Գողերը պետք է գողացածը հետ բերեն

Գողերը պետք է գողացածը հետ բերեն

Երեկ կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստում, մինչ կառավարության կառուցվածքային փոփոխությունների հարցին անցնելը, արտահերթ առաջարկով ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը ներկայացրեց Հանրապետական կուսակցության առաջարկը, այն է՝ սփյուռքի նախարարությունը վերանվանել սփյուռքի եւ հայրենադարձության նախարարություն: Շարմազանովը դա բացատրեց նրանով, որ բոլոր սփյուռքահայերի հայացքները պետք է ուղղված լինեն Հայաստանին, եւ որ դա ուղերձ կլինի աշխարհի հայությանը, որ հայրենադարձությունը Հայաստանի ռազմավարություններից մեկն է: Նա հավելեց, որ ոգեշնչվել են Իսրայելի հաջող օրինակով: Պարզվում է՝ երեկ առավոտյան ՀՀԿ խմբակցության նիստում առաջարկությունն արել են պատգամավորներ Հայկ Բաբուխանյանն ու Էդուարդ Շարմազանովը։



Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, որը ներկայացնում էր կառուցվածքային փոփոխությունների փաթեթը, իր հերթին ասաց, թե կարեւորում է այդ հարցադրումը, հասկանում է, թե ինչու է «հայրենադարձություն» բառը կարեւորվում։ «Այդ փոփոխությունը նաեւ ֆունկցիոնալ փոփոխություններ կառաջացնի, սա մեսիջ է: Ինձ համար ընդունելի է, ընդունում եմ ի գիտություն, առաջիկայում այդ առաջարկը կդարձնենք քննարկման առարկա եւ կտեղեկացնենք որոշումների մասին»,- ասաց նա: Հայկ Բաբուխանյանն էլ փորձեց ամբողջացնել դահլիճում թեւածող հայրենասիրական պաթոսը, առաջարկեց «սփյուռքին» ու «հայրենադարձությանը» մի բառ էլ ավելացնել՝ «փախստականներ», որի արդյունքում նախարարության անվանումը կդառնա հայրենադարձության, սփյուռքի եւ փախստականների նախարարություն։



Այս առաջարկի վերաբերյալ նախարարն ասաց, որ եթե իր անձնական տեսակետն է հարցնում, ապա ինքն այնքան էլ նպատակահարմար չի գտնում «փախստականներ» բառը նախարարության անվանման մեջ արտացոլելը։ Բայց խոստացավ այդ առաջարկությունը եւս քննարկել։ ՀՀԿ-ականների հետ զրույցում փորձեցինք հասկանալ՝ արդյոք այստեղ մանկական պատրանքներ չկա՞ն, որ բառերի ու արտահայտությունների միջոցով կարող են սփյուռքի ուշադրությունը գրավել, եւ վերջապես՝ ժամանակը չէ՞, որ իշխանությունը նախեւառաջ արտագաղթին նպաստող գործունեությունը կասեցնի, հետո միայն մտածի հայրենադարձության մասին։



ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյան



- Պարոն Ավետիսյան, Դուք իսկապե՞ս կարծում եք, որ նախարարության անվանումը կարող է մարդկանց մոտ վերաբերմունք փոխել։



- Ոչ միայն մենք կողմ ենք, որ անունը փոխվի, այլեւ ռազմավարական իմաստով պետք է նաեւ ֆունկցիա դնեն, այնպիսի ռազմավարություն մշակվի, որ, ի վերջո, նաեւ հայրենադարձության մասին մտածենք։



- Փաստորեն, մինչեւ հիմա սփյուռքի նախարարությունը չի զբաղվել հայրենադարձության խնդրով, իսկ ի՞նչ էր իրենից ներկայացնում «Արի տուն» ծրագիրը։



- Գիտեք, այս դեպքում բոլորովին այլ է լինելու, այո, Ձեր ասած ծրագիրը կար, բայց արդյոք կա՞ հստակ հաշվառում, թե նման ծրագրով քանի մարդու ենք օգնել հայրենադարձվելու։ Մենք այսօր ունենք Սիրիայի խնդիրը, հազարավոր սիրիացիներ հայրենադարձվել են Հայաստան, հետո այլ երկիր գնացել։ Հիմա այս հարցը քննարկվում է այն բանի համար, որ նման դեպքերում նախարարությունը կարողանա հստակ խնդիրներ առաջադրել կառավարությանը, որպեսզի այնպիսի պայմաններ ստեղծի, որ մարդիկ գան ու մնան այստեղ՝ իրենց հայրենիքում, մենք պետք է հայրենադարձության համար գրավչություն ստեղծենք։ Այ, սա է խնդիրը, էնպես չէ, որ անվանումը պիտի փոխվի միայն, դրա հետ նաեւ գործառույթը պիտի փոխվի։



- Իսկ ի՞նչ է պետք անել, որ գրավիչ լինի Սփյուռքի համար, ի՞նչն էր խանգարում մինչեւ հիմա անել դա։



- Սփյուռքի նախարարությունը համապատասխան այլ մարմինների հետ, ասենք, պետք է օրենսդրական նախագծեր առաջարկի, որպեսզի այստեղ գրավիչ դառնա սփյուռքահայի համար, որպեսզի սփյուռքահայը գա գործ դնի հայրենիքում ու չհեռանա, կարողանա այստեղ ապրել, ոչ թե մտածի՝ ժամանակավոր այստեղ ապրի, տեսնի մեկ ուրիշ երկրում ինչ հնարավորություն կա, թողնի գնա այդ երկիր։



- Եթե Հայաստանում անգամ վարչապետն է հայտարարում, որ կառավարությունում էժանագին գողությամբ են զբաղված, ի՞նչ հույս կա, որ հասարակության համար այդ մարդիկ լավ ու նպաստավոր, գրավիչ պայմաններ կստեղծեն։



- Նույն սփյուռքի նախարարության գրավչությունը, այո, պետք է այս ամենի համատեքստում լինի, այսինքն՝ եթե գողեր կան, ասվում է, որ կան, ուրեմն գողերից պետք է հրաժարվեն, գողացածները հետ բերվեն եւ պայմաններ ստեղծվեն, որպեսզի մարդիկ գան ու Հայաստանում գործունեություն ծավալեն։ Պայմաններ ստեղծելու խնդիր է, կլինի դա սոցիալական պայմաններ, տնտեսական՝ այդ պայմանները պետք է ստեղծեն, քանի որ սփյուռքի նախարարությունն է հայրենադարձության խնդրի պատասխանատուն, պետք է զբաղվի նման հեռանկարային ծրագրերով եւ խնդիրներ առաջադրի մյուս նախարարություններին, կառավարությանը։



- Իսկ, Ձեր կարծիքով, ո՞վ կամ ովքե՞ր են մեղավոր ու պատասխանատու Սփյուռքի համալրման, արտագաղթի համար, չե՞ք կարծում, որ պետք է դա կասեցվի, նոր մտածեք մարդկանց հայրենիք վերադարձնել։



- Տարբեր են պատճառները, դա կարող է եւ Հայաստանից կախված լինել, եւ ոչ։ Այո, Հայաստանում ունեցել ենք շրջափակված վիճակ, եւ դրա արդյունքում էլ մարդիկ դուրս են գնացել։



- Պաշտոնական վիճակագրությամբ հիմա արտագաղթի ավելի մեծ թվեր են ներկայացվում։



- Այո, ցավոք սրտի, հիմա էլ կա նման խնդիր, որովհետեւ կա սոցիալական խնդիր, աշխատանքի խնդիր, շատ դեպքերում՝ նաեւ որոշակի անհավասարության, չվստահելու խնդիր։



- Հիմա, որպես իշխանության ներկայացուցիչ, Ձեզ մեղավոր համարո՞ւմ եք, որ մարդիկ լքում են Հայաստանը, որովհետեւ այստեղ անարդարության եւ այլ խնդիրներ կան։



- Դրա համար մեղավոր ենք բոլորս, իշխանությունն օդից չի գալիս, իշխանությունը ձեւավորվում է ընտրությունների միջոցով, եւ մենք բոլորս պետք է այնպիսի պայմաններ ստեղծենք, որպեսզի... Գիտե՞ք վատը որն է, երբ որ անընդհատ փորձում են կոնկրետ մեղավորներ գտնել, կոնկրետ մեղավոր չկա, մեր միջավայրն է մեղավոր, մենք բոլորս ենք մեղավոր, մենք պարտավոր ենք այնպիսի միջավայր ստեղծել, որպեսզի այդ խնդիրներն այդ միջավայրում չբարգավաճեն, եւ մարդն իրեն հանգիստ զգա, որպեսզի պետությունը հնարավորություն ունենա մարդկանց սոցիալական խնդիրները լուծելու, կարողանան աշխատատեղեր ստեղծել եւ այլն։ Բոլորն էլ ժողովուրդ են, եւ բոլորս ամեն ինչ պիտի անենք, որ միջավայրը փոխվի։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ