Հայաստանի իշխանությունները լուրջ մարտահրավեր նետեցին միջազգային հանրությանը

Հայաստանի իշխանությունները լուրջ մարտահրավեր նետեցին միջազգային հանրությանը

Ընտրական օրենսգրքի շուրջ ստեղծված պատմական կոնսոլիդացիան, որն այդքան ցնծություն էր պատճառել իշխանությանն ու ընդդիմությանը, նախօրեին կազմաքանդվեց, «4+4+4» ֆորմատով կայացված համաձայնությունները չեղյալ հայտարարվեցին՝ «տեխնիկական վերահսկողության միջոցների համար պայմանների բացակայության» հիմնավորումով: Այսինքն՝ իշխանությունները «քցեցին» ընդդիմադիրներին, որոնք սին հույսեր ունեին, որ ընտրությունների վերահսկողական մեխանիզմների ներդրման հարցում համաձայնությունը կյանքի կկոչվի, ու 2017-ի ընտրություններին հնարավորինս կնեղանա դեպի ընտրակեղծարարություն տանող ճանապարհը։



Ընտրական օրենսգրքի փոփոխությունները Հայաստանում ընդունվեցին 2 անգամ: Իշխանությունը 106 ձայնով անցկացրեց նախնական տարբերակը, հետո ընդդիմադիրների ճնշումների ու դժգոհությունների արդյունքում ձեւավորվեց «4+4+4» ֆորմատը, որտեղ քաղհասարակությունը ներկայացնող քառյակը՝ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, չստորագրեցին համաձայնեցված փաստաթուղթը՝ համարելով, որ իշխանությունն ամբողջությամբ չի ընդունել իրենց պահանջները։ «4+4+4» ձեւաչափով ամիսներ տեւած քննարկումների արդյունքում այս տարվա հունիսի 30-ին ընդունված Ընտրական օրենսգիրքը կրկին փոփոխվեց: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարտավորվեց միջազգային դոնոր կազմակերպությունների ֆինանսավորմամբ մինչեւ սեպտեմբերի 1-ն սկսել փոփոխությունների գործընթացը, համաձայն որի՝ ընտրողներին պետք է անվճար տրամադրվեին նույնականացման քարտեր, ձեռք բերվեին 10 մատնահետքերն ստուգող սարքավորումներ եւ ստեղծվեր այդ մատնահետքերի տվյալների պահոց։ Սակայն ԿԸՀ արտահերթ նիստում՝ օգոստոսի 29-ին, պաշտոնապես հայտարարվեց, որ Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխություններն առաջիկա համապետական ընտրություններում կյանքի չեն կոչվելու: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ 3 օր առաջ կառավարությունից տեղեկացրել են, թե տեխնիկական ապահովումն իրականացնող լեհական ընկերությունը չի կարող մինչեւ սեպտեմբերի 1-ն սկսել գործընթացը, ինչը պահանջվում էր օրենքով: «Բոլոր միջոցառումների իրականացումն անխուսափելիորեն պահանջում է ոչ պակաս, քան մի քանի ամիսների աշխատանք, ինչը տվյալ դեպքում բացառում է օրենքով սահմանված ժամկետում նշված գործընթացների մեկնարկը սեպտեմբերի 1-ին»,- գրել է Դավիթ Հարությունյանը ԿԸՀ-ին ուղղված նամակում։



ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը զարմանում է. «Ինչո՞ւ են հույսները միայն լեհերի վրա դրել, թող ուրիշ կազմակերպության դիմեն, միգուցե ուրիշը հասցնում է այդ տեխնիկական խնդիրները լուծել»։ Նա կասկածներ ունի, որ լեհական այդ ընկերությանն իշխանությունն իր հասանելիքն է տվել ու ասել, որ նման հայտարարություն անի, թե 4 ամսում հնարավոր չէ դա անել։ «Եթե վենետիկյան խավը, եվրոպական կառույցներն իրականում հետաքրքրվում են մեզնով, ապա թող գտնեն աշխարհում մեկ ուրիշ կազմակերպություն ու չսահմանափակվեն լեհերով, թող օգնեն։ Իսկ եթե բոլորը, սաղ աշխարհը միացել են իշխանությանն ու ուզում են ամեն ինչ տանեն ու գլորեն անդունդը, էլ ի՞նչ կարող ենք անել»։ ԲՀԿ-ական Խաչատրյանն անակնկալի չի եկել ԿԸՀ որոշումից. «Էդպես էլ պիտի լիներ, ամեն ինչ իր հունով գնալու է, ոնց ուզում են, ըտենց էլ լինելու է։ Էդ միջանկյալ խաղերն ինձ չեն ոգեւորում։ Մեզ պարզապես խաղացնում են, ֆոն ենք ստեղծում, թե ինչ-որ բան ենք քննարկում»։ Մինչդեռ Խաչատրյանը հույս ուներ, որ իշխանությունը փոփոխության կգնա։ «Անընդհատ հավատում ենք ու դուրս գալիս խաբնված, ի՞նչ անենք՝ չհավատա՞նք, չպայքարե՞նք»,- նեղսրտում է ԲՀԿ-ականը, որի կուսակցությունը գրեթե ողջ կազմով կողմ էր քվեարկել ԸՕ նախագծին, բացի Խաչատրյանից։ «Եթե կողմ չեք, հնարավո՞ր է այս ԸՕ-ի առկայության պարագայում բոյկոտեք համապետական ընտրությունները»,-հարցրինք նրան։ «Եթե ցույց տաք այլ օրենսգիրք, ապա այդ օրենսգրքով կմասնակցենք»,- սրամտեց ԲՀԿ-ականը։



Հայ ազգային կոնգրեսը բանակցված բարեփոխումները չկատարելու փոխարեն իշխանությունից պահանջում է գնալ արմատական զիջման եւ հրապարակել ընտրություններին մասնակցած մարդկանց ցուցակները, ապահովել հրապարակված ցուցակների հիման վրա բողոքարկման հնարավորությունն այնպես, ինչպես կառաջարկեն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Լեւոն Զուրաբյանի խոսքով՝ միայն այդ դեպքում «միջազգային հանրությունն աջակցություն ցույց կտա այդ պրոցեսին»։



«Այսօր Միացյալ Նահանգները, Եվրոպական միությունը, ՄԱԿ-ը, բոլորն սպասում են վերջնական պատասխանի: Եթե նախկինում կնքված համաձայնությունը չի գործելու, նրանք չեն աջակցելու Հայաստանի Հանրապետությանն էս ընտրությունների անցկացման գործում, էդ թանկարժեք տեխնիկայի ձեռքբերման գործում եւ այլն, եւ այլն: Իսկ եթե, այնուամենայնիվ, մեր պահանջները բավարարվեն, էդ դեպքում միջազգային հանրությունը լիարժեք աջակցություն ցույց կտա»,- «Ազատության» հետ զրույցում ասել էր Զուրաբյանը։ Հիշեցնենք, որ անցած շաբաթ իշխանությունները հենց այս առաջարկով դիմել էին ՀԱԿ խմբակցության ղեկավարին, առաջարկելով ցուցակների հրապարակումը՝ իբրեւ այլընտրանքային տարբերակ։



ՕԵԿ խմբակցության պատգամավոր, «4+4+4» քննարկումներին մասնակցած Հովհաննես Մարգարյանն ասում է, որ չեն զղջում, որ իշխանություններին շանս են տվել, չեն «վիժեցրել» գործընթացը, չի կարծում նաեւ, որ ընդդիմության լռության ու իշխանությունների նկատմամբ հավատի արդյունքում միջազգային հանրությունը դրական գնահատեց գործընթացը. «Էստեղ իշխանություններին հավատալ-չհավատալու խնդիր չկար, մենք դեմ ենք եղել ու հիմա էլ դեմ ենք ԸՕ-ին, դա ապացուցել ենք մեր քվեարկությամբ։ Գոնե մեզ չեք կարող մեղադրել»։ Մարգարյանն ամեն ինչ կորած չի համարում, եթե իշխանությունը հրապարակի ընտրական ցուցակները, միայն թե իրենց պահանջներով. «Սկզբում ինչ պոզուպոչ ասես չկպցրեցին, թե քվեարկությունը գաղտնի է, բա հիմա ինչո՞ւ են առաջարկում, որովհետեւ կա մեր ճնշումը, վերջին տարիներին բոլորի առաջարկը դրա վերաբերյալ է։ Իսկ եթե հրապարակեն, ապա անպայման պետք է Քրեական օրենսգրքով ընտրախախտողի նկատմամբ ոչ թե տուգանք սահմանեն, այլ ազատազրկում՝ 3-7 տարի, ապա չկասկածեք, որ առաջընթաց կունենանք։ Սա էլ հո գումարի հետ կապվա՞ծ չէ։ Եթե ազնիվ են ու ուզում են բացառեն կրկնաքվեարկությունը, ապա պիտի ընդունեն»։



Քաղաքացիական ակտիվիստ Դանիել Իոաննիսյանի խոսքով, ԿԸՀ որոշումն անակնկալ չի եղել քաղհասարակության համար. «Մենք այն կարծիքին ենք, որ 2011-ի Ընտրական օրենսգիրքն ավելի լավն է, քան 2016-ինը, այս օրենսգրքով սահմանափակվեցին դիտորդների, ԶԼՄ ներկայացուցիչների իրավունքները, ընտրական հանձնաժողովներին իրավունք է տրվել այս մարդկանց ուղղակի վռնդել տեղամասից, ինչպես նաեւ խայտառակ ընտրակարգը՝ կայուն մեծամասնություն, երկրորդ փուլ, կոալիցիաների սահմանափակում, ռեյտինգային ցուցակներ, բոնուսային համակարգ։ Ներկայիս Ընտրական օրենսգիրքը լայն հնարավորություն է ստեղծում ուժեղ կուսակցությունների եւ փակում դռները թույլերի առջեւ։ Հունիսին դեռեւս հնարավորություն կար, որ Հայաստանում ընդդիմությունը միասնաբար կգնա ընտրություններին, սա իշխանությունների համար մեծ խնդիր էր, այժմ բոլորս գիտենք, թե ինչ է տեղի ունենում ընդդիմադիր դաշտում, իշխանությունների ինքնավստահությունը շատ ավելի մեծացել է, իսկ եթե մեծացել է, ապա պատրաստ են ընտրողների ցուցակներն էլ հրապարակել, ուրիշ բաներ էլ անել։ Իշխանություններն այս ընտրակարգի լույսի ներքո շատ ինքնավստահ են»։



Իոաննիսյանի խոսքով՝ այս տապալումից հետո միջազգային հանրությունը խիստ հիասթափված է. «Միջազգային հանրությունը հստակ հասկանում է, որ սա մեր իշխանությունն է տապալել, ոչ թե ինչ-որ լեհական կազմակերպություն։ Սա իրականում շատ լուրջ մարտահրավեր էր միջազգային հանրությանը՝ ՀՀ իշխանությունների կողմից նետված, ինչ-որ տեղ համեմատելի է ԵՄ ասոցացման համաձայնագրի տապալման հետ, բայց եթե այդ դեպքում կար ռուսական ճնշումը, ու դրանով մեղմացվում էր ՀՀ իշխանությունների մեղքը, ապա այս դեպքում ոչ մի արտաքին ազդակ ու ճնշում չկար, կար բացառապես իշխանությունների կամքի բացակայություն»։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ