Անկախ նրանից՝ ինչի համար ես ազատվել աշխատանքից, պետք չէ քարեր շպրտել

Անկախ նրանից՝ ինչի համար ես ազատվել աշխատանքից, պետք չէ քարեր շպրտել

Արդարադատության խորհրդի նախկին քարտուղար Իշխան Նազարյանը 2005 թվականից ի վեր անգործ է, որեւէ պաշտոն չի զբաղեցնում։ Նա տարիներ առաջ ծանր վթարի ենթարկվեց, երկար բուժվեց, որի ընթացքում նրան ազատեցին աշխատանքից, եւ այլեւս որեւէ տեղ չի աշխատել։ Մեզ հետ զրույցում նա մի տեսակ կարոտով էր հիշում նախկին տարիները, իր կոլեգաներին, այդ թվում՝ Արմեն Գեւորգյանին, Ալեքսան Հարությունյանին, որոնք այսօր նորից վերադառնում են պետական ապարատ։ Նրա հետ մեր զրույցը սկսեցինք վարչապետների փոփոխությունից՝ Հովիկ Աբրահամյանի հրաժարականից եւ Կարեն Կարապետյանի նշանակումից։



«Ես վարչապետի նոր թեկնածուի հետ շատ ջերմ ու բարեկամական հարաբերություն եմ ունեցել, չնայած՝ բավականին ժամանակ է, որ հետը կապ չունեմ, սկսած՝ 2005 թվականից։ Ես ամենալավ կարծիքն ունեմ նրա մասին։ Իսկ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի հետ կապված՝ ես էդպես իրազեկված չեմ, թե ինչու տվեց»,-ասաց նա։



- Այս պահին կադրային տեղաշարժեր են տեղի ունենում, եւ կարծես պետական ապարատ են վերադառնում նրանք, ովքեր Ռոբերտ Քոչարյանի օրոք են աշխատել, նրա թիմից են եղել կամ Քոչարյանի կադրերն են համարվում, օրինակ՝ Արմեն Գեւորգյանը, Ալեքսան Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, Վիգեն Սարգսյանն էլ հին-նոր կադր է։
- Կոնկրետ Արմեն Գեւորգյանի, Ալեքսան Հարությունյանի հետ ես աշխատել եմ, մենք մի թիմ էինք եւ հրաշալի համագործակցում էինք, շատ լավ աշխատում էինք։ Որեւէ խնդիր չեմ տեսնում, կայացած, ունակ եւ արժանի կադրեր են եւ եթե այսօր վերադառնում են նորից լավ աշխատանքի, ի՞նչ է պատահել։ Բայց Արմեն Գեւորգյանն ընդամենը կարճ ժամանակով բացակայեց պետական ապարատից։ Իսկ ասել՝ սրա մարդն է, նրա մարդն է, էդ հասկացությունները դեռեւս էն ժամանակ կար, իմ աշխատած տարիներին... Ես հիշում եմ՝ ինձ մի անգամ հարցրին, ասացի՝ ես իմ երեխեքի մոր մարդն եմ, իմ կնոջ մարդն եմ։



- Հովիկ Աբրահամյանն էլ իմ հարցին այդպես պատասխանեց, որ Տիգրան Սարգսյանը մարդ չունի, կին ունի։ Բայց եթե լուրջ, ապա զուտ կադրային առումով կարելի՞ է ասել, որ Քոչարյանի կադրերը վերադառնում են Սերժ Սարգսյանի իշխանական ապարատ։
- Գիտե՞ք, հետաքրքիր մի բան ասեմ, որ ժամանակին վեց ամսով՝ 1999-ի դեկտեմբերից մինչեւ 2000 թվականի մայիս, Սերժ Սարգսյանը նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավարն էր։ Մենք վեց ամիս միասին աշխատել ենք, համագործակցել ենք, որեւէ բան չեմ տեսել... ես չգիտեմ՝ հիմա ոնց են նրանց աշխատանքային հարաբերությունները, չեմ կարող դրա շուրջ ավելի ռեալ պատասխան տալ, բայց մենք միասին այդ ժամանակ տեսել ենք ե՛ւ դժվար օրեր, ե՛ւ հաջողված օրեր։ Ամեն ինչ նորմալ է եղել։ Բայց կա մի խնդիր, որ ես ավելի շիտակ ու անկեղծ կուզեմ ասել, անկախ նրանից՝ ազատվել ես, չես աշխատել, ինչ հանգամանքների դրդմամբ ես ազատվել, բայց երբ որ աշխատել ես մի մարդու հետ, վստահել ես նրան, հետո կարիք չկա քարեր շպրտելու։



- Դուք 11 տարի է՝ որեւէ պաշտոն չեք զբաղեցնում։ Կասե՞ք, թե ինչով էիք զբաղվում այս տարիներին։



- Գրում էի, կարդում էի, հետեւում էի մամուլին, իրադարձություններին։ Գիտե՞ք, ես իմ աշխատանքի ընթացքում ինքս ինձ ե՛ւ պատժել եմ, ե՛ւ պարգեւատրել եմ, չկա էնպիսի խնդիր, որ սպասեմ մեկի պատժին կամ գովասանքին։



- Այս տարիներին նորից պետական ապարատ վերադառնալու, պաշտոն զբաղեցնելու ցանկություն, մտադրություն ունեցե՞լ եք։ 



- Առաջարկներ ստացել եմ ազատվելուց հետո, բայց մի պայմանավորվածություն կար, որը չիրականացավ եւ այդպես էլ մնաց, ու չաշխատեցի։



- Իսկ այսօր, երբ իշխանության ներսում վերադասավորումներ են տեղի ունենում, Ձեզ որեւէ բան չի՞ առաջարկվել է, եթե առաջարկվի, կհամաձայնե՞ք։
- Չէ, ինձ ոչ մի աշխատանք չի առաջարկվել։ Բայց որ առաջարկեն, եթե ինձ արժանի համարեմ այդ պաշտոնին, կգնամ։ Սա այն թեման է, որ պիտի խոսենք, պիտի պայմանավորվենք, եթե որեւէ առաջարկ լինի։ Եթե ինձ բժշկի աշխատանք առաջարկեն, հաստատ չեմ գնա, որովհետեւ չեմ կարողանա անել։



- Դուք սպասո՞ւմ եք Ռոբերտ Քոչարյանի վերադարձին։
- Ի՞նչ է նշանակում՝ ես սպասում եմ։ Քաղաքական գործընթացներն իրենց տրամաբանությունն ունեն։ Մեր ժողովրդի մեջ ընդունված է անընդհատ ասել՝ սա պիտի գա, նա պիտի գա։ Էդպես չէ. ժողովուրդը կընդունի՝ կընդունի, չէ՝ չէ։ Բարոյականությունը՝ որպես առանձին երեւույթ, չկա։ Քաղաքականությունն իր բարոյականությունն ունի, տնտեսությունն իր բարոյականությունն ունի, մյուսը՝ իր։ Ես որեւէ խնդիր չեմ տեսնում։ Ես աշխատել եմ Քոչարյան Ռոբերտի հետ, աշխատել եմ յոթ տարի, վստահել եմ, հավատացել եմ, մենք շատ դժվար ճանապարհ ենք անցել, եւ որեւէ վատ միտք, տրամադրություն երբեք չեմ ունեցել նրա նկատմամբ։



- Ըստ Ձեզ՝ այսօրվա մեր քաղաքականության մեջ բարոյականությունը ո՞րն է, որտե՞ղ եք տեսնում այն։
- Չգիտեմ, այ, դա ամենածանր ու դժվար հարցն է... ընդամենը ուզում եմ, որ հավատս չմեռնի, ուզում եմ, որ ապրածս իզուր չլինի։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ