Խաղամոլներին բերենք Հայաստան՝ փող ծախսելու

Խաղամոլներին բերենք Հայաստան՝ փող ծախսելու

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում երեկ հաստատվեց ուշագրավ մի համաձայնագիր, որը կնքվել է այս տարվա փետրվարի 3-ին։ Խոսքը «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Մակաոյի հատուկ վարչական տարածքի վարչակարգի միջեւ մուտքի արտոնագրի պահանջը փոխադարձաբար վերացնելու մասին» համաձայնագրին է վերաբերում։ Այն ստորագրել է Չինաստանում Հայաստանի արդեն նախկին դեսպան Արմեն Սարգսյանը՝ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբայրը, որն այժմ Բուլղարիայում ՀՀ դեսպանն է։ Համաձայնագիրը կընդգրկվի սեպտեմբերի 12-ին մեկնարկող ԱԺ հերթական նստաշրջանի մեծ օրակարգում, եւ կասկած չկա, որ կյանքի կկոչվի:



Մակաոն աշխարհում ազարտային խաղերի ամենամեծ կենտրոնն է՝ Չինաստանի Մակաո վարչական շրջանը, այն գերազանցում է անգամ Լաս Վեգասին։ Մակաոյում ազարտային խաղերից ստացվող փողերի շրջանառությունը հինգ անգամ մեծ է, քան Լաս Վեգասում, տարբեր հաշվարկներով՝ տարեկան կազմում է մոտ 600 մլրդ. ԱՄՆ դոլար:
Այս նախագծին հեգնանքով արձագանքեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը։ «Մակաոյում ուրիշ բան չկա, չէ՞, մենակ կազինոներն են»,- սկզբում դիմեց Շավարշ Քոչարյանին, որը մեղավոր անկեղծությամբ շտապեց. «Ճիշտն ասած՝ չգիտեմ, չեմ եղել»։



Գուրգեն Արսենյանը լուսավորեց անտեղյակ փոխարտգործնախարարին, որ Մակաոն հայտնի է որպես խաղատների բիզնեսով զարգացած տարածք, ապա հարցրեց, թե սա ենթադրո՞ւմ է արդյոք, որ ազատ մուտք ու ելք կլինի նաեւ Չինաստան: ՀՀ արտաքին գործերի փոխնախարար, հիմնական զեկուցող Շավարշ Քոչարյանը, սովորության համաձայն, սար ու ձոր ընկավ, բայց չպատասխանեց պատգամավորին։ Ասաց միայն, թե փոխադարձ համաձայնության են եկել` առաջարկվում է մուտքի եւ ելքի ազատ ռեժիմ: Ըստ այդմ, քաղաքացիները 365 օրվա ընթացքում, մինչեւ 90 օրը լրանալը, կարող են մնալ Մակաոյում, իսկ եթե ավելի երկար մնան, ուսման դեպքում եւ այլն, հարկավոր կլինի այլ թույլտվություն: Հարակից զեկուցող, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը հստակեցրեց, որ Չինաստան ազատ մուտք չի լինի: Չինաստանի տարածքում գտնվող Մակաոյի վարչական տարածք կարող են գնալ միայն տրանզիտով: «Մեր քաղաքացին հնարավորություն կունենա առանց նախապես վիզա ստանալու Մակաոյից ավելի դյուրին վիզա ստանալ դեպի Չինաստան»,- հումորով արձագանքեց Արզումանյանը:



ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանը նույնպես նշեց, որ Մակաոյում յուրահատուկ տնտեսական շահ կա խաղատների բիզնեսի զարգացման առումով, եւ հետաքրքրվեց` իսկ ո՞րն է մեր շահը: «Մակաոյում ակնկալում են Հայաստանի խաղամոլ բարեկամներին էլ ներքաշել»,- ռեպլիկ նետեց Գուրգեն Արսենյանը` շարունակելով. «Շանգրիլա»: Այս խաղատան սեփականատեր է համարվում ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը: Քվեարկությունից առաջ Թեւան Պողոսյանն էլ նկատեց, որ ինքն այս նախագիծը դիտարկում է որպես ազատ տեղաշարժի իրավունքի հարց:



Արզումանյանը վրդովվեց գործընկերների քամահրական վերաբերմունքից։ Նա հիշեցրեց, որ տնտեսության մուտքերի առյուծի բաժինը Մակաոյում գալիս է կազինոներից։ «Եվ մարդիկ սպասարկում են աշխարհի տարբեր երկրների խաղամոլներին եւ պահում են իրենց ժողովուրդներին։ Ինչո՞ւ ոչ, կարելի է դա նաեւ Հայաստանում կիրառել, իհարկե, ոչ հայաստանցիների համար, այլ տարբեր արաբական երկրների խաղամոլ բարեկամներին ներքաշել այստեղ՝ մեր խաղատներում գումարներ թողնելու ակնկալիքով»,- անկեղծացավ Ալեքսանդր Արզումանյանը։ Նախագծին «կողմ» քվեարկեցին բոլոր պատգամավորները: Գուրգեն Արսենյանը բարձրաձայն հայտարարեց քվեարկության արդյունքը. «Միաձայն: Բոլորս ենք կողմ»:



Ինչպես հայտնի է, Հայաստանում հատուկենտ մարդիկ կազինո ունեն, եւ դրանց եկամուտը՝ Երեւանից հանելուց հետո, խիստ նվազել է։ Դրանցից մեկը Գագիկ Ծառուկյանինն է, եւ չի բացառվում, որ այս համաձայնագիրը հենց կազինոների բիզնեսը զարգացնելուն է ուղղված։ Ի դեպ, համաձայնագիրն ստորագրվել է Ծառուկյանի՝ քաղաքականությունից դուրս գալուց մոտ մեկ տարի անց, ինչը նշանակում է, որ Սերժ Սարգսյանի եւ Ծառուկյանի հարաբերությունները դեռ այդ ժամանակվանից են ջերմացել։ Միայն պարզ չեղավ, թե ինչու էր վրդովվել Գուրգեն Արսենյանը, եթե վերջում կողմ էր քվեարկելու։ Գուցե ուշացումով հիշեց, որ ինքը խորհրդարան է մտել ԲՀԿ ցուցակով եւ Ծառուկյանի շնորհիվ։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ