Ընդդիմությունը տոնում է փոքրիկ, բայց հուսադրող հաղթանակներ

Ընդդիմությունը տոնում է փոքրիկ, բայց հուսադրող հաղթանակներ

Սեպտեմբերի 18-ին Հայաստանի հինգ մարզերում անցկացված ՏԻՄ ընտրություններն անցան բավականին դրամատիկ պայքարում եւ ուշագրավ արդյունքներով։ ՀՀ մի շարք համայնքներում վերընտրվեցին գործող գյուղապետերը, որոնցից ոմանք մրցակիցներ չունեին։ Սակայն քիչ չեն նաեւ այն համայնքները, որտեղ ընդդիմադիր քաղաքական ուժերի անդամները կամ նրանց սատարած անկուսակցական թեկնածուները հաղթանակ տարան ՀՀԿ-ականների նկատմամբ։ Ի դեպ, պայքարն ընթանում էր ոչ միայն համայնքի ղեկավարի աթոռի, այլեւ ավագանու մանդատների համար։



«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն



Մշտապես իշխանությունների հաղթանակին ականատես մեր ժողովրդի համար ամենատպավորիչը, թերեւս, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամի հաղթանակն էր Արարատի մարզի Նոր Կյանք համայնքում։ Գարիկ Սարգսյանը 467 ձայնով պարտության մատնեց 17 տարվա գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Մայիս Աբրահամյանին, որն ստացել էր 400 ձայն։ Նախընտրական քարոզարշավը Նոր Կյանքում թեժ անցավ։ Այս հաղթանակը «ՔՊ»-ում ուղղակի ցնծություն է առաջացրել։ Նրանք չեն թաքցնում իրենց ուրախությունը, որ կարողացան թեկուզ մի փոքր համայնքում հաղթանակ տանել իշխանական ՀՀԿ-ի նկատմամբ։ Նրանց այս հաղթանակը ոգեւորել է նաեւ հասարակության շատ անդամների, որոնք չեն էլ ճանաչում Գարիկ Սարգսյանին, բայց ուրախացել են, որ վերջապես ՀՀԿ-ն պարտվեց ընդդիմադիր ուժին։



«ՔՊ»-ում կարծում են, որ Նոր Կյանքում իրենց հաղթանակը նոր կյանք կհաղորդի իրենց պայքարին ու քաղաքական դաշտին։ Ի դեպ, «Նոր կյանքը» նաեւ «ՔՊ»-ի նախընտրական լոզունգների անբաժան մասն է։ Նոր Կյանքում, բացի գյուղապետի թեկնածուից, հաղթանակ են տարել նաեւ ավագանու անդամի երկու «ՔՊ»-ական թեկնածու։ Այս համայնքից զատ, «Քաղաքացիական պայմանագիրը» թեկնածուներ ուներ նաեւ Արագածոտնի մարզի Իրինդ եւ Ոսկեվազ գյուղերում, որտեղ նրանց թեկնածուները պարտվել են։ Ոսկեվազում հաղթել է «Հայկական վերածնունդի» թեկնածուն՝ գործող գյուղապետը։



«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն



ԲՀԿ-ում եւս ցնծության մեջ են։ 6 համայնքներում հաղթանակ են տարել ԲՀԿ-ական թեկնածուները։ Մի շարք համայնքներում էլ հաղթել են իրենց սատարած անկուսակցական թեկնածուները։ Գետազատ, Նոր Խարբերդ, Արբաթ, Ազատաշեն, Հովտաշատ, Ազատավան գյուղերում հաղթել են ԲՀԿ-ական թեկնածուները։ Ուշագրավ էր հատկապես Նոր Խարբերդում պայքարը, որը խոշոր համայնք է, 7-8 հազար բնակիչ ունի։ Այստեղ ԲՀԿ-ական թեկնածուի դեմ պայքարի էր ելել ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հորեղբորորդին՝ Հանրապետական կուսակցությունից։ ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանն ասաց, որ սա նոր բան չէ, նա վաղուց էր ՀՀԿ-ական, բայց իրենց թեկնածուին հաջողվել է հաղթանակ տանել կուսակցության ղեկավարի զարմիկի նկատմամբ։ ԲՀԿ-ն նաեւ ընդհանուր թվով ավագանու անդամի 56 թեկնածու էր առաջադրել տարբեր համայնքներում, որից 36-ը հաղթել են։



«Հայկական վերածնունդ» կուսակցություն



Նախկին ՕԵԿ-ը՝ այժմյան «Հայկական վերածնունդը», հաղթանակ է տարել 3 գյուղերում՝ Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքում, որտեղ 1420 ձայնով վերընտրվել է գործող գյուղապետ Հայկ Հովհաննիսյանը։ Այս համայնքում գյուղապետի պաշտոնի համար պայքարում էին նաեւ «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Արսեն Նազարյանն ու անկուսակցական Հենրիկ Ասատրյանը։ Փաստորեն, ընդդիմությունն այստեղ հաղթանակ տարավ ընդդիմության նկատմամբ։ Նույն մարզի Սասունիկ համայնքում եւս վերընտրվել է ՀՎԿ-ական գործող գյուղապետը, որը միայնակ էր պայքարի ելել՝ մրցակից չուներ։ Տավուշի մարզի Չինչին համայնքում եւս հաղթել է ՀՎԿ թեկնածուն։ ՀՎԿ-ում այս հաղթանակները բավարար են համարում այս ընտրություններում, սակայն նրանց ուշադրությունը կենտրոնացած է ավելի շատ հոկտեմբերի 2-ի ընտրությունների վրա՝ Գյումրիում եւ Վանաձորում թեժ պայքարի են պատրաստվում։



«Լուսավոր Հայաստան» կուսակցություն



Ամենատխուր պատկերը, թերեւս, այս կուսակցության արձանագրած արդյունքներն են։ Նրանք երկու տեղ ունեին համայնքի ղեկավարի թեկնածուներ, երկուսում էլ պարտվել են՝ Նոյեմբերյանի խոշորացված փնջում եւ Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում։ Փոխարենը նրանց ավագանու անդամի թեկնածուներն են այս նույն համայնքներում հաղթել։ Կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց, որ Ջրառատում իրենց թեկնածուն պարտվել է, քանզի «կարուսել» են արել, իսկ Նոյեմբերյանում էլ բավականին մեծ ձայներ է հավաքել, թեեւ էլի պարտվել է։ «Լուսավոր Հայաստանն» ավելի թեժ կպայքարի հոկտեմբերի 2-ի ընտրություններում, հատկապես կատաղի պայքարի են պատրաստվոմ Մարուքյանի ծննդավայր Վանաձոր քաղաքում, որտեղ ցուցակի առաջին համարը Մարուքյանի եղբայրն է։



ՀԳ. Ընդդիմադիր կուսակցություններից «Ժառանգությունն» ու «Ալյանսն» այս ընտրություններում թեկնածուներ չէին առաջադրել։ «Ալյանսի» անդամ մեկ թեկնածու կար Օշական համայնքում, որն ինքնառաջադրված էր եւ պարտվել է գործող գյուղապետին։ «Ժառանգությունը» չի մասնակցի նաեւ հոկտեմբերի 2-ի ընտրություններին։ Փոխարենը «Ալյանսն» է մասնակցելու։ Նրանք եւս, «Հայկական վերածնունդի» նման, մտադիր են կատաղի պայքար մղել գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի գլխավորած «Բալասանյան դաշինքի» դեմ։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ