէին նույն մարտահրավերները։ Որքանո՞վ է ճիշտ միմյանց սերտորեն կապված (սկսած բանակից՝ վերջացրած ֆինանսական հարցերով) պետություններում կառավարման տարբեր մոդելը, հարաբերվելիս խնդիրներ չե՞ն առաջանա։



- Ինչ վերաբերում է միեւնույն մարտահրավերներին, ապա այս հարցում կան որոշ նրբություններ: Նշեմ միայն, որ Արցախը չճանաչված պետություն է եւ, ցավոք, զրկված է միջազգային համագործակցության լիարժեք լծակներից, անգամ իր միջոցներով պաշտպանության նպատակով զենք ձեռք բերելու հնարավորությունից: Ինչեւէ, անաչառ լինելու դեպքում չենք կարող պնդել, որ սպառնացող մարտահրավերներն ու դրանց դիմակայելու իրական հնարավորությունները նույնական են:



Կառավարման տարբեր ձեւերը հարաբերությունների ձեւավորման ու զարգացման տեսանկյունից վճռորոշ նշանակություն չունեն, նույնկերպ կարող էինք պնդել, որ միեւնույն կառավարման ձեւն ինքնին համագործակցության երաշխիք է, միաժամանակ կարելի է բերել բազում օրինակներ, երբ անգամ վերպետական միջազգային կազմակերպություններ հիմնադրած պետությունները նախապատվությունը տվել են տարբեր կառավարման ձեւերի:



Նկատենք, որ նույն հարցը հնչում էր՝ կապված ԵԱՏՄ-ի հետ փոխհարաբերության կտրվածքով, քանզի, Հայաստանից բացի, ԵԱՏՄ բոլոր երկրներում գործում է նախագահական կառավարման ձեւը՝ իր որոշ մոդելներով: Կոնկրետ հարցերի շուրջ բանակցություններ վարելիս, ինչպես հայտնի է, մասնակցում են համապատասխան իրավասություն ունեցող անձինք՝ անկախ իրենց պաշտոնից, ըստ այդմ էլ՝ մի կողմին կարող է ներկայացնել երկրի նախագահը, մեկ այլ կողմին՝ վարչապետը եւ այլն:
Հասկանալի է, որ հարցադրման ասպեկտը մի փոքր այլ է ՀՀ-ի եւ Արցախի պարագայում, որոնք, ըստ էության, կուսակցական ապօրինի որոշումների արդյունքում միեւնույն պետության պատմական տարածքներում ձեւավորված եւ միեւնույն ազգը ներկայացնող ինքնուրույն պետություններ են: Այն վերապահումով, որ Արցախի միջազգային իրավական կարգավիճակը դեռեւս բանակցային փուլում է, Արցախը չճանաչված պետություն է՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով: Այսպիսով, մինչեւ Արցախի միջազգային իրավական կարգավիճակի հստակեցումը, վերջինս ի զորու է հանրաքվեի ճանապարհով ընտրելու անվտանգության, սոցիալ-քաղաքական ու իրավական նախադրյալներին համահունչ կառավարման ձեւ, ինչը բնավ չի խոչընդոտում ոչ միայն Հայաստանի հետ համագործակցությանը, այլեւ հետագա միավորմանը: Բնականաբար, միավորման դեպքում կգործի մեկ միասնական իրավական-պետական համակարգ:



- Ադրբեջանում նույնպես ուժեղ նախագահական համակարգ է գործելու, Արցախում նույն մոդելի ընտրությունից կարելի՞ է եզրակացնել, որ հեռահար ծրագրեր կան, հատկապես տարածքների վերադարձի ֆոն կա։



- Ինչ-որ շատ հեռու գնացիք՝ հընթացս արտահայտելով ներքին հակասություն բովանդակող մտքեր: Նախ, որքանով հետեւում եմ պաշտոնական լրատվությանը, հրապարակված իրավասու պաշտոնական նյութերում երբեք չի խոսվել «տարածքների միակողմանի զիջման մասին»: Առնվազն լուրջ վերապահումներով, հատկապես անվտանգության միանշանակ երաշխիքների առկայության համատեքստում, ընդգծվում է սահմանների ճշգրտման խնդիրը, ինչը բնավ չի նշանակում տարածքների միակողմանի զիջում, ավելին՝ խելամիտ ու արդարացի լուծումների պարագայում կարելի է ակնկալել այնպիսի տարածքների նկատմամբ իրավազորության վերականգնում, որոնք այս փուլում բռնազավթված են Ադրբեջանի կողմից: Ընդ որում՝ բազմիցս պաշտոնապես ընդգծվել է, որ ստեղծված իրավիճակում խոսք անգամ չի կարող լինել այդպիսի երաշխիքներն իրատեսական գնահատելու մասին, հետեւաբար՝ տարածքային խնդիրը, անգամ ածանցյալ որակումով, արդեն իսկ ողջամտորեն հանված է շրջանառությունից: Ցավոք, հասարակական-քաղաքական մթնոլորտը դեռեւս թույլ չի տալիս համարժեք, ճշգրիտ ընկալելու արդի զարգացումները, ուստի նախապատվությունը տալիս ենք «դավադրության տեսությանը»: Իսկ շահարկումների ու հակառակորդի հետեւողական կեղծ քարոզչության համատեքստում, իրոք, դժվար է ոչ բավարար չափով իրազեկված քաղաքացուն հստակ կողմնորոշվել:



Ազատագրված տարածքների առնչությամբ Ադրբեջանի իրավազորությունն անգամ իրենց հիմնական օրենքով ու այլ իրավական ակտերով ամրագրված չէ: Մասնավորապես, նրանց սահմանադրությունը մանրամասն կարգավորում է Նախիջեւանի կարգավիճակին, հանրային իշխանության մարմիններին առնչվող հարաբերությունները, ինչը, սակայն, բացակայում է հիշյալ տարածքների առնչությամբ:



- Ի դեպ, Իսրայելը 70 տարի պատերազմական վիճակում է, բայց ունի կառավարման պառլամենտական համակարգ:



- Այդ հարցին մասամբ անդրադարձա, երբ խոսում էի անվտանգությանը դիմակայելու փաստացի հնարավորությունների ու ձեւավորված տարածաշրջանային քաղաքական իրավիճակի մասին: Համոզված եմ, որ, հիշյալ նկատառումներով հանդերձ, այնքան էլ տրամաբանական չէ զուգահեռներ անցկացնել Իսրայելի եւ Արցախի միջեւ:



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ