Ընտրություններից բողոքում են, ԿԸՀ-ն՝ վերընտրում

Ընտրություններից բողոքում են, ԿԸՀ-ն՝ վերընտրում

ԲՀԿ-ն, չնայած «ընդդիմություն» կարգավիճակին, շարունակում է որպես այլընտրանք հանդես գալ, իր քայլերի ու որոշումների համար էլ «այլընտրանքային» բացատրություններ գտնել։ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի ԲՀԿ-ական անդամ Լյովա Խաչատրյանն արդարանում է, որ ինքը ոչ թե կողմ է եղել Տիգրան Մուկուչյանի ու ԿԸՀ կազմի առաջադրմանը, այլ՝ ձեռնպահ, պարզապես կազմը հաստատելու համար իր ստորագրությունն է տվել, որովհետեւ ԿԸՀ ցանկում վստահել է մեկին։ «Ցուցակում եղել է անձ, որին ես վստահում եմ, իսկ ստորագրությունը ցուցակով էր։ Ես կողմ եմ քվեարկել միայն մեկին՝ Լաուրային, հանձնաժողովում անհատական է եղել քվեարկությունը, անհատական է լինելու նաեւ ԱԺ-ում, մնացածի դեպքում ես ձեռնպահ եմ եղել, մինչեւ խմբակցությունը որոշում կկայացնի։ Եթե ես իմ ստորագրությունը չդնեի այդ կազմի տակ, հետեւաբար, իմ նախընտրած թեկնածուին չէի կարող անցկացնել»,- ասաց Խաչատրյանը՝ բացատրելով, որ ընտրությունների ժամանակ Լաուրայի հետ աշխատանքային շփում է ունեցել, եւ իր վրա նա լավ տպավորություն է թողել։ Դիտարկմանը, որ մի թեկնածուի համար ընտրակեղծարարների մի ամբողջ թիմի է աջակցում, Խաչատրյանն արձագանքեց. «Մնացած քվեարկությունը լինելու է անհատական, ես մնացածների համար կողմ չեմ քվեարկել, ես մնացածին չեմ ճանաչում»։ Տիգրան Մուկուչյանին չե՞ք ճանաչում։ «Ես ձեռնպահ եմ եղել»։



Նոր Սահմանադրությամբ՝ ԿԸՀ անդամներին առաջադրում է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը՝ անդամների 3/5-ի ներկայացմամբ: Արդեն հայտնի է, որ որպես ընդդիմություն հանդես եկող որոշ կուսակցությունների ու իշխանականների համաձայնությամբ ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրել են Տիգրան Մուկուչյանին։ Անփոփոխ կմնա նաեւ հանձնաժողովի հին կազմը, որի համար իրենց ստորագրությունն են տվել հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, ՀՀԿ-ական Վահրամ Մկրտչյանը, Լեւոն Մարտիրոսյանը, ՕԵԿ-ից՝ Հովհաննես Մարգարյանը, ՀՅԴ-ից՝ Աղվան Վարդանյանը, ԲՀԿ-ից՝ Լեւոն Խաչատրյանը:



Ուշագրավ է, որ այս հանձնաժողովում հինգ ՀՀԿ-ական եւ մեկ դաշնակցական ներկայացուցիչ կա, այսինքն՝ առանց ընդդիմադիր կոչվող կուսակցության աջակցության էլ հնարավոր էր լինելու իրենց ուզած կազմն անցկացնել։ Այնպես որ, ՕԵԿ-ի եւ ԲՀԿ-ի մասնակցության կարիքն ընդհանրապես չկար։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին լրացել էր ԿԸՀ անդամների առաջադրման ժամկետը, իսկ մինչեւ նոյեմբերի 1-ը պետք է նրանք ընտրված լինեն։ Ներկայիս կազմը ժամանակին առաջադրել էին նախկին օմբուդսմենը՝ Կարեն Անդրեասյանը, վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն ու Փաստաբանների պալատի նախագահը։ Կազմը՝ Տիգրան Մուկուչյան, Լաուրա Գալստյան, Արմեն Սմբատյան, Սեյրան Շահսուվարյան, Նունե Հովհաննիսյան, Գեորգի Մարտիրոսյան եւ Սիլվա Մարկոսյան։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ