Մենք ապագայի կուսակցություն ենք, ներկայով չբավարարվող կուսակցություն ենք

Մենք ապագայի կուսակցություն ենք, ներկայով չբավարարվող կուսակցություն ենք

ՏԻՄ ընտրությունների մասին զրուցել ենք ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ։



- Պարոն Բաղդասարյան, չնայած խոստումներին ու համաձայնագրերին, իշխանությունն ընտրական գործընթացներում շարունակում է ապավինել ավանդական մեթոդներին, ՏԻՄ ընտրություններին ընդառաջ մարզերից տեղեկություններ ենք ստանում, որ ընտրակաշառք են բաժանում։ Օրինակ, Ձեր հարազատ Վանաձորում գազալցակայաններում գազի զեղչեր են հայտարարվել հանուն թեկնածուի, այլ համայնքներից ճնշումների մասին են ահազանգում։ Ինչո՞վ կբացատրեք իշխանության ակտիվությունը, մանավանդ որ ընդդիմադիրներն այնքան էլ ակտիվ չեն։



- Պետք է նախ ասեմ, որ շատ հետաքրքիր պրոցեսներ են ընթանում այս ՏԻՄ ընտրությունների ժամանակ, որովհետեւ նախորդների ժամանակ, երբ բազմիցս հորդորում էինք, որ քաղաքական ուժերը պետք է ակտիվ լինեն, քանի որ իրենց նպատակներին հասնելու համար պետք է ոչ թե բուրգի գլխից սկսել, այլ ներքեւից, սակայն նրանք չէին արձագանքում, եւ հատուկենտ կուսակցություններ էին թեկնածուներ առաջադրում։ Մինչդեռ հիմա, ի տարբերություն նախորդ տարիների, բավականին ակտիվ են։ Սակայն պետք է ասեմ նաեւ, որ մինչ ընտրությունները շատերը քայլեր են անում ընտրությունները մրոտելու, նմանատիպ լուրեր են տարածում, որպեսզի հետո արդարանան, թե ինչու չհաղթեցին։ Նրանք լավ գիտեն իրենց հնարավորություններն ու այդ պատճառով չեն հրաժարվում նախկին մեթոդներից, նախապես են մրոտում ընտրությունները, ասում, որ դրանք կեղծում են։ Վանաձորից նոր եմ վերադարձել, եւ նման բանի մասին խոսելն ավելորդ է, թող անտեղի տեղը որոշ մարդիկ պղտոր ջրում ձուկ չորսան, ցեխ շպրտեն իշխող քաղաքական ուժի վրա։ Մենք Վանաձորում անխոցելի թեկնածու ունենք, ընդունելի անձնավորություն, ճիշտ է՝ քաղաքական դաշտում մեծ փորձ չունի, բայց կառավարման մեծ փորձ ունի։ Մեր թեկնածուի հետ խոսել եմ, նա կողմ է, որ մրցապայքարը դառնա առաջիկա ԱԺ ընտրությունների հայելին։



- Մասիսում, օրինակ, ԲՀԿ-ական թեկնածուն անսպասելի ինքնաբացարկ հայտնեց՝ մեզ հայտնելով, թե առողջական խնդիրներ ունի, մինչդեռ տեղեկություններ կային, որ ճնշումներ են գործադրվել ԲՀԿ թեկնածուի վրա։



- Միշտ էլ այդ երեւույթը եղել է, դնում են թեկնածություններ, հետո թեկնածուների շրջանում սկսվում են բանակցություններ՝ ավելի նպատակահարմար տեղ տեղափոխվելու, որեւէ ճնշում որեւէ մեկի նկատմամբ չի կիրառվել։ Թող որեւէ մեկը կանգնի հայտարարի, որ իր նկատմամբ ճնշում է եղել, ես էլ եմ տարբեր ժամանակներում թեկնածու եղել՝ սկսած 90-ականներից, նման բան չկա։ Տեղեր են լինում, որ տասից ավելի թեկնածուներ են առաջադրվում, հետո սկսում են իրար հետ պայմանավորվածություններ, դա նեղ թեկնածուական խոսակցություններ են, թիմեր են միավորվում մի պաշտոնի ակնկալիքով կամ այլ նպատակով, համենայնդեպս, դա չի գալիս կուսակցական վերնախավի հրամայականով։ Հակառակը՝ մենք կողմ ենք, որ շատ թեկնածուներ առաջադրվեն։



- Վերջին շրջանում տեղի ունեցած գործընթացներից ու հատկապես «Սասնա ծռերի» ապստամբությունից հետո իշխանությունն էլի՞ վստահ է, որ ժողովուրդն իրեն ձայն կտա, ի դեպ, ասում են, որ այդ դեպքերից հետո եք որոշել գնալ կտրուկ փոփոխությունների։



- Որեւէ մեկ անգամ ինքնավստահությանը կողմ չեմ եղել, բայց, եթե հիշում եք, ԸՕ փոփոխությունների քննարկումները եղել են այդ գնդի գրավումից առաջ։ Մենք պետք է առավելագույնս ունենանք այնպիսի ԸՕ, որը կլինի անխոցելի, իսկ մենք պետք է դրսեւորենք քաղաքական այնպիսի կամք, որ ընտրություններն այնպես անցնեն, որ ընդունելի լինեն եւ մեր հանրության, եւ ընդդիմության, եւ միջազգային հանրության կողմից։ Այո, կան խնդիրներ, կա վստահության բարձրացման խնդիր, եւ ՀՀԿ-ն այնպիսի քայլեր պետք է անի, որ հանրությունը շոշափելի զգա, որ քայլեր են կատարվում, ու դրանք լինելու են շարունակական։ Այս փոփոխությունները նախընտրական չեն, դրանք հեռահար են, որովհետեւ մենք ապագայի կուսակցություն ենք, ներկայով չբավարարվող կուսակցություն ենք։



- Ի դեպ, ՀՅԴ-ի հետ կոալիցիոն համագործակցությունը կարծես ՏԻՄ-ում էլ է գործում, իրենց թեկնածուների դեմ ՀՀԿ-ն թեկնածուներ չի առաջադրել բազմաթիվ համայնքներում, բայց, օրինակ, ՀՀԿ-ական, Արագածոտնի նախկին մարզպետն է աննախադեպ ակտիվ։



- Դաշնակցության հետ մենք որեւէ պայմանավորվածություն չունենք, մենք ազատ ենք ընտրություններին, նույն բանն ասում են ՕԵԿ-ի հետ կապված, մյուսների։ Այո, կան տարածքներ, որ թեկնածուներ չենք առաջադրել, որովհետեւ, անկախ կուսակցական պատկանելությունից, գոհ ենք եղել այդ ղեկավարների աշխատանքից եւ կողմ, որպեսզի այդ թեկնածուն շարունակի իր գործունեությունը, օրինակ՝ Գյումրիում։ Անհասկանալի է ուղղակի Սամվել Բալասանյանի դեմ ֆեյսբուքյան ակտիվությունը, թեպետ ես ուրախանում եմ, որովհետեւ ուժ են տեսնում այդ մարդու մեջ, ՀՀԿ-ն երբեւէ կուսակցական պատկանելությունից կառչած չի եղել։ Մենք բավականին քննարկել ենք այդ թեկնածությունը, նրա մեջ ուժ ենք տեսել, տեսել ենք կատարած աշխատանքը, որը բավականին անխոցելի է եղել այս տարիների ընթացքում, եւ այդ պատճառով էլ նրան ենք առաջադրել՝ դաշինքի ձեւով։ Մենք առավել համոզված ենք նաեւ, որ գյումրեցիներն էլ իրենց գնահատականը կտան նրա կատարած իրական աշխատանքին։ Իսկ ֆեյսբուքյան մանր-մունր ակտիվությունը վկայում է Սամվել Բալասանյանի կայացվածության մասին։ Ուժեղի նկատմամբ են ամենաշատը հերյուրանքներ տարածում, այլ ճանապարհ չեն գտնում եւ սկսում են հայհոյել։ Առհասարակ, ԱԺ ցանկացած քննարկում շեղում են ու նախընտրական կրքերով խեղդում։ Մենք ընտրությունացավի ենք կարծես եկել, միայն ընտրություններն ենք տեսնում, անկախ նրանից՝ դատախազի հա՞րց կքննարկենք, թե՞ ԸՕ, բոլորի տակ պոպուլիզմ կա, դեմագոգիա, բոլորը տանում են ընտրությունների։



- Իսկ հատո՞ւկ էիք մտածել՝ Գյումրիում, որը մշտապես ընդդիմադիր քաղաքի համբավ ունի, ՀՀԿ-ի լոգոյով չմասնակցել ընտրություններին, թե՞ իսկապես մարդկային ռեսուրսի դեֆիցիտ կա ՀՀԿ-ում, օրինակ՝ Արթիկում էլ Մուշեղ Պետոյանին եք առաջադրել։



- Ոչ, մենք ունեցել ենք բավականին թեկնածուներ, որոնց մեջ մոնիթորինգ ենք անցկացրել, բարձր ենք գնահատել Սամվել Բալասանյանի շանսերը ու չենք էլ ընդունում մոտեցումը, որ նրան անպայման պետք է ասեինք անդամակցի ՀՀԿ-ին։ Այլ տողատակեր մեք փնտրի։ Նույնը՝ մյուսների վերաբերյալ։ Ինչ է, նրանք այսօր մեր թիմի անդամ չե՞ն։



- ՏԻՄ ընտրությունների համակարգմամբ ո՞վ է զբաղվում ՀՀԿ-ում, ո՞վ է պատասխանատու։



- Ոչ, մենք կենտրոնական շտաբ չենք ձեւավորել, կան մարզերում պատասխանատուներ։



Լուսինե
ՇԱՀՎԵՐԴՅԱՆ