Կարեն Կարապետյանը պետք է նախագահի որոշումների վրա վետո դնելու իրավունք ունենա

Կարեն Կարապետյանը պետք է նախագահի որոշումների վրա վետո դնելու իրավունք ունենա

Ոմանց լավատեսությանը վարչապետ Կարեն Կարապետյանը սառը ցնցուղ պահեց՝ հայտարարելով, որ ինքը կախարդական փայտիկ չունի Հայաստանի տնտեսությունն արագ առողջացնելու համար, եւ խոստովանեց, որ տնտեսության վիճակը ծանր է, որից դուրս գալու համար համակարգային մոտեցում է հարկավոր։ Ի՞նչ մարտահրավերներ են ծառացած մեր առաջ, որոնք պետք է լինեն նորանշանակ վարչապետի առաջնահերթ քայլերը. փորձեցինք լսել ԱԺ տնտեսագետ պատգամավորներին։



ՀՀԿ խմբակցության անդամ Գարեգին Նուշիկյանի կարծիքով, վարչապետը նախեւառաջ կառավարության նկատմամբ հանրության վստահությունն ամրապնդող քայլեր պետք է ձեռնարկի։ «Հովիկ Աբրահամյանն ինչո՞ւ հրաժարական տվեց, նա պարզ ասաց, որ իրեն չհաջողվեց կառավարության հանդեպ հանրային վստահությունն ամրապնդել»,- հիշեց Նուշիկյանը՝ ասելով, որ մինչեւ կառավարությունը չվաստակի այդ վստահությունը, չի կարող բարեփոխումներ անել. «Եթե չկա վստահություն, ցանկացած լավ նախաձեռնություն ուղղակի տորպեդահարվում է, հասարակության կողմից չի ընդունվում, եւ դժվարանում է դրանք կյանքի կոչելու գործընթացը։ Դրանից հետո կարելի է անցնել տնտեսությանը, որի վիճակը որեւէ մեկը չի հերքի, որ ծանր է, կա Հարկային օրենսգրքի խնդիրը, որն անմիջապես կապված է տնտեսության հետ։ Գտնում եմ, որ նոր կառավարություն է, նոր կառավարությունը պետք է նորից այդ հարցը հանրության հետ քննարկի, նոր կառավարության ծրագրի հետ համապատասխանեցվի: Սպասելիքները, հույսերը մեծ են, դրական են. տեսնենք, թե ինչ կստացվի: Կարծում եմ՝ առաջնահերթ այս խնդիրներն են, որ պետք է դրվեն, լուծվեն ու գնան առաջ»։



Նուշիկյանը նկատեց, որ կառավարության անդրանիկ նիստում Կարեն Կարապետյանը վստահությունն ամրապնդող քայլերն արդեն արել է, մնում է դրանք կյանքի կոչել։ «Կառավարության նիստում հայտարարվեց, որ հանձնարարել է, որ գազի ու էլէներգիայի գները վերանայվեն: Մի խոսքով, ամեն ինչ պետք է շատ ավելի արագ տեղի ունենա, որովհետեւ մենք էդ ժամանակը չունենք»:



Կառավարության նիստում հարկահավաքության հետ կապված խնդիրների մասին էլ խոսվեց, արդյոք բոլորը կբերվե՞ն հարկային դաշտ։ Այս հարցին Նուշիկյանը հստակ պատասխան չունի, միայն ասաց. «Վիրահատական աշխատանքներ են պետք, իսկ դրանք, որպես կանոն, ցավ են պատճառում: Ուղղակի էդ ցավը կլինի օբյեկտիվ, թե սուբյեկտիվ որոշակի տնտեսվարողների համար, կարծում եմ, որ, այո, կլինի, որովհետեւ մարդը երեկ պարզ ասաց, որ վիճակը շատ ծանր է»:



ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի կարծիքով, միայն տնտեսական միջոցառումներ չէ, որ պետք է արվեն առաջնահերթ, քաղաքական-տնտեսական-սոցիալական հարցերի հստակեցման խնդիր կա. «Առաջին հերթին քաղաքական որոշման խնդիրն է։ Ես Հովիկ Աբրահամյանի ժամանակ էլ եմ ասել. եթե վարչապետը նախագահի որոշումների նկատմամբ 50 տոկոս վետո դնելու իրավունք չունենա, ոչ մի հարցում էլ չի հաջողելու։ Անցել է երկուսուկես տարի, ես ավելացնում եմ իմ պահանջը՝ եթե այսօրվա վարչապետը չունենա ոչ միայն սոցիալ-տնտեսական, հարկային-մաքսային, թոշակների, աշխատավարձերի, այլեւ դատաիրավական համակարգի եւ արդարության ինստիտուտների վերահաստատման հարցում վետո դնելու իրավունք, չի հաջողվի»։



Մելքումյանն առաջարկում է ոչ թե հայտարարել մենաշնորհների դեմ պայքարի մասին, այլեւ գործով ցույց տալ. «Ցույց տալ, որ այսինչ եւ այնինչ ապրանքները ներկրվում են ոչ թե մեկ հոգու կողմից, այլ 13-ը կամ 23-ն են բերում»։ Մելքումյանի խոսքով, հարկ եղած դեպքերում պետք է ներազդել դատական գործերի արագ քննության հարցում. «Օրինակ՝ իշխանության եւ ոչ իշխանության միջեւ ցուցակների հրապարակման որոշում կայացվեց։ Ենթադրենք՝ ցուցակները հրապարակեցին, եւ պարզվեց, որ 250 տեղամասում կեղծվել են։ Դատարանը 1-2 տարի պետք է քննի, որոշի եւ այլն։ Այսինքն՝ դատարանի այսօրվա գործող սխեման չի սպասարկում ոչ մի գործընթաց՝ ոչ ընտրական, ոչ բիզնես, ոչ սոցիալական եւ այլն։ Պետք է դատական վարչարարությունը վերականգնվի։ Նույնը՝ կոռուպցիայի ոլորտում, ամենամեծ ռիսկը պետական գնումների, տենդերների, բանակի մատակարարումների ոլորտներում է, միջազգային վարկեր, թող այստեղից սկսեն։ Կամ, օրինակ, թող այնպես անեն, որ կարմիր գծերի եւ արագաչափերի ամբողջ գումարը գնա պետական բյուջե կամ բանակին ուղղվի»։ Մելքումյանն ընդգծեց նաեւ. «Չպետք է դնի ու համատարած մերժի ոչ իշխանականների ներկայացրած նախագծերը»։



ՕԵԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Դոխոլյանի համոզմամբ էլ՝ հարկավոր է առաջին հերթին աշխատատեղեր բացել, ձեռնարկություններ վերագործարկել. «Ես ապրում եմ Շենգավիթում, որը նախկինում եղել է բանվորական թաղամաս, եւ բազմաթիվ գործարաններ ժամանակին աշխատել են, այդ թվում՝ «Նաիրիտը», «Հայէլեկտրոն»։ «Հայէլեկտրո»-ում ժամանակին շուրջ 11 հազար շենգավիթցիներ են աշխատել, այսպես աշխատատեղերի գլոբալ հիմնահարց կարելի է լուծել, որը նաեւ կդադարեցնի արտագաղթը»։



Դոխոլյանի կարծիքով, այդ ամենն անիրատեսական չէ, կարելի է վարկային քաղաքականության միջոցով խնդրին լուծում տալ. «Գրեթե բոլոր քառօրյաների ընթացքում վարկային համաձայնագրեր են բերվում, ինչո՞ւ ոչ՝ թող այդ միջոցներից օգտագործեն գործարանների վերագործարկման համար, հետո եկամուտներից հնարավոր կլինի վարկի մարում»։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ