Ամեն մեկը մի դուքանի է ծառայում, դրա համար էլ չեն միավորվում

Ամեն մեկը մի դուքանի է ծառայում, դրա համար էլ չեն միավորվում

ՏԻՄ ընտրությունների գործընթացներից դատելով՝ ընդդիմությանն այս անգամ էլ չհաջողվեց միասնաբար, դաշինքներով մասնակցել իշխանություն ձեւավորելու պրոցեսին, գոնե՝ տեղական իշխանությունների մակարդակով։ Ինչո՞ւ Հայաստանում ընդդիմությանը չի հաջողվում միավորվել, որից այդքան վախենում են իշխանությունները։ Չէ՞ որ կյանքը ցույց է տալիս, որ հասարակությունը գնում է միավորված ընդդիմության ետեւից, եւ միասնական հանդես եկող ընդդիմությունը հզոր ուժ է դառնում։ Այս հարցերի շուրջ զրուցեցինք ընդդիմադիր գործիչ, ՀԱԿ դաշինքի անդամ, «Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանի հետ։



- Պարոն Գիմիշյան, ՏԻՄ ընտրություններին էլ ընդդիմադիրներն առանձին-առանձին մասնակցություն կունենան։ Ձեր կարծիքով, ինչո՞ւ չի կայանում ընդդիմության միավորումը։



- Նախ՝ Հայաստանում շուտվանից տեղական ինքնակառավարում գոյություն չունի, դա մարզպետների իշխանության իրականացման մեխանիզմ է։ Եթե տեղական ինքնակառավարում չկա, եւ դա պետական կառավարման մի հատված է, ապա այնտեղ անելիք չկա, դու չես կարող գաս եւ ինքնակառավարվես, դու պիտի մտնես իշխանության համակարգ, դառնաս իրենց նման, այդ պատճառով էլ քաղաքական դաշտը մեծ ուշադրություն չի դարձնում կոնկրետ ՏԻՄ ընտրություններին՝ հասկանալով, որ այնտեղ հարց չի լուծում՝ ոչ բնակիչների, ոչ երկրի եւ ոչ էլ այլ հարց։ Ընդամենը անձնական հարցեր կարելի է լուծել։ Հիմա, երբ Հայաստանում արտաքին եւ ներքին սպառնալիքների մի մեծ հարցաշար կա, զբաղվել ընտրություններով՝ մենակ իշխանությունը կարող է իրեն թույլ տալ, այդկերպ շեղել ժողովրդին։ Էլ չենք խոսում, որ ընտրական համակարգ չկա։



- Այդուհանդերձ, փաստն այն է, որ ընդդիմադիրներն անմասն չեն մնում ընտրական գործընթացներից, իսկ պատմությունը ցույց է տվել, որ փոքրիկ միավորումների դեպքում հաջողությունն անխուսափելի է եղել թեկուզ խորհրդարանական մակարդակում, քաղաքական այլ գործընթացներում։ Որո՞նք են պատճառները, որ թույլ չեն տալիս ընդդիմությանը միավորվել։



- Պետք է տարանջատել իրական ընդդիմությանն ԱԺ-ում այսօր ներկայացված լիքը ընդդիմադիրներից, ժամանակին ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը, ԲՀԿ-ն եւ այլն, բոլորը, պարզվում է, ընդդիմություն են եղել։ Եթե խոսքն այդ ընդդիմության մասին է, ապա կարող եմ ասել, որ մեր երկրում եւ ընդդիմությունն է նշանակվել Վենետիկի հանձնաժողովի կողմից, եւ իշխանությունը։ Իրենք հիմար չեն մենակ իշխանություն նշանակել։ Եթե այդ ընդդիմությանը նկատի ունեք, ապա երբեք չի միավորվի, նրա տերերը թույլ չեն տա, որ իրենք միավորվեն։ Իրական ընդդիմությունը ժողովուրդն է, 99 տոկոսը ժողովրդի ատելությամբ է տրամադրված այսօրվա իշխանությունների նկատմամբ, նաեւ, Ձեր ասած, ընդդիմության նկատմամբ։ Իրական ընդդիմություն՝ ժողովրդի զավակներ, դեռ կհայտնվեն ու կառաջնորդվեն Հայաստանի շահերով, անունները հեչ կարեւոր չեն։ Այն ընդդիմությունը, այն մարդիկ, որոնք կկառավարեն Ազատության հրապարակը, եւ այնտեղ կլինի ամբողջ ժողովուրդը, նրանք կլինեն ընդդիմության ներկայացուցիչը, ոչ թե վերեւից ներքեւ նայողներ ու աթոռին նստելուց հետո ժողովրդին մոռացողներ։ Ընտրություններ Հայաստանում չկան արդեն 20 տարուց ավելի, դրանք կեղծվում են 90 տոկոսով, Վենետիկի հանձնաժողովը հաստատում է եւ լեգիտիմ է ճանաչում այն մարդկանց, որոնք 5-10 տոկոս ձայն են հավաքում։



- Վերջին շրջանում երիտասարդ սերնդի ներկայացուցիչները նոր կուսակցություններ հիմնեցին, ստացվում է, որ իրենք էլ նոր մշակույթ չեն բերում, շարունակում են նախորդների սխալները։



- Ոչ ոք չի կարող նոր մշակույթ բերել, որովհետեւ քաղաքական դաշտը մեզ մոտ չի գործում, գործում է բիրտ ուժը, ի՞նչ քաղաքական մշակույթ, երբ որ իշխանությունը հանցագործների հետ միասին հայ ժողովրդին փորձում է ճնշել։



- Գուցե ազգային մենթալիտետն է խնդիրը, ամբիցիաների հարց կա, որ չեն միավորվում։



- Հայ ժողովրդից ավելի լավ ազգային մենթալիտետ ունեցող չկա, 25 տարվա մեջ մեր ազգը 5 անգամ ազգովին կանգնել է, կարո՞ղ եք մի օրինակ բերել։ Այդ մենք՝ ապաշնորհ քաղաքական գործիչներս ենք, որ չկարողացանք միասնաբար ոտքի կանգնել եւ դա օգտագործել ի շահ ժողովրդի։



- Խոսքը հենց Ձեր՝ քաղաքական գործիչների մասին է։



- Մենք «Հայք» ծրագիր ենք մշակում՝ վտանգների առջեւ ներքին մոբիլիզացիայի , հետո ավելի լայն շրջանակներում այն իրագործելու վերաբերյալ, ծրագրի իրականացման խնդիրներից մեկն այն է, որ պետք է քաղաքական խորհուրդ ստեղծենք, որը պետք է հանդիսանա հենարան ժողովրդի վստահության կառավարության, մենք արդեն երկու-երեք տարի է՝ չենք կարողանում 10-15 կուսակցություն մի սեղանի շուրջ հավաքենք։ Գոնե գան նստեն, դուրները չգա՝ գնան. սա էլ քաղաքական դաշտի որակի, ամբիցիաների մասին է խոսում, անձնական շահերի, արտաքին եւ իշխանության կողմից կառավարվելու մասին է խոսում։ Նստել մի սեղանի շուրջ եւ երկրում գոյություն ունեցող խնդիրների օրակարգը մի փաստաթղթով ամփոփ ձեւակերպել՝ անգամ սա չենք կարողանում, որովհետեւ շատ քիչ կան իսկապես հայրենասեր, ազգասեր նվիրյալներ, ամեն մեկը մի դուքանի է ծառայում, մի դուքանից էլ կառավարվում են, դրա համար էլ տարբեր ուղղություններով են շարժվում։ Գալիս են, լսում են, ասում՝ հա, ու հակառակն են անում՝ ի վնաս նրա, որ համախմբում տեղի չունենա։ Անգամ այն մարդիկ, որոնց մի քիչ վստահում ենք, նստում-խոսում, գնում՝ երկու օրից բոլորովին հակառակ քայլերն են անում։ Դրա համար էլ հայ ժողովուրդն այսօր կուսակցություններին չի վստահում, ժողովրդին չես կարող խաբել, անցան այն ժամանակները, որ նկարը ցույց տալով՝ ասում էին. տեսեք, ինչ լավ է այնտեղ կյանքը, մենք էլ, որ այդ համակարգին անցնենք, լավ կլինի։ Բայց վստահ եմ, որ, ի վերջո, կարողանալու ենք ամբողջացնել հայ ժողովրդի ներուժը եւ լուծել մեր խնդիրները։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ