Խոստանում է, որ այս անգամ չի վախենա Լիսկայից

Խոստանում է, որ այս անգամ չի վախենա Լիսկայից

Հոկտեմբերի 2-ին թեժ մարտեր են սպասվում ոչ միայն Գյումրի եւ Վանաձոր քաղաքներում։ Արթիկում եւ Կապանում դրամատիկ ընտրությունների նախադրյալներ եւս արդեն կան։ Կապանում մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ Լիսկայի ռեժիմի դեմ պայքարի է դուրս եկել նախկին քաղաքապետ դաշնակցական Արտուր Աթայանը, որը պայքարելու է մարզպետի դրածո քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի դեմ։ Քաղաքում ժողովրդականություն վայելող դաշնակցական թեկնածուն լուրջ սպառնալիք է եղել իշխանության համար նախորդ ընտրություններում, այս անգամ էլ Խաչատրյանը փորձել է կանխել նրա առաջադրումը, բայց չի հաջողել։



Անցած ընտրություններին Աթայանը Լիսկայի ճնշումների տակ հանեց թեկնածությունը՝ հայտարարելով, թե ինքն ու իր «կողքին կանգնած մարդիկ ենթարկվում են հոգեբանական, ֆինանսական ճնշումների»: Արտուր Աթայանից երեկ հետաքրքրվեցինք, թե ի՞նչ երաշխիք, որ այս անգամ էլ մարզպետը ճնշումներ չի գործադրի իր նկատմամբ, ու ինքն էլ կեսից չի լքի «մարտի դաշտը»։ «Չէ, նախորդ անգամվա պես չի լինելու, ես էլ մինչեւ վերջ մնալու եմ, հստակ»,- խոստացավ ՀՅԴ-ական թեկնածուն, թերեւս նկատի ուներ, որ ՀՅԴ-ն այլեւս ընդդիմություն չէ, այլ իշխանություն, եւ իշխանության մյուս թեւի՝ Հանրապետականի հետ լեզու կգտնեն։



«Այս անգամ ինչ ուզում է լինի, մինչեւ վերջ գնալու եմ»,- հավելեց Աթայանը՝ միաժամանակ չբացառելով, որ այս անգամ էլ հնարավոր չի լինելու խուսափել ճնշումներից։ «Այս անգամ իմ կողքին շատ ուժեղ թիմ է հավաքվել, եւ կարծում եմ, որ երկրում էլ շատ բան է փոխվել ապրիլյան պատերազմից հետո»։



Ինչպե՞ս է դաշնակցականը վերականգնելու կապանցիների՝ իր նկատմամբ սասանված հավատը։ «Ինձ հավատում ու ցանկանում են, որ ես լինեմ քաղաքապետ, ու հենց ժողովրդի պահանջով էլ ես գալիս եմ, իրենք համաձայն չեն այն ամենի հետ, ինչ անցած չորս տարիներին եղել է քաղաքում, իրենք էլ իմ մեջքին մինչեւ վերջ կանգնելու են, անկախ ամեն ինչից»։ Աթայանը չի կարծում, որ նախորդ ընտրություններն իր վարկանիշի վրա մեծ ազդեցություն են ունեցել. «Ես այլընտրանք չունեի, բոլորը գիտեն այդ մասին»։ Թեկնածուն բացառեց նաեւ, որ իր թեկնածությունն ինչ-որ պահի կհանի՝ հանուն ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն գործընկերության. «Ես մինչեւ վերջ գնալու եմ, իմ ընկերները, կուսակցական ընկերները, ժողովուրդը, մինչեւ վերջ գնալու ենք»։



ԲՀԿ-ն Կապանում նույնպես թեկնածու կունենա՝ Արթուր Մարտիրոսյանը, որը Կապանի ԲՀԿ տարածքային խորհրդի նախագահն է, Կապանի զորամասի նախկին հրամանատարը։



Արթիկում էլ ավելի հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել։ Այստեղ, ինչպես հայտնի է, ՀՀԿ-ի թեկնածուն նախկին ԲՀԿ-ական, ներկայումս անկուսակցական Մուշեղ Պետոյանն է, որը փետրվարյան իրադարձություններից հետո լքեց ԲՀԿ-ն։ Երեկ թեկնածություն է առաջադրել նաեւ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մխիթար Վարագյանը։ Նա Արթիկի նախկին քաղաքապետ ՀՀԿ-ական Խաչատուր Վարագյանի եղբայրն է։ ՀՀԿ-ական Վարագյանն ինքնառաջադրվել է, թեպետ լրատվամիջոցներում տեղեկություններ կան, որ նրան կպաշտպանի ԲՀԿ-ն, իսկ Արթիկի մեր աղբյուրներն էլ հայտնում են, որ Մխիթար Վարագյանը հայտարարում է ՕԵԿ-ի աջակցության մասին։ Ինքը՝ թեկնածուն, չհաստատեց երկուսի մասին խոսակցություններն էլ, բայց նաեւ չհերքեց. «Ես չգիտեմ ով ինչ է գրել, ես ասում եմ՝ ինքնառաջադրվել եմ»։ Վարագյանի պնդմամբ՝ ինքն այլընտրանք չուներ։



«Ժողովուրդն է պահանջում, այլ ելք չունեմ, կոչով դիմել են, ասել են՝ եկեք աշխատեք։ Տեսել են, թե ժամանակին ինչ աշխատանքներ եմ կատարել, գիտեն, թե ինչ կարամ կատարեմ, դրա համար հիմա խնդրել են, որ գնամ՝ թեկնածություն առաջադրեմ»։ Թեկնածուի կարծիքով՝ ինքն այնպիսի բան չի արել, որ հարազատ կուսակցության պատժին արժանանա։ Վստահեցնում է նաեւ, որ մինչեւ վերջ մնալու եւ պայքարելու է. «Ես ինքնառաջադրվել եմ ու ՀՀԿ-ի թեկնածուի դեմ էլ չեմ պայքարելու։ Ես ուղղակի ուզում եմ ժողովրդի պահանջը կատարեմ»։ Հիշեցնենք, որ Վարագյանը 2012թ. ԱԺ ընտրություններում պարտվեց ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանին, որից հետո «անհետացավ» քաղաքական ասպարեզից, ասում են՝ անգամ նեղացել էր ՀՀԿ-ից: Վարագյանի քաղաքական «տանիքը» Քննչական կոմիտեի ղեկավար, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն է, որի հետ Վարագյանը քավոր-սանիկական հարաբերություններ ունի։ Վարագյանը վստահեցրեց, որ անգամ նրա հետ չի քննարկել իր առաջադրման մտադրությունը. «Շատ մարդիկ շատ մարդկանց աջակցությունն են վայելում, ես դրա մեջ վատ բան չեմ տեսնում, բայց ես ինքնառաջադրվել եմ ու ոչ մեկի հետ չեմ քննարկել»։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ