Սևանը ձեռնոց է նետում Գյումրուն

Սևանը ձեռնոց է նետում Գյումրուն

Սեւանում հոկտեմբերի 2-ի քաղաքապետի ընտրությունները պայթյունավտանգ իրավիճակ են ստեղծել։ Մեկ օր առաջ գրել էինք, որ ՀՀԿ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է վերընտրվելու հայտ ներկայացրած քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանի՝ Ուդոյի դեմ, որին անգամ իր գողական կապերը չեն փրկում, ու գործող քաղաքապետի շուրջ օղակը սեղմվում է, գործի են դրվել ճնշումների հայտնի ու անհայտ մեթոդները։



Տեղեկացրել էինք, որ խառնվել է անգամ ոստիկանապետ Վովա Գասպարյանը։ Երեկ առավոտյան հայտնի դարձավ, որ թեկնածուն 4 ոստիկանի ուղեկցությամբ բերման է ենթարկվել Քննչական կոմիտեի Մարտունու քննչական բաժին։ Սեւանի քաղաքապետը Քննչական կոմիտե է տարվել Սեւանի ստորգետնյա խողովակները յուրացնելու հետ կապված քրեական գործով, որը հարուցվել է սեպտեմբերի 5-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, այն է՝ պաշտոնական դիրքը չարաշահելով՝ գույքի յուրացում:



Չնայած Ղուկասյանն իր անվան հետ առնչվող աղմկահարույց պատմություններով հաճախ է զբաղեցրել մամուլի թոփ թեմաների առաջատար հորիզոնականները, սակայն ընտրությունների նախաշեմին թեկնածուի նկատմամբ նման գործողությունները մի բանի մասին են վկայում, որ ամեն ինչ արվում է Ուդոյի գլխին «սարքելու», նրան պայքարից հանելու համար, եւ այդ հարցում իշխանությունը գործի է դրել իր ամբողջ գործիքակազմը՝ քննչականից մինչեւ ոստիկանություն ու գողական։



«Սա շոու ա, որը կազմակերպում ա Սեւանի ոստիկանապետ Աղեկյանը: Էդ շոուն կազմակերպել ա ինքը, խողովակները տարել ա, հանել ա, ես տեղյակ չեմ ոչ մի բանից: Ինձ մեղադրանք չեն առաջադրել, ինձ վկա են կանչել, ուզում են մեղավոր հանել իմ ճարտարապետին, բայց չեն կարող, քանի որ ինքն ա արել դա»,- քննչականից դուրս գալուց հետո մեզ փոխանցեց Ռուդիկ Ղուկասյանը՝ ասելով նաեւ, որ այդ ամենը մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի ձեռագիրն է։



Ղուկասյանն առաջարկեց, որ իր պաշտպանը ներկայացնի կատարվածի մանրամասները։ Պաշտպան Վրեժ Խաչիկյանը տեղեկացրեց, որ քաղաքապետին նախորդ օրն են ոստիկանություն կանչել՝ որպես վկա, բայց քանի որ քարոզարշավի է մասնակցում, ծանուցագիր է ուղարկել, որ չի կարող ներկայանալ ոստիկանություն: Այնինչ Քննչական կոմիտեի Մարտունու շրջանի քննիչ Արթուր Ավագյանն ասել է, որ գրավոր ծանուցագրից տեղյակ չի եղել, այդ իսկ պատճառով էլ բերման ենթարկելու որոշում է կայացրել։ Պաշտպանի փոխանցմամբ, առաջարկել են գործի քննությունը հետաձգել առնվազն մինչեւ ընտրությունների ավարտ, ինչն ընդունվել է։ Պաշտպանը խոստացավ ավելի ուշ հայտնել, թե կոնկրետ ինչ քրեական գործ է հարուցվել. «Ես կարող եմ միայն ասել, որ քաղաքապետն ուղղակի կապ չունի այդ գործին, պարզապես ենթադրում եմ, որ ինչ-որ թուղթ է, հավանաբար՝ քաղաքապետի թույլտվությունը եղել է, չի եղել, արդյոք իրավունք կա, թե չկա տրված. ենթադրում եմ, որ դրա համար է քաղաքապետը որպես վկա ներգրավված գործով»։



Մոտ մեկ տարի է՝ բավականին լարված են մարզպետի եւ Ռուդիկ Ղուկասյանի հարաբերությունները։ Բոլորովին վերջերս մարզպետը խոստացել էր, որ Ղուկասյանի գործունեության վերաբերյալ աղմկահարույց բացահայտումներ են լինելու։ Այսօր կարելի է խոստումը կատարված համարել։ Մի քանի օր առաջ էլ մարզխորհրդի նիստում Ռաֆիկ Գրիգորյանը հայտարարել է, որ իր պատվի հարցն է՝ Ուդոն չպիտի ընտրվի։ Գրիգորյանն ու իշխանությունը Սեւանում թեկնածու ունեն՝ անկուսակցական Սարգիս Մուրադյանը՝ Սեւան ազգային պարկի տնօրենի տեղակալը, որի մասին Ղուկասյանն ասել էր, թե Սեւանում չի ապրել, Լճաշեն գյուղից է, ընտրությունների համար 1 տարի առաջ գրանցել են Սեւանում։



Սեւանցիները լավ չեն խոսում Մուրադյանի մասին, առավել եւս հոր՝ Սեւանի զբաղվածության կենտրոնի պետի մասին, որին ասվել է չխառնվել ընտրություններին, չփչացնել ամեն ինչ։ Մուրադյանի համար կյանքը չի խնայում նաեւ նորատուսցի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանը, նա գործի է դրել համագյուղացի գողականներին, եւ Ուդոյի դեմ է դուրս եկել նաեւ օրենքով գող Նորատուսցի Ալիկի թիմը։ Այստեղ երրորդ թեկնածու էլ կա՝ անկուսակցական Արա Սմբատյան, որը Սեւանի կոմբինատի նախկին տնօրենի որդին է։ Սմբատյանը նախընտրական թոհուբոհից երջանիկ անտեղյակության մեջ էր՝ ոչ քաղաքի լարված մթնոլորտից էր տեղյակ, ոչ գործող քաղաքապետի հետ կատարվածից։ Մեր զանգահարելու պահին Սմբատյանը եղբորորդու ծննդյան տոնակատարությանն էր մասնակցում, բայց աղմուկի միջից պատասխանեց, որ քաղաքում նորմալ մթնոլորտ է, իր շանսերը գնահատելու գործը թողեց ժողովրդին, քաղաքապետի աշխատանքների մասին էլ համառոտ ներկայացրեց. «Որքան կարողացել է, այնքան աշխատել է, անելիքներ, ամեն դեպքում, շատ կան»։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ