Երբ խնդիրները բարդանում են, իշխանությունը գնում է լայն կոալիցիայի

Երբ խնդիրները բարդանում են, իշխանությունը գնում է լայն կոալիցիայի

Այսօր երեկոյան՝ 19։00-ին, ՀՀԿ ԳՄ եւ խորհրդի նիստից հետո կհայտարարվի վարչապետի պաշտոնաթողության մասին։ Հրաժարական կտա նաեւ կառավարությունը, Սահմանադրությունը նոր վարչապետի նշանակման համար նախատեսում է 10-օրյա ժամկետ։ Ինչպես միշտ, ՀՀԿ շարքերը վերջինն են տեղեկանում։ Երեկ մի քանի ՀՀԿ-ականներ այս մասին մամուլից էին իմացել՝ Լեռնիկ Ալեքսանյանը, ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, որը նաեւ ասել էր. «Կարեն Կարապետյանը լուրջ ու արհեստավարժ մասնագետ է: Ես համոզված եմ, որ նրա նշանակման պարագայում, եթե լինի նման բան, նա կարող է լինել ժողովրդի համար վստահելի պաշտոնյա»։ ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանն էլ է մամուլից իմացել փոփոխությունների մասին, բայց կարծում է, որ անձերի փոփոխությամբ հարց չի լուծվի։



- Պարոն Մինասյան, ի՞նչ արդյունք է ունենալու կառավարության ղեկավարի եւ մի քանի նախարարի փոփոխությունը, եւ ինչո՞ւ այժմ։
- Եկեք փոփոխությունների մասին խոսենք այն ամենից հետո, երբ որ որոշ բաներ պարզ կլինեն։ Ես ընդամենը կարող եմ ասել, որ ի սկզբանե առավել արդյունավետ աշխատանք մեզ բոլորիս պետք է։



- Այսինքն՝ այդ պաշտոնյաների փոփոխությունն անհրաժե՞շտ է։
- Ես չգիտեմ՝ անձերի փոփոխությունով որեւէ բան կփոխվի, թե ոչ, բայց ընդհանրապես հայեցակարգային եւ տեսլական իմաստով առավել արդյունավետ աշխատանք մեզ բոլորիս է պետք։



- Իսկ այդ եզրահանգմանն իշխանությունը եկել է «Սասնա ծռերի» ապստամբությունի՞ց, թե՞ ապրիլյան պատերազմից հետո։
- Դրանք տարբեր բաներ են, եկեք չխառնենք իրար, դրանք չդիտարկենք մի շղթայի մեջ։ Ընդամենը պիտի ասեմ, որ քառօրյա պատերազմին մեր սպաները, զինվորներն ու գեներալներն ապացուցեցին, որ հայոց բանակը, թեկուզ անակնկալ հարձակման պայմաններում, ընդունակ է պաշտպանելու երկրի, հայրենիքի սահմանները։ Եվ ավելին՝ ապացուցվեց, որ, այո, մեր բանակը կոչված է պարտադրելու խաղաղություն։ Իսկ բանակին զորակցելու համար, իհարկե, պետք է թիկունքն ամուր լինի՝ եւ քաղաքական, եւ տնտեսական իմաստով։ Այս համատեքստում, իհարկե, փոփոխությունների անհրաժեշտություն կար, ավելի արդյունավետ աշխատանքի կազմակերպման անհրաժեշտություն կար, որը փորձում են անել։ Այդ մասին նաեւ երկրի ղեկավարն ասաց, եւ ես հուսով եմ, որ էս ուղղությամբ աշխատանքներն ավելի արդյունավետ կտարվեն։



- Բայց քառօրյա պատերազմից ամիսներ են անցել, իսկ արմատական փոփոխություններ չկան։
- Ես կարծում եմ, որ որոշ փոփոխություններ եղան, որոշ գնահատականներ տրվեցին բանակի այն սպաներին, որոնք իրենց պարտականությունները լիարժեքորեն չէին կատարել։ Այնպես որ, դրանք նույնպես փոփոխություններ են, պահանջ, փոփոխություններ ոչ թե անձերի, այլ վերաբերմունքի, աշխատանքի արդյունավետության վերաբերյալ գնահատական։ Ես հենց այդ տեսակ փոփոխություններ եմ տեսնում եւ ընկալում, որովհետեւ հարցը ոչ թե անձերն են, այլ այդ ինստիտուտի աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու մասին։



- Բայց հիմա խոսվում է վարչապետի ու որոշ նախարարների պաշտոնանկության, ազգային համաձայնության կառավարության ձեւավորման մասին։ Ի՞նչ է սա ենթադրում՝ կա՞ քաղաքական ճգնաժամ։
- Քաղաքագիտական կատեգորիա է, դա ոչ հայկական, ոչ ասիական կատեգորիա է (նկատի ունի ազգային համաձայնության կառավարության գաղափարը՝ Լ. Շ.)։ Սա քաղաքական անցած ճանապարհին գոյություն ունեցող տեսակ է, երբ երկրի առջեւ ծառացած խնդիրների թնջուկն ավելի բարդանում է, այդ դեպքում երկրի քաղաքական ուժերն ու իշխանությունը գնում են լայն կոալիցիայի, լայն համաձայնության՝ բոլոր ուժերը համատեղելով, փորձում են երկրի խնդիրները լուծել։



- Այսինքն՝ կա՞ նման կառավարություն ձեւավորելու անհրաժեշտություն, իշխանությունն ի զորու չէ՞ միայնակ լուծել խնդիրները։
- Ես չգիտեմ՝ ազգային համաձայնության կառավարություն կլինի, թե ոչ, բայց որ ազգային համաձայնության ձգտում կա իշխանության կողմից, ես դրանում համոզված եմ։
- Հովիկ Աբրահամյանի կառավարության գործունեությունն ինչպե՞ս եք գնահատում։
- Ես ամբողջ ինֆորմացիային չեմ տիրապետում, որ կարողանամ վարչապետի գործունեությունը գնահատել։ Ընդհանուր կարող եմ ասել, որ կա քաղաքական թիմ, թիմի ղեկավար, Սահմանադրություն, եւ, Սահմանադրության համաձայն, թիմի ղեկավարն ինչ նպատակահարմար կգտնի, թիմն ինչպես կարձագանքի, այդպիսի որոշում էլ կընդունի։ Ու եթե այդպիսի հարց դրվի, անպայման կպարզաբանվի՝ ինչը, ոնց եւ այլն։



- Հովիկ Աբրահամյանի կառավարությունը ձախողել է բոլոր ոլորտներում, ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը։
- Նորմալ։



- Տեղեկություններ կան, որ Կարեն Կարապետյանն է փոխարինելու Հովիկ Աբրահամյանին, նա, կարծում եք, ավելին կարո՞ղ է անել, որը չարեց Աբրահամյանը։
- Երկրի նախագահի իրավունքն է որոշում ընդունելը, ես ինձ իրավունք չեմ վերապահում նրա որոշումները մեկնաբանել։



- Փաստորեն, ՀՀԿ-ում մեկ հոգի է որոշում՝ ով ինչ անի, որտեղ լինի, ինչ պաշտոնում։
- Անձը հարցը բարձրացնում է, քննարկում ենք քաղխորհրդի նիստում, վերլուծում, եւ դրանից հետո որոշում է կայացվում։



- Պարոն Մինասյան, Դուք էլ եք ասում, որ կառավարությունը նորմալ է աշխատում, այդ դեպքում ինչո՞ւ են փոխում վարչապետին։ Տեսակետ կա, որ Հայաստանում ռուսական շրջանակներն են որոշում, թե ով լինի վարչապետ։
- Ես կարող եմ ասել միայն, որ անհրաժեշտություն կա առավել արդյունավետ աշխատանքի։ Ես հո չեմ ասում առավել արդյունավետ, ուրեմն աննորմալ են աշխատում։ Նորմալ աշխատանքի արդյունքում էլ կարող են արդյունավետ աշխատանք կազմակերպել։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ