Ոչ մի հարցի չեմ խառնվում

Ոչ մի հարցի չեմ խառնվում

ԲՀԿ-ական Աբրահամ Մանուկյանը՝ Հայկոոպի Աբոն, տեւական բացակայությունից հետո արդեն Հայաստանում է։ «Հե՞տ եք բերել ԲՀԿ-ից տարած փողերը» մեր հարցին Մանուկյանը հարցով պատասխանեց. «Բայց ո՞ւմ փողերն են եղել դրանք, էդ ո՞վ է գումար տվել, որ կարա գումարի մասին էլ խոսա»։ Ձեր ֆինանսավորողների, գուցե Հովիկ Արգամիչի՞, ի՞նչ իմանանք՝ մամուլն է գրում, որ հեռացել եք՝ Ձեզ հետ տանելով ԲՀԿ-ի փողերը։ «Հիմա չգիտեմ, բայց էն ժամանակ նման բան չկար»,- լրջացավ Աբրահամ Մանուկյանը, նկատի ունենալով ԲՀԿ-ի՝ վարչապետի կողմից ֆինանսավորվելու մասին լուրերը։



Մինչդեռ ամիսներ շարունակ քաղաքական կուլիսներում խոսակցություններ էին գնում, թե Աբրահամ Մանուկյանը վերցրել է կուսակցությանը պատկանող ավելի քան 100 միլիոն դրամի հասնող գումարը, որը նախատեսված է եղել ԲՀԿ տարածքային կառույցների աշխատանքը կազմակերպելու համար, եւ փախել Հայաստանից։ Նա մի քանի ամիս ԱԺ նիստերին չէր հաճախում, նրա օգնականը եւ կուսակից ընկերներն ասում էին, որ Հայաստանում չէ։ Աբրահամ Մանուկյանը նախկինում տարածքային կառույցների համակարգողն էր, հետո կառավարումը վերցրին նրա ձեռքից, թողեցին միայն Շենգավիթ եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների համակարգումը։ Հիշեցնենք, որ ամիսներ առաջ, երբ ԲՀԿ-ում կոնֆլիկտային իրավիճակ էր, որոշ պատգամավորներ լքեցին կուսակցությունը, խոսակցություններ կային, որ խժդժություններ հրահրողն Աբրահամ Մանուկյանն է։ Ասում էին, թե իբր նա ցանկանում է կուսակցությունում իշխանափոխություն անել եւ անձամբ ստանձնել ԲՀԿ ղեկավարումը, ինչը կանխվեց՝ նրան հեռացրին տարածքային կառույցների կառավարումից։ Շրջանառվող տեղեկությունների համաձայն, ԲՀԿ-ում այժմ տարածքային կառույցները համակարգում է կուսակցության նախկին պատգամավոր Գրիգոր Գրիգորյանը՝ Շերիֆը, Վարդան Վարդանյանի հետ միասին։ Աբրահամ Մանուկյանը երեկ մեզ ասաց, որ ոչ թե իրեն հեռացրել են, այլ ինքն է հեռացել. «Այդ մասին հայտարարել է նաեւ Վահե Էնֆիաջյանը, որ ես եմ հրաժարվել, ես ըտենց եմ ցանկացել եւ վերջ»։ Ինչո՞ւ, որովհետեւ հեռանկար չե՞ք տեսնում կուսակցության հետ։ «Իմ համոզմունքն է եղել պատճառը»։ Աբրահամ Մանուկյանն ասաց նաեւ, որ մարտ ամսից սառեցրել է ԲՀԿ-ի հետ իր գործունեությունը. «Ոչ մի հարցի մեջ չեմ խառնվում, ոչ մի գործառույթների մեջ չկամ»։ Պատճա՞ռը։ «Իմ ցանկությունն ա, մինչեւ սեպտեմբերի վերջ, հոկտեմբերի կեսերը նոր կասեմ, թե շարունակո՞ւմ եմ, ի՞նչ եմ անում եւ այլն, եւ այլն»։



ԲՀԿ պատգամավորը չբացառեց ոչ ԲՀԿ-ում մնալը, ոչ դուրս գալը, ժամկետները սահմանել է ինքը՝ վստահ լինելով, որ հենց այդ ժամանակ է քաղաքական կյանքն ակտիվանալու, ու ինքն էլ այդ ժամանակ կկողմնորոշվի։ Մամուլում տեղեկություններ կան, որ Մանուկյանը կանդամակցի Վահան Բաբայանի Ռեֆորմիստների կուսակցությանը, սակայն նա ասաց, որ այս պահին նման մտադրություն չունի։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ