Իշխանությունը համաձա՞յն է հրապարակել ընտրողների ցուցակները

Իշխանությունը համաձա՞յն է հրապարակել ընտրողների ցուցակները

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները չեն վստահում ընտրողների ստորագրությամբ ցուցակները հրապարակելու իշխանությունների առաջարկին, որն արվել է իբրեւ հակակշիռ հունիսին «4+4+4» ձեւաչափով քննարկումների արդյունքում ձեռք բերված համաձայնագրի չեղարկման:



Կոնսենսուսային համաձայնագրով իշխանությունը պարտավորվում էր փոփոխություններ կատարել Ընտրական օրենսգրքում, համաձայն որոնց՝ կուսակցությունների համար հասանելի կլինեին անգամ այն տեղամասերում ընտրությանը մասնակցած անձանց ցուցակները, որտեղ նրանք չեն ունեցել հանձնաժողովի անդամներ կամ վստահված անձինք։ Ինչպես նաեւ ընտրողները քվեարկությանը պետք է մասնակցեին միայն նույնականացման քարտերով, որոնք պետությունը մինչեւ ընտրությունները պիտի տրամադրեր բոլոր ՀՀ քաղաքացիներին՝ անվճար։ Քվեարկությունից առաջ պետք է նմուշառվեին նաեւ ընտրողների տասը մատնահետքերը, դրանց բանկ պետք է ստեղծվեր, որպեսզի անձը կրկնակի քվեարկություն չկարողանար իրականացնել։



Բոլոր 2 հազար տեղամասերում պետք է տեղադրվեին տեսախցիկներ, ընտրական գործընթացը պիտի հեռարձակվեր նաեւ ուղիղ եթերով։ Համաձայն ԸՕ-ի, սեպտեմբերի 1-ից պետք է կյանքի կոչվեր վերահսկողական մեխանիզմների ներդրման գործընթացը, սակայն բոլորովին վերջերս հայտնի դարձավ, որ միջազգային ընկերությունները տեխնիկապես չեն կարող հասցնել ոչ ID քարտերի տպագրությունը, ոչ տեխնիկական այլ սարքերի տեղադրումը, ոչ էլ հատկապես բոլոր ընտրողների 10 մատի մատնահետքերը վերցնելու եւ թվայնացնելու գործը: Եվ որպեսզի չստացվի, որ նորից կանգնեցինք կոտրած տաշտակի առաջ, փոխարենը իշխանությունն առաջարկել է ընտրողների քվեարկած ցուցակների հրապարակումը, որին դեմ է եղել տարիներ շարունակ, եւ որը տարիներ ի վեր պահանջել են ընդդիմադիրները: Իշխանություններն անգամ հղում էին անում Վենետիկի հանձնաժողովին, որ ցուցակների հրապարակումը մարդու իրավունքների լուրջ խախտում է, մարդու անձնական տվյալների տարածում: Հիմա, փաստորեն, այլեւս անձնական կյանքի գաղտնիության խնդիրը չկա՝ համաձայնել են հրապարակել։ Այս առաջարկը ներկայացվել է նախեւառաջ ՀԱԿ-ին, որն ամենից ակտիվ դիմադրողներից էր անցյալում։ Վերջինս էլ իր հերթին քննարկումներ է սկսել ընդդիմադիր գործընկերների հետ, ինչպես նաեւ առաջարկել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ ներկայացնել փորձագիտական կարծիք։ Վերջիններս, ի դեպ, հունիսին «4+4+4» բանակցությունների ժամանակ իրենց ստորագրությունը չդրեցին Ընտրական օրենսգրքի շուրջ կոնսենսուսային փաստաթղթի, այսինքն՝ իշխանության ներկայացրած առաջարկների տակ՝ հայտարարելով, թե կպահեն չեզոքություն եւ կհետեւեն ընտրական գործընթացների օրինականությանը։



Անցած ուրբաթ օրը քաղհասարակության մասնակցությամբ տեղի է ունեցել քննարկում, որին մասնակցել է նաեւ քաղաքացիական ակտիվիստ Դանիել Իոանիսյանը։ Քննարկման նպատակը ՀԱԿ-ի խնդրանքն է եղել՝ փորձագիտական կարծիք տրամադրել ցուցակների հրապարակման առաջարկի հետ կապված։ Իոանիսյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ մի շարք պատճառներով անհնար է հավատալ ու հավանություն տալ իշխանության ներկայացրած առաջարկին, թեկուզ այդ պահանջը մշտապես եղել է ընդդիմության եւ քաղհասարակության օրակարգում. «Պետք է հաշվի առնել, որ երբ ցուցակների հրապարակման պահանջը մասնակի բավարարվել էր այն փաթեթով, որը տապալվեց (ճիշտ է՝ ոչ պաշտոնապես էին համաձայնել ցուցակները տրամադրել, չէին ստորագրում ու կնքում, բայց տալիս էին ցուցակները), եւ նախորդի հետ համեմատած այս առաջարկն էական տարբերություն չունի, փոխարենը հետընթաց կա ընտրողների 10 մատների մատնահետքի չեղարկման առումով կամ իդենտիֆիկացման վերաբերյալ, ապա անիմաստ է ընդունել»։ Դանիել Իոանիսյանը նկատեց՝ անհասկանալի է, թե ամիսներ առաջ իշխանությունն ինչպես էր հղում անում Վենետիկի հանձնաժողովին, եւ հիմա ինչ բացատրություն է տրվելու այդ մասին։ «Ես կարող եմ ասել, որ քաղհասարակության շրջանում, անգամ այս առաջարկով հանդերձ, բոլորը կարծում են, որ 2011 թվականի օրենսգիրքն ավելի լավն էր»,- հավելեց մեր զրուցակիցը:



Դեռ ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն են քննարկում իշխանության առաջարկը, որի մասին մինչեւ սեպտեմբերի 1-ը պետք է վերջնական կարծիք հայտնեն։ ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը ողջունեց ցուցակների հրապարակման առաջարկը՝ հիշեցնելով, որ Վենետիկի հանձնաժողովի մասնագետներն ի սկզբանե էլ դեմ չէին դրան. «Հունիսին, երբ մենք հանդիպեցինք նրանց, մեզ հայտնեցին, որ սկզբունքորեն դեմ չենք»։ Մելքումյանին, այդուհանդերձ, ցուցակների հրապարակման վերաբերյալ մի շարք հարցեր են մտահոգում. «Օրինակ՝ ի՞նչ իրավական լուծումներ կան, ենթադրենք՝ ցուցակները հրապարակեցին, եւ հայտնաբերեցինք շեղումներ, այդ բոլոր ընթացակարգերն ԸՕ-ով ինչպե՞ս են նախատեսվելու, ի՞նչ սանկցիաներ, պատժամիջոցներ, ի՞նչ ժամկետներ»։ Մելքումյանն ասաց, որ մինչեւ այս պահն իրեն հայտնի չէ, թե ինչ փաստաթուղթ է առաջարկվել, որի հիման վրա ԸՕ-ում լրացում պետք է լինի։



Վենետիկի հանձնաժողովը եւ Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) նախօրեին հրապարակել են մայիսի 25-ին ընդունված Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ երկրորդ կարծիքը՝ նշելով, որ իրենց նախորդ կարծիքում բերված առաջարկությունների զգալի մասը հաշվի են առնվել: Անդրադարձել են նաեւ «4+4+4» ձեւաչափով բանակցություններին եւ դրա արդյունքում ձեռք բերված համաձայնությանը:



«Կարեւոր է նաեւ այն հանգամանքը, որ 2016թ․ մայիսի 25-ին ընդունված նոր Ընտրական օրենսգիրքն ստացել է նշանակալի մեծամասնության աջակցությունը, ինչին հաջորդել է իշխանական եւ ընդդիմադիր կուսակցությունների միջեւ լայն քաղաքական համաձայնությունը ժողովրդավարական ընտրությունների համար անհրաժեշտ հավելյալ միջոցների շուրջ, որոնք կարող են ընդլայնել ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ նախապայմանները: Քաղաքացիական կազմակերպությունները նույնպես կառուցողական մասնակցություն են ունեցել բանակցություններին, թեեւ, ի վերջո, չեն ստորագրել վերջնական համաձայնագիրը: Այդ համաձայնագիրը հիմք հանդիսացավ Ընտրական օրենսգրքի հավելյալ բարեփոխումների համար, որը խորհրդարանի կողմից ընդունվեց 2016թ․ հունիսի 30-ին եւ որը, մասնավորապես, նախատեսում է նոր տեխնոլոգիաների օգտագործում ընտրական գործընթացի վերահսկողության նպատակով՝ պայմանով, որ ապահովվի համապատասխան ֆինանսավորում: Այս հավելյալ փոփոխություններից շատերը կարող են դիտարկվել որպես ընտրական համակարգի եւ գործընթացների նկատմամբ հասարակության վստահությունը բարձրացնելուն ուղղված քայլեր»,- ասված է փաստաթղթում՝ «Ազատության» փոխանցմամբ:



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ