Լավից լավն էլ կա

Լավից լավն էլ կա

Փոփոխությունների ալիքը չշրջանցեց անգամ կառավարության ամենանորեկին՝ էներգետիկայի եւ բնական պաշարների այլեւս նախկին նախարար Լեւոն Յոլյանին։ Նա կառավարություն էր գործուղվել 2016-ի փետրվարին՝ ազատվելով Վերահսկիչ պալատի փոխնախագահի պաշտոնից։ Նրա եւ Սերժ Սարգսյանի մտերմության մասին վաղուց է հայտնի, սակայն Յոլյանը հանրության ուշադրության կենտրոնում հատկապես հայտնվեց 2013 թվականին, երբ նշանակվեց ՀՀ նախագահի նախընտրական շտաբի պետի տեղակալ։



Ըստ մամուլի՝ հենց Յոլյանին էր պատկանում մարդկանց ցուցակագրելու նախաձեռնությունը՝ երբ ՀՀԿ-ին ու ՀՀԿ թեկնածուին ձայն տվողները ներկայացնում էին իրենց եւ հարազատների տվյալները, որոնց հետո զանգում-հարցնում էին՝ գիտե՞ք ում եք ձայն տալու։ Խոսում էին նաեւ, որ մատուցած ծառայությունների համար նրան վաղուց էին պաշտոն խոստացել։ Եվ, ի վերջո, պարգեւատրվեց էներգետիկայի նախարարի պաշտոնով։ Թերեւս, նրա պաշտոնավարման 6 ամիսների ընթացքում շատերը համոզվեցին, որ ինչքան էլ Յոլյանը «լավ մարդ» է եւ հատկապես լավ շախմատիստ, դա բավարար չէ լավ նախարար լինելու համար։ Սակայն Կարեն Կարապետյանի նշանակումից հետո հեռացողների թվում նրա անունը շատ չէր շոշափվում, քանի որ մարդիկ կարծում էին, որ Սերժ Սարգսյանի հետ մտերմությունը եւ պաշտոնավարման կարճ ժամկետը կխանգարեն, որ նրան ճանապարհեն։ Պարզվեց՝ սխալվում էին։



«Ինձ համար ինչ-որ չափով անակնկալ էր իմ նշանակումը, չեմ հասցրել խնդիրներին ամբողջությամբ ծանոթանալ։ Խոսք եմ տալիս, որոշ ժամանակից կլինեմ շատ թափանցիկ, հրապարակային։ Պարզապես խնդիրների մեջ պետք է մտնել»,- պաշտոնն ստանձնելուց 1-2 օր անց էներգետիկայի նախարարությունում խոստովանել էր նորանշանակը, սակայն ամիսներ հետո էլ ոլորտի խնդիրները նրան անծանոթ մնացին։



Արդեն հայտնի է Յոլյանին փոխարինողի անունը՝ Աշոտ Մանուկյան։ Նա Հրազդան ՋԷԿ-ի նախկին տնօրենն է, համակարգի հին աշխատող։ Պաշտոնաթող նախարարը՝ Յոլյանը, մեր զրույցում բարձր գնահատեց Մանուկյանի պրոֆեսիոնալիզմը, տեղեկացրեց, որ նորանշանակը տնտեսագիտության դոկտոր է, ասաց նաեւ, որ նորմալ է ընդունում փոփոխությունը, քանի որ ոլորտը ռազմավարական է եւ բարձր պրոֆեսիոնալիզմ է պահանջում։



- Պարոն Յոլյան, Դուք ընդամենը ամիսներ առաջ էիք նշանակվել նախարարի պաշտոնում, այսպես ասած՝ համեմատաբար նոր մարդ էիք, ինչո՞ւ պաշտոնանկությունների ալիքը Ձեզ չշրջանցեց։



- Ես լրիվ բնական եմ համարում, նշանակվել է մարդ, որը լավ տեղյակ է համակարգից, պրոֆեսիոնալ է, եւ համարյա թե վստահ եմ, որ իր մոտ կհաջողվի, եւ ամեն ինչ լավ կլինի։



- Այսինքն՝ Դուք չէի՞ք տիրապետում ոլորտին, թե՞ չհասցրիք այս ամիսներին դրսեւորվել։



- Դե, միշտ էլ լավից լավը լինում է, չէ՞. այդ տարբերակն է։ Ես հույսով եմ, որ ամեն ինչ շատ լավ կլինի համակարգում, այս համակարգն ինձ համար դարձել է հարազատ համակարգ։ Ես կողքից բարի հայացքով կհետեւեմ Աշոտին Մանուկյան, ինքը տաղանդավոր անձնավորություն է, ամեն ինչ շատ լավ կլինի։



- Ձեր կարծիքով, ինչ-որ բան գոնե հասցրի՞ք անել այս ամիսներին։



- Ես չէ, որ պետք է գնահատեմ իմ կատարած աշխատանքը, դպրոցական տարիներից ես սովորել եմ ինքս ինձ չգնահատել, ինձ թվում է՝ բավականին բաներ արվել են, բայց շատ բաներ էլ կան անելու։



- Դուք, հավանաբար, նոր մոտեցումներ, արագություն չունեք, այդպիսի խնդիր էր, չէ՞, դրված, թե՞ պարզապես լավ չաշխատեցիք։



- Ես կրկնում եմ՝ ինձ գնահատելու սովորություն չունեմ, դա ձեր գործն է, ձեր փեշակը։ Գուցեեւ լավ չաշխատեցի՝ դուք գնահատեք եւ հանրությունը։



- Ինչո՞վ եք զբաղվելու առաջիկայում։



- Ես այս պահի դրությամբ որոշել եմ մի քիչ հանգստանամ։



- Իսկ հնարավո՞ր է Ձեզ նորից տեսնենք 2017-ի ընտրությունների նախընտրական շտաբում։



- Ես Նոստրադամուսը չեմ, որ նման բան ասեմ, կյանքն իր հունով շարունակվում է, կապրենք՝ կտեսնենք։



- Ժամանակին խոսում էին, որ շտաբում կատարած աշխատանքների համար Ձեզ «վարձահատույց» եղան նախարարի պաշտոնով։



- Բայց ես պաշտոն ունեի, Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալն էլ քիչ պատասխանատու պաշտոն չէր։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ