Հայկական բրենդը վտանգված է

Հայկական բրենդը վտանգված է

Խաղողի մթերման գործընթացը նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանն անձամբ իր հսկողության տակ է վերցրվել, քանի որ տեղեկացել է, որ այս ոլորտում բազմակոորդինացիոն խարդախություններ են եղել անցյալում։



Արդեն մեկ տարի է՝ խաղողի մթերման հետ կապված խնդիրները չեն դադարում մնալ հանրության ուշադրության կենտրոնում։ 2015-ի խաղողի աննախադեպ բերքն ու վերամշակող կազմակերպությունների ֆինանսական խնդիրները մեկ տարի անց էլ մնում են չլուծված: Խաղողագործներն այս տարվա բերքն են պատրաստվում մթերել, բայց նրանց մի մասը դեռ նախորդ տարվա մթերած խաղողի գումարը չի ստացել, վերամշակող գործարաններն էլ հրաժարվում են բերքի մեծածավալ մթերումից, թերեւս բացառություն են Երեւանի կոնյակի գործարանն ու Գագիկ Ծառուկյանի «Նոյը»։



Մեր տեղեկություններով, վերամշակող ընկերությունները խաղողագործներին անցած տարվա մթերումների դիմաց շուրջ 800 մլն. դրամ են պարտք։ Ոչ անցած տարի, ոչ էլ առավել եւս այս տարի նրանք սիրահոժար չեն մթերում հայկական խաղողը։ Եվ հարցը միայն այն չէ, որ կոնյակի, գինու իրացման դժվարություններ ունեն կամ ֆինանսական խնդիրներ։ Բանն այն է նաեւ, որ նրանք շատ ավելի էժան հումք՝ սպիրտ են ներկրում երրորդ երկրներից, որը չնայած անորակ է, երբեմն մարդու կյանքի համար վտանգավոր եւ մեր հայկական խմիչքի «հերն անիծում է», բայց շատ ավելի ձեռնտու է։ Եվ հենց այդ պատճառով էլ հայկական խաղողը մնում է չմթերված։ Անցած տարի, ասում են, անգամ վերամշակող ընկերությունները թվեր են կեղծել՝ մթերել են քիչ քանակությամբ խաղող, սակայն բարձր ցուցանիշներ են ցույց տվել, որպեսզի դրսից բերած սպիրտի հիման վրա աշխատեն։ Իսկ այդ սպիրտն էլ հաճախ ներկրում են այլ ապրանքների անվան տակ եւ մաքսատուրք էլ գրեթե չեն վճարում։



Այս մեքենայությունների դեմն առնելու համար էլ վարչապետի հանձնարարականով այժմ խստորեն վերահսկվում է մթերման գործընթացը՝ ամեն օր գյուղնախարարության աշխատակիցները գործուղվում են մթերող գործարաններ ու արձանագրում իրական ցուցանիշները։ Մեր տեղեկություններով, սա որոշ մասնավորների մոտ դժգոհության տեղիք է տվել, դեպքեր են եղել, որ անգամ վռնդել են նախարարության աշխատակիցներին։ Իրենք՝ տնտեսվարողները, մեզ հետ մասնավոր զրույցներում անկեղծանում են, որ հոսանքն ու գազը թանկ են, թանկ է նաեւ հայկական խաղողը, այդ պատճառով է տեղական հումքի վերամշակումը դարձել ոչ նպատակահարմար։ Իսկ պետությունը ոչինչ չի անում արտադրողին պաշտպանելու համար։ Մասնագետների գնահատմամբ, մինչեւ 2015 թիվը խաղողի մթերման հետ կապված խնդիրներ չկային, խնդիրը սրվեց անցյալ տարի՝ ռուսական ռուբլու արժեզրկման պատճառով. գաղտնիք չէ, որ հայկական կոնյակը հիմնականում այդ շուկան է իրացնում։



Այս ամենի մեջ ամենացավալին հայկական կոնյակի որակազրկումն է՝ մեր բրենդի հեղինակազրկումն օտար շուկաներում։ Որոշ ժուլիկներ էլ, օգտվելով այս վիճակից, հեշտ ու արագ փողեր են աշխատում՝ հայկական խմիչքի արտադրությունը, եթե, իհարկե, դա կարելի է արտադրություն համարել, կազմակերպելով արտերկրում։ Նոր կառավարությունը խնդիր է դրել նախ վերահսկողության տակ վերցնել դաշտը, որպեսզի թվերի զեղծարարություն չգնա, երկրորդ՝ պաշտպանել հայկական գինու-կոնյակի բրենդը, եւ երրորդ՝ աջակցել խաղող արտադրող հայ գյուղացուն։ Ի վերջո, կոնյակ-գինի արտադրողները պետք է հասկանան, որ ինչքան էլ դժվար լինի, բայց միայն հայկական խաղողի վրա պատրաստված գինին եւ կոնյակը կարող են աշխարհում գնահատվել եւ, վերջին հաշվով, եկամուտ բերել։



«ՄԱՊ» կոնյակի եւ գինու գործարանը, որը պատկանում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Պետրոսյանին, այն գործարանների շարքում է, որոնք այս տարի մթերում չեն իրականացնի։ «Նպատակահարմար չենք համարում»,- ասաց Պետրոսյանը մեզ հետ զրույցում։ ՄԱՊ-ը, նրա խոսքով, խաղող կմթերի միայն այն խաղողագործներից, որոնց հետ պայմանագրեր ունի՝ մոտ 1000-1500 տոննա, մինչդեռ նախկինում այս գործարանը մինչեւ 8 հազար տոննա եւ ավելի խաղող է մթերել։ Պետրոսյանը մի շարք պատճառներ է թվարկում. «Խաղող մթերելուց հետո պետք է ապրանք արտադրել ու վաճառել, բայց որ չենք կարողանում վաճառել, ո՞նց մթերենք։ Իսկ չենք կարողանում վաճառել, որովհետեւ շուկան հագեցած է, հիմնական շուկան Ռուսաստանն է, իսկ այնտեղ իրենք էլ են արտադրում»։ Մեր դիտարկմանը, որ հայկական իսկական կոնյակի պահանջարկը միշտ եղել է, եւ սա չի՞ նշանակում, որ որակի հետ է խնդիրը կապված, պատգամավորը չհամաձայնեց՝ մեր կարծիքով, միշտ լավն է եղել, ասաց նա։ Նաեւ ասաց, որ տեղյակ չէ դրսից բերված սպիրտով կոնյակ արտադրելու դեպքերի մասին։



Պետրոսյանի խոսքով, հայկական կոնյակը ոչ մրցունակ է դարձել բարձր ինքնարժեքի պատճառով. «Խաղողը թանկ է, լույսը՝ թանկ, իսկ դա բերում է ինքնարժեքի բարձրացման, ու ապրանքն էլ դառնում է ոչ մրցունակ»։ Իսկ արեւմտյան շուկաներ նվաճելու համար, ՀՀԿ-ական պատգամավորի խոսքով, շատ փող ու ժամանակ է հարկավոր։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ