Ինչ ունի ԱՊՀ-ն իր 25-ամյա գոյության ընթացքում (մաս առաջին)

Ինչ ունի ԱՊՀ-ն իր 25-ամյա գոյության ընթացքում (մաս առաջին)

Իր հոբելյանական 25-ամյակի գագաթաժողովին, որը տեղի կունենա այսօր Բիշքեկում, ԱՊՀ-ն հասավ բավական անորոշ կարգավիճակով: Ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին իր անդրադարձում, նման առավել ներկայացուցչական հանդիպում հետխորհրդային տարածքում դեռեւս չի եղել, քանի որ ԱՊՀ-ն կազմում են ԽՍՀՄ նախկին տասնհինգ հանրապետություններից տասնմեկը: Մյուս կողմից, սակայն, վերջինիս արդյունավետությունը գնալով նվազում է, իսկ գործառույթներն էլ մասնակիորեն վերցրել են այլ կառույցներ:



Սրանով հանդերձ, ԱՊՀ-ն, որ ավելի ողջի, քան մեռելի տպավորություն է թողնում, փորձում է ոչ միայն շարունակել իր գոյությունը, այլեւ հարմարվել նոր իրականությանը, նոր իրողություններին: Իրականում ԱՊՀ-ն բավական լուրջ մրցակցության պետք է դիմանա, որի կանոնները, անկեղծ ասած, բավականին դաժան են:



Տնտեսության ոլորտում ավելի մեծ թափ է հավաքում ԵԱՏՄ-ն, որի անդամները թեեւ այնքան էլ շատ չեն, սակայն գործողություններն ավելի ռեալ են եւ շոշափելի: Մոսկվան չի էլ թաքցնում, որ հենց ԵԱՏՄ-ի հետ է կապում հետխորհրդային տարածքի տնտեսական զարգացման ապագան:



Ռազմա-քաղաքական ոլորտում էլ ԱՊՀ-ին լուրջ մրցակցային մարտահրավեր են նետել մի կողմից ՀԱՊԿ-ը, մյուս կողմից` Շանհայի համագործակցության կազմակերությունը: Պատկերը նույնն է` մասնակիցները քիչ են, կոնկրետ գործողությունները` ակնառու: Այս ֆոնի վրա ԱՊՀ-ն բավական թույլ է երեւում, եւ ինչպես նկատում է ԱՊՀ ինստիտուտի տնօրենի օգնական Վլադիմիր Ժարիխինը. «Թեեւ տնտեսական եւ ռազմական բաղադրիչները անցում են կատարում ԱՊՀ-ից դեպի այլ` ավելի նեղ կազմ ունեցող կառույցների, ԵԱՏՄ-ին եւ ՀԱՊԿ-ին որոնց անդամ են ոչ բոլոր հետխորհրդային եւ նույնիսկ ոչ բոլոր ԱՊՀ անդամ երկրները, սակայն նույնիսկ նեղ կազմով ավելի արդյունավետ աշխատող կառույցների առկայության պայմաններում, չի կարելի չասել, որ ԱՊՀ-ն դարձավ այն հարթակը ԽՍՀՄ-ից հետո, որտեղ ձեւավորվեց հող՝ արդեն մյուս կառույցների համար»:



(շարունակելի)



Թարգմանությունը` Արման Գրիգորյանի