Արսինե Խանջյանի ներկայացման մեջ Հայոց ցեղասպանության մասին խոսում է թուրք դերասանը

Արսինե Խանջյանի ներկայացման մեջ Հայոց ցեղասպանության մասին խոսում է թուրք դերասանը

«Հայ Ֆեստ» միջազգային թատերական փառատոնի շրջանակներում Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում ցուցադրվեց «Մաքսիմ Գորկու թատրոնի» (Գերմանիա) «Հոգիների աճուրդ» ներկայացումը՝ կանադահայ դերասանուհի, պրոդյուսեր Արսինե Խանջյանի բեմադրությամբ եւ մասնակցությամբ: 



Արսինե Խանջյանի «Հոգիների աճուրդը» Հայոց ցեղասպանությունը վերապրած Ավրորա (Արշալույս) Մարդիգանյանի մասին է, որն ականատեսն է եղել իր ողջ ընտանիքի սպանությանը՝ բացառությամբ երկու եղբայրների ու քույրերի։ Նա դատապարտվել է մահվան, բռնաբարվել, քաղցի մատնվել, վաճառվել 85 ցենտով եւ գաղթել Նյու Յորք, որտեղ 16-ամյա Ավրորան անկարող էր իր միջից ջնջել այդ հիշողությունները։ Հենց այդ հիշողությունների մասին է մոտ 100 տարի անց ներկայացման մեջ բարձրաձայնում ինքը՝ Ավրորան։ Արսինե Խանջյանը ներկայացման մեջ օգտագործել է նաեւ 1984 եւ 1988թթ. աուդիո եւ վիդեո հարցազրույցներ, որտեղ բազմոցի մեջ նստած Ավրորա Մարդիգանյանը հատվածաբար վերհիշում ու պատմում է իր հետ կատարվածը։ Պատմողի դերը ներկայացման մեջ ստանձնել է Արսինե Խանջյանը։ Նա առաջին պլանում պոստֆակտում ներկայացնում է Ավրորայի անձը, որի կյանքի պատմությունը, տեղ գտնելով «Հոշոտված Հայաստան» գրքում, միայն Ամերիկայում վաճառվել է 900 հազար օրինակով։



Գրքի տպագրությունից հետո նույն տարում՝ 1918-ին, նկարահանվում ու էկրան է բարձրանում «Հոգիների աճուրդ» համր ֆիլմը, որտեղ Ավրորային վիճակված էր մարմնավորելու իր իսկ կերպարը եւ դառնալու առաջին հայ կինոդերասանուհին: Բայց Ավրորա Մարդիգանյանը չուներ դերասանական նկրտումներ, թեեւ ներկայացման մեջ էկրանից նա վերհիշում է իր հանդիպումը Չառլի Չապլինի հետ։ Ավրորայի նպատակն էր աշխարհին պատմել հայերի հետ կատարված ոճրագործության մասին, որը ցնցեց բոլորին։ Միայն 2 տարում ֆիլմը բերեց 2.5 մլրդ. դոլար եկամուտ, ինչն էլ օգտագործվեց բարեգործական նպատակներով։ Այսօր ֆիլմից միայն առանձին դրվագներ ու սյուժեներ են պահպանվել: Ֆիլմի պատճեններն անհետացել են, իսկ Ավրորան մահացել է 92 տարեկանում՝ Լոս Անջելեսում, ծերանոցին կից հիվանդանոցում՝ մոռացված եւ առանց մեկ ցենտ գումարի: Նրա մարմինը դիակիզվել է եւ պահպանվել 4 տարի, որից հետո հուղարկավորվել է 3 հազար այլ չպահանջված դիակիզված մասունքների հետ Կալիֆորնիայի զանգվածային գերեզմանում։



Արսինե Խանջյանը վերակառուցում է պատմությունը՝ փորձելով առանձին հատվածներ կապել չնկարագրված հատվածների հետ: Բեմում տեղադրված էկրանի վրա մեկ տեսնում ես Ավրորային, լսում նրա պատմությունները, մեկ էլ դերասանների իմպուլսիվ խաղի միջոցով վերապրում կատարվածը։ Թե դերասանները, թե Ավրորա Մարդիգանյանը եւ թե էկրանից որպես ֆոնային ինֆորմացիա ծառայող, ֆիլմից պահպանված կադրերը վերստեղծում են եղեռնի սարսափելի պատկերը։



Ներկայացումը Գերմանիայում արդեն ցուցադրվել է երկու անգամ՝ անգլերեն եւ գերմաներեն: Արսինե Խանջյանն ասում է, որ այն պատրաստվել է Բեռլինում՝ երեք շաբաթվա ընթացքում: Իսկ նման ներկայացմամբ հանդես գալու առաջարկություն ստացել է հենց «Մաքսիմ Գորկու թատրոնի» տնօրենից, թատրոն, որը Գերմանիայի ամենահայտնիներից է։



Ի դեպ, ներկայացման մեջ ներգրավված էր նաեւ ազգությամբ թուրք դերասան Թաներ Շահինթյուրքը, որը ծնվել եւ մեծացել է Գերմանիայում։ Դերասանը պատմում է, որ երբ առաջարկ է ստացել մասնակցելու Արսինե Խանջյանի բեմադրությանը, միանգամից համաձայնել է, քանի որ գիտակցում է՝ ինքն էլ հիմա այսկերպ է փոխհատուցում իր նախնիների կատարած ոճրագործության համար։



«Այսօր փաստերով արդեն գիտենք Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրության եւ Գերմանիայի դաշնակցային հարաբերությունների մասին, այսինքն՝ Գերմանիան նույնպես իր մասնակցությունն է ունեցել Հայոց ցեղասպանությանը, իսկ արդեն Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ինքն է իրականացրել ցեղասպանություն հրեաների նկատմամբ: Կարելի է ասել՝ Ավրորա Մարդիգանյանի պատմությամբ գերմանացիները ծանոթացան նաեւ իրենց պատմությանը»,- իր խոսքում ասում է Արսինե Խանջյանն ու նշում, որ արդեն պայմանավորվածություններ կային ներկայացնել «Հոգիների աճուրդը» Ստամբուլում, սակայն հուլիսին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձն ստիպեց կիսատ թողնել այդ նախաձեռնությունը:



Սոնա ԱԴԱՄՅԱՆ