Կառավարությունը չի կարող անվերջ դոնորի դեր կատարել. Իգնատի Առաքելյան

Կառավարությունը չի կարող անվերջ դոնորի դեր կատարել. Իգնատի Առաքելյան

«Ռազմավարական ծրագիր է մշակվում, որտեղ ուղղություններ կլինեն աջակցելու, երբ որ ես ասել եմ՝ բիզնեսով պետք է զբաղվեն, մենք ծրագիր ենք մշակելու, որոնցով կաջակցենք բիզնեսին, բնական է, այսօրվա իրավիճակում գյուղացին չի կարող ինքն իրեն բիզնեսով զբաղվել, քանի որ չկան այդ ֆինանսական հնարավորությունները»: Այս մասին այսօր՝ կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց նորանշանակ Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Վերջինիս խոսքերով՝ գյուղացու համար ոչինչ չի փոխվել, եթե գյուղացին համարում է, որ այսպես լավ է, ուրեմն կարող է ապրել, բայց գյուղացին պահանջում է մեզանից և մենք ելքեր ենք փնտրում, որ իր պահանջները բավարարենք:



-Վարչապետ Տիգրան Սարգսյանի օրոք համաշխարհային բանկից հատուկ ծրագրեր կային՝ ինչպես կովերին ճիշտ կթել և այլն, բայց կարծես այդ ծրագրերը չօգնեցին, մարդիկ շարունակում են կրկին ճանապարհները փակել, Դուք կոչ եք անում բիզնեսով զբաղվել, խոսում եք թրեյնինգների մասին:



Այո, պարտադիր պետք է շարունակել և թրեյնինգները, և ներդրումները, ավելի բիզնես-մոտեցում ցուցաբերել: Գյուղացուն միշտ պետք է ուղորդել, որպեսզի ճիշտ կազմակերպի իր գործունեությունը, անպայման ներկայացվելու է, վարչապետի հետ բերվելու է համաձայնության:



-Հուսա՞նք, որ մթերումների հետ կապված սուբյետիվ վերաբերմունք չունեք:



Երբեք սուբյեկտիվ չի կարող լինել իմ վերաբերմունքը:



-Մթերող կազմակերպությունները չեն վճարում գյուղացիներին, միգուցե ճի՞շտ կլիներ կոչը ուղղել այդ կազամակերպություններին:



Նույն կոչը երեկ արվել է և մթերողներին, իրենց հետ ամենօրյա աշխատանք է տարվում, թե ինչպես պետք է պարտքերը մարվեն, իրենք գյուղացիների հետ համաձայնեցրել են պարտքերի մարման ժամկետները, հետևաբար՝ այդտեղ խնդիր չեմ տեսնում, եթե չմարվի և խնդիրներ լինեն իրենց միջև, բնական է՝ պետությունը ստիպված կլինի միջամտել:



-Ստեղծված իրավիճակից միակ լուծումը ա՞յն է, որ դուք առաջարկեցիք գյուղացիներին զբաղվել բիզնեսով, և կարծես թե այլ լուծում մենք չեն լսել:



Ես Կառավարության անունից չեմ կարող խոսել, կարող եմ խոսել գյուղատնտեսության ոլորտի զարգացման առումով. Հիմնական իմ ուղղությունը լինելու է՝ օգնել և ներդրումներ կատարել, որպեսզի գյուղը հարստանա, իրենք ունենան ապրելու ավելի բարձր հնարավորություններ:



-Պարոն նախարար, որպեսզի հետագայում մթերումների հետ կապված նման խնդիրներ չծագեն, ինչպե՞ս եք տեսնում լուծումը:



Մենք բանաձև ենք գտնում, որով կմթերվի ավելցուկը: Երբ որ կլինի նախագծի վերջնական որոշումը՝ կներկայացնենք, նախագիծը կա, բայց այսօր հայտարարելու չի:



-Բացի Ձեր հնչեցրած կոչից՝ բիզնեսով զբաղվել, Կառավարությունը ի՞նչ առարկայական քայլեր է մտադիր անել, որպեսզի այդ խնդիրները գյուղացիների հետ կապված վերանան:



Կառավարությունը չի կարող անվերջ դոնորի դեր կատարել, պետք է լուծում գտնի, մենք աշխատում ենք այդ լուծման վրա: