Քաղաքապետ դեռ չդարձած՝ քաղաքին նոր «շունչ» հաղորդեց

Քաղաքապետ դեռ չդարձած՝ քաղաքին նոր «շունչ» հաղորդեց

Սեպտեմբերի 18-ին կայանալիք Մասիսի քաղաքապետի ընտրությունները, դեռ չսկսված, գնալով դրամատիկ ընթացք են ստանում։ Նախորդ գիշեր Մասիսում երկու հիմնական թեկնածուների նախընտրական շտաբներում աննախադեպ իրարանցում է եղել, մինչեւ ուշ երեկո բազմաթիվ մեքենաներ են կայանած եղել շտաբների դիմաց։ Առավոտյան պարզ դարձավ, որ քաղաքապետի թեկնածության հայտ ներկայացրած ԲՀԿ-ական Կարապետ Օհանյանն ինքնաբացարկ է ներկայացրել։ Թեկնածուն մեզ հետ զրույցում իր ինքնաբացարկը պատճառաբանեց առողջական խնդիրներով. «Ոչ մի ճնշում չի եղել, ես ինքնառաջադրվել եմ ու ինքնուրույն որոշել, որ չեմ կարող այդ ճանապարհն անցնել իմ առողջական խնդիրների պատճառով»։



Մինչդեռ թիմակիցները՝ ԲՀԿ-ական պատգամավորները հայտարարում էին, որ Կարապետ Օհանյանը ճնշումների է ենթարկվել, որ երեկ ողջ օրը թեկնածուն անհետացել է, հետո հայտնվել ու գիշերով իր շտաբ այցելած կուսակից ընկերներին հայտնել ինքնաբացարկի մտադրության մասին։ Երեկ տեղեկություններ տարածվեցին, թե Օհանյանը պատմել է, որ հանդիպել է ՀՀԿ-ի թեկնածուի` Դավիթ Համբարձումյանի հետ: Վերջինս իրեն առաջարկել է ինքնաբացարկ հայտնել` դրա դիմաց նրա ընտանիքի անդամներին պաշտոններ խոստանալով։ Ի դեպ, մեր տեղեկություններով, Օհանյանի մեծ որդին ԱԱԾ-ում բարձր պաշտոն է զբաղեցնում։ Սակայն Կարապետ Օհանյանը մեզ հետ զրույցում պնդեց, որ որեւէ մեկի հետ հանդիպում չի եղել, ինքն էլ չի անհետացել։



Կային նաեւ տեղեկություններ, որ Օհանյանն ինքնաբացարկ է ներկայացրել, քանի որ ընդհարվել է կուսակցության վերնախավի հետ՝ այն պատճառով, որ չի հաջողվել ԲՀԿ շարքերին այնպես կազմակերպել, որպեսզի բոլորը սատարեն Կարապետ Օհանյանին։ ԲՀԿ-ն այստեղ կիսվել էր, նախկին քաղաքապետ Դմիտրի Նազարյանի թիմն աշխատում էր ՀՀԿ-ական թեկնածուի համար։ Հիշեցնենք, որ ՀՀԿ-ի թեկնածուն Դավիթ Համբարձումյանն է, որը հայտնի Թույների Մհերի՝ Մհեր Համբարձումյանի որդին է եւ ՀԷՑ ՓԲԸ ՆՎՎ փոխտնօրենը: Դավիթ Համբարձումյանը նաեւ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի փեսան է:



Դավիթ Համբարձումյանն էլ իր հերթին հերքեց մրցակցի նկատմամբ ճնշումների մասին լուրերը։ «Ճնշումների մասին խոսակցություններին լուրջ մի վերաբերվեք, չգիտեմ, թե ովքեր են նման բաներ տարածել, բայց խելքը գլխին մարդը նման բաներ չէր խոսի, դա հիվանդ երեւակայության արդյունք է»,-մեզ հետ զրույցում ասաց 30-ամյա թեկնածուն։ «Իրենից լավ ոչ մեկը չի կարող պարզաբանել, ես չեմ ուզում գուշակություններ անել, ոչ էլ իր փոխարեն բան ասել, բայց նման արտահայտություն անողներին կխնդրեմ խոսելուց առաջ մի փոքր մտածել»։ Համբարձումյանը պարծեցավ, որ ինքը վայելում է մասիսցիների սերն ու հարգանքը. «Իմ կարգախոսն էլ լինելու է՝ «Մեր քաղաքի նոր շունչը», մենք մեր քաղաքին նոր շունչ ենք հաղորդելու, կարծում եմ՝ բնակիչները կզգան»։



Երեկոյան հայտնի դարձավ, որ տեղի է ունեցել ԲՀԿ Մասիսի տարածքային խորհրդի նիստը, որտեղ որոշվել է ԲՀԿ Մասիսի տարածքային խորհրդի նախագահի պաշտոնից եւ ԲՀԿ շարքերից հեռացնել ԲՀԿ Մասիսի խորհրդի նախագահ Կարապետ Օհանյանին: Խորհրդի որոշման մեջ նշված է, որ Կ․ Օհանյանը, խախտելով կուսակցության որոշումը, ինքնաբացարկ է ներկայացրել: Ուշագրավ է, որ Օհանյանին ոչ թե ԲՀԿ-ն էր առաջադրել, այլ թեկնածուն ինքնառաջադրվել էր։



Այսպիսով, ՀՀԿ-ական թեկնածուն, կարելի է ասել, մնաց առանց մրցակցի։ Առաջադրված թեկնածուներից մեկը՝ ոմն Լեւոն Խաչատրյան, Դավիթ Համբարձումյանի ընկերոջ հայրն է։ Չի բացառվում, որ մինչեւ թեկնածուների գրանցման վերջնաժամկետը նա էլ ինքնաբացարկ հայտնի։



ՀԳ. Մենք բազմիցս ենք անդրադարձել կեղծ թեկնածուներով դեմոկրատական ընտրությունների պատրանք ստեղծելու խնդրին։ Երեկ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից հետաքրքրվեցինք, թե հնարավոր չէ՞ Ընտրական օրենսգրքով բացառել ինքնաբացարկի ինստիտուտը եւ մեկ թեկնածուով ընտրությունները չեղյալ հայտարարել։ Ի դեպ, առաջիկա ՏԻՄ ընտրությունների ժամանակ տասնյակ համայնքներում հենց այդպիսի «ընտրություններ» կլինեն։ Բանն այն է, որ ԸՕ-ում թեպետ ամրագրվել է դրույթը, որ եթե առաջադրվում է մեկ թեկնածու, ապա ընտրությունը համարվում է չկայացած, սակայն հաճախ երկու թեկնածու է առաջադրվում, երկուսն էլ գրանցվում են, բայց մինչեւ ինքնաբացարկի համար սահմանված ժամկետը նրանցից որեւէ մեկը հանում է թեկնածությունը․ ի դեպ, այդ դեպքում ընտրագրավը չի վերադարձվում։ ԿԸՀ նախագահը, անդրադառնալով խնդրին, ասաց, որ հնարավոր չէ վերացնել ինքնաբացարկի ինստիտուտը. «Այդ դեպքում մենք կխախտենք մի շատ կարեւորագույն սկզբունք՝ անձի ինքնաբացարկ հայտնելու իրավունքը։ Իրավական նորմերը գրվում են ողջամտության կանխավարկածից ելնելով, չի կարող իրավանորմը կառուցվել այդ կանխավարկածից դուրս։ Անձը, հասնելով ընտրական գործընթացի ինչ-որ մի փուլի, ենթադրենք, չի ցանկանում քվեարկվել։ Պատճառները կարող են տարբեր լինել, կարող են անգամ այդ պատճառների մասին չիրազեկել ընտրողներին, բայց դուրս գալ ընտրապայքարից։ Սա բացարձակ իրավունք է, չի կարելի անձի կամքին հակառակ ասել՝ ոչ, դու պետք է գնաս ու ընտրվես։ Նման պայմաններում, եթե անգամ անձը մասնակցեց ընտրություններին, քարոզարշավը, մասնակցությունը լինելու են ձեւական։ Այս պայմաններում բացառել ինքնաբացարկ ներկայացնելու մոտեցումը, չափից ավելի խիստ մոտեցում է»։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ