ԿԸՀ նախագահը չի փոխել կարծիքը՝ ճիշտ չէ հրապարակել ընտրողների ցուցակները

ԿԸՀ նախագահը չի փոխել կարծիքը՝ ճիշտ չէ հրապարակել ընտրողների ցուցակները

«4+4+4» ձեւաչափով բանակցությունների արդյունքում ձեւավորված փոփոխությունների նախագծի տապալումը, ընդդիմադիրների համոզմամբ, ցանկության պակասի կամ քաղաքական կամքի բացակայության խնդիր էր, դրան գումարած՝ կա նաեւ վարկած, որ մեր երկրի հանդեպ ունեցած անվստահությունը եվրոպացիներին հետ պահեց օգնության ձեռք մեկնելուց։ Կառավարության ներկայացրած հիմնավորման համաձայն, տեխնիկական ապահովումն իրականացնող լեհական ընկերությունը չի կարող մինչեւ սեպտեմբերի 1-ն սկսել գործընթացը՝ «տեխնիկական վերահսկողության միջոցների համար պայմանների բացակայության» պատճառով։ Որոշ ընդդիմադիրներ կոչ արեցին այլ ընկերության դիմել։ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը պարզաբանում է՝ դա հնարավոր չէ. «Նույնականացման քարտերի տրամադրումը մինչ օրս իրականացվել է նույն ընկերության կողմից, եւ, բնականաբար, հաշվի առնելով, որ դրանք անձը հաստատող փաստաթղթեր են, ակնհայտ է, որ նույն կազմակերպությունն է, որ պետք է իրականացներ»։



Մուկուչյանը փորձեց խուսափել քաղաքական ենթատեքստ ունեցող հարցերից. «Ես չէի ուզենա որեւէ նման հարցի անդրադառնալ մի պարզ պատճառով՝ ԿԸՀ-ին վերապահված գործառույթն այստեղ շատ հստակ էր՝ մենք, առկա փաստական հանգամանքներով պայմանավորված, պետք է որոշեինք՝ նոր օրենքի կանոնակարգումները սեպտեմբերի 1-ից մտնո՞ւմ են ուժի մեջ, թե՞ ոչ... Մենք պետք է կարողանանք տարբերակել կարեւորագույն խնդիրներ՝ ԿԸՀ-ն նույնականացման քարտ տրամադրող մարմին չէ։ Քաղաքական ենթատեքստի խնդիրը չէ այստեղ, ԿԸՀ-ին շատ հստակ տեղեկացվել է, որ այդ գործընթացները չեն մեկնարկել, հիմա, եթե գործընթացը չի մեկնարկել, միաժամանակ նշվում է, որ լավագույն պայմաններում կարող է մեկնարկել ոչ շուտ, քան 4 ամիս հետո։ Ակնհայտ է, որ այդ պայմաններում, սահմանված այն ժամկետը, որը համարվել էր անհրաժեշտ եւ բավարար՝ գործընթացը կազմակերպելու համար, ուղղակիորեն չէր բավականացնելու, եւ հնարավոր չէր լինելու գործընթացը կազմակերպել»։
«Բայց ԿԸՀ-ին ու նրա նախագահին են վերագրում ընտրությունների զեղծարարությունները, թվանկարչության մեջ են մեղադրում, հետեւաբար, եթե կան խնդիրներ, ապա դուք պետք է բարձրաձայնեք»,- նկատեցինք մենք։ ԿԸՀ ղեկավարը չզլացավ ու հիշեցրեց, որ իրենք քվեարկության արդյունքների մասին առաջին տեղեկատվությունն ստանում են տեղամասային հանձնաժողովից։ Այստեղից այդ տվյալները նախ փոխանցվում են ընտրատարածքային հանձնաժողով, որտեղ այդ տեղեկությունները մուտք են արվում համակարգիչ եւ ԿԸՀ-ի կողմից առցանց ռեժիմով հրապարակվում տեղամաս առ տեղամաս. «Բոլորը կարող են համադրել իրենց ունեցած ու ԿԸՀ-ի կայքում մուտք արված տվյալները»։



Մուկուչյանը համաձայն է եվրոպացիների, այլ ոչ հայերի հետ



Ընդդիմությունն ու իշխանությունն ԸՕ-ում փոփոխություններ կատարելու շուրջ նոր բանակցություններ են սկսել, ՀԱԿ-ը հայտարարել է ցուցակների պաշտոնական հրապարակման պահանջի մասին։ Արդեն մեկ շաբաթ է՝ մինչեւ ուշ երեկո ԱԺ-ում փակ ռեժիմով հանդիպում ու քննարկում են հարցը, որին մասնակցում է նաեւ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը։ ԿԸՀ նախագահը մնում է իր տեսակետին՝ ճիշտ չէ ընտրողների ցուցակների պաշտոնական հրապարակումը. «Ցուցակների հրապարակման հետ կապված իմ կարծիքը բազմիցս առիթ ունեցել եմ բարձրաձայնելու։ Իմ կարծիքը մնում է նույնը, այն համահունչ է միջազգային կազմակերպությունների կարծիք-տեսակետներին, որոնք շատ մեծ փորձ ունեն ընտրական գործընթացների հետ կապված։ Բայց մի բան է իմ կարծիքը, այլ բան՝ օրենքի իրավակարգավորումները։ Եթե օրենքում կլինեն նման իրավակարգավորումներ, ապա ԿԸՀ գործառույթն է՝ ամրագրված դրույթները տառացի նշանակությամբ կյանքի կոչել»։ Նա չի ցանկանում, մեր հարցին պատասխանելով, տեսականորեն մեկնաբանել, թե այդ հեռանկարի դեպքում բավարար վերահսկողության հնարավորություն կլինի՞. «Այդ հարցի պատասխանը, անկեղծ ասած... առավել եւս այդ հարցի վերաբերյալ ես իմ տեսակետը ներկայացրեցի ու հստակ ասացի, հիմա թե այդ առաջարկությամբ ինչ լրացուցիչ վերահսկողական գործիքներ կլինեն, ճիշտ կլինի նշված հարցի պատասխանն առաջարկությունների հեղինակներից հարցնել»։ Ընդդիմությունն ու քաղհասարակությունը «4+4+4» ֆորմատով ամիսներ շարունակ գլուխ էին կոտրում՝ հասնելու այդ պահանջի իրագործմանը, սակայն նրանց պահանջը ներկայումս գործող օրենսգրքով մասնակի է բավարարված։ Նախատեսվում է, որ աշխատանքների ավարտից հետո տեղամասերում առկա մասնակիցների գրանցումն ապահովող սարքավորումը տպագրելու է համապատասխան ժապավեն, որի վրա նշված են լինելու ընտրած անձանց հերթական համարները, եւ համադրելիություն է իրականացվելու նախապես հրապարակված ցուցակների հետ, թե ովքեր են եկել ընտրության, ովքեր՝ ոչ։ Ինչպես նաեւ, երբ ցուցակների հետ կապված հաշվարկի աշխատանքներն ավարտվում են, տեղամասային կենտրոնում ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց տրամադրվելու է մինչեւ 30 րոպե ժամանակ՝ քաղվածքներ անելու ցուցակներից եւ հաշվարկելու, թե որքան մարդ է եկել։ Այսինքն՝ ցուցակները կհրապարակվեն, բայց միայն հանձնաժողովի ներսում, այն էլ՝ 30 րոպեով։ Իսկ 30 րոպեում արված քաղվածքները դատարան ներկայացնելու հիմք, ըստ ԿԸՀ նախագահի, կարող են հանդիսանալ։



Նոր դասընթացների անհրաժեշտություն չկա



Մոտ երկու ամիս առաջ ԿԸՀ-ն ազդարարեց հանձնաժողովի անդամների վերապատրաստման դասընթացների մասին, սակայն այդ դասընթացները հարմարեցված էին փոփոխությունների օրենսդրական փաթեթին, որը չեղյալ համարվեց։ Մուկուչյանը վստահեցնում է, որ նոր վերապատրաստման անհրաժեշտություն չկա։ «ԸՕ-ում ամրագրված նոր կանոնակարգումները դրանք չէին սահմանափակում այն 11 հոդվածանոց օրենքով, որը նախատեսում էր փոփոխություն իրականացնել ԸՕ-ում։ Այնտեղ կան բազմաթիվ իրավանորմեր, նոր կանոնակարգումներ են ամրագրված, նոր մոտեցումներ, նույն դիտորդների, ԶԼՄ ներկայացուցիչների իրավունքների ներկայություն տեղամասային կենտրոններում, քվեարկության կարգի մեխանիզմ։ Նույն տեխնիկական սարքավորումն ինչպես կա, այնպես էլ մնում է, փոխվում է դրա աշխատանքային բովանդակությունը։ Այսինքն՝ գործող ԸՕ-ի պայմաններում նույն տեխնիկական սարքավորմանն անձը ներկայացնում է իր անձնագիրը, իրականացվում է անձնագրի ներմուծում, նույնականացում։ Փոփոխությունների օրենքը, որը նախատեսում էր դրույթը, նախատեսում էր մատնահետքով նույնականացում, այսինքն՝ ընդամենը դետալների մեջ է փոփոխությունը։ Այնպես չէ, որ այդ փոփոխություններով ԸՕ-ն պետք է փոխվեր ու դառնար նոր ԸՕ»,- վստահեցնում է նա։ Հիշեցնում է նաեւ օրենքի պահանջը, որը նախատեսում է տարեկան մեկ անգամ կազմակերպել այդ դասընթացները. «Ստացվեց շուրջ 47 հազար դիմում տարբեր կուսակցությունների եւ անհատ քաղաքացիների կողմից, գործընթացի ուշ սկսելն ուղղակի կարող էր ձախողել գործընթացը։ Որովհետեւ մենք նախատեսում ենք, որ պետք է ունենանք տեխնիկական սարքավորումներ տեղամասային կենտրոններում, այս սարքավորումները եղել են, նախատեսված են, ու այն մասնագետները, որոնք պետք է աշխատեցնեն՝ ավելի քան 4 հազար քաղաքացիներ, նրանց համար եւս պետք է ուսուցման դասընթացներ կազմակերպվեն»։ Մուկուչյանը հիշեցնում է նաեւ, որ միշտ էլ հանձնաժողովների ձեւավորումից հետո, իսկ դրանք ձեւավորվում են քվեարկությունից 22 օր առաջ, տեղի է ունեցել արդեն ձեւավորված հանձնաժողովների ուսուցում. «Լրացուցիչ մեկ անգամ եւս փորձում ենք վերջինների ուշադրությունը հրավիրել»։ Ի դեպ, ԿԸՀ ղեկավարից հետաքրքրվեցինք դիտորդների եւ ԶԼՄ ներկայացուցիչների՝ ընտրատեղամասում գտնվելու պատեհությունը հանձնաժողովի վրա թողնելու նպատակահարմարությունից, երբ Մուկուչյանը վստահեցնում էր, թե նրանց իրավունքներն ու լիազորությունները չեն սահմանափակվել։ Նա պատասխանեց, որ դա «ծայրահեղ» միջոց է՝ տարածքից վտարելը, որին տեղամասային հանձնաժողովը, իր կարծիքով, կդիմի հազվադեպ, երբ տեղամասային կենտրոնում կդրսեւորվի այնպիսի վարքագիծ, որն ակնհայտորեն կխոչընդոտի քվեարկության բնականոն ընթացքը. «Տեղամասային ընտրական հանձնաժողովին նման որոշում կայացնելու համար անհրաժեշտ է լինելու 2/3-ի մեծամասնություն, եթե նկատի ունենանք, որ այդ հանձնաժողովները բաղկացած են 8 անդամներից, որոնցից 6-ին նշանակում է ԱԺ-ում խմբակցություն ունեցող կուսակցություններից յուրաքանչյուրը, ապա ձայների մեծամասնություն ունենալն ինքնին լուրջ պաշտպանություն է ցանկացած անօրինականության»։ Նկատեցինք, որ հաճախ խորհրդարանական խմբակցությունները հանձնաժողովի տեղերը դարձնում են առեւտրի առարկա, որպես կանոն, իշխող կուսակցությունն է գնորդի դերում. «Ես չեմ կարող, նման բարոյական իրավունք չունեմ դա պնդելու։ Եթե նկատի ունեք համապետական ընտրությունները, որին մասնակցում են խորհրդարանում ներկայացված կուսակցությունները նաեւ, կներեք, այս պայմաններում մտածել, որ, մասնակցելով ընտրապայքարին, կարող է իր տեղը զիջել մրցակցին, թույլ տվեք չհամաձայնել Ձեզ հետ»։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ