Նոր մարզպետ, նոր ծրագրեր, հույս ունենք՝ նոր գաղափարներ. Մեղրիի քաղաքապետ

Նոր մարզպետ, նոր ծրագրեր, հույս ունենք՝ նոր գաղափարներ. Մեղրիի քաղաքապետ

Համայնքների խոշորացման ծրագրի շրջանակներում Սյունիքի մարզի Ագարակ, Մեղրի և11 գյուղական համայնքների փոխարեն ստեղծվել է Մեղրի համայնքը, որտեղ սեպտեմբերի 18-ին ՏԻՄ ընտրությունների արդյունքում ղեկավար է ընտրվել Ագարակ քաղաքի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանը: Վերջինիս խոսքով՝ միայն ինքն է եղել թեկնածու, այդ տարածքում նույնիսկ թեթև առարկություն հանձնաժողովներում, բողոք չի եղել. «Ընտրության մասնակացությունը եղել է 71 տոկոս, մասնակիցների՝ 97 տոկոսը կողմ է քվեարկել: Սկզբում մեկ թեկնածու էլ է եղել, հետո մենք որոշեցինք, որ մեր թիմով աշխատենք, հիմա մյուս թեկնածուն կաշխատի որպես տեղակալ: Թեկնածությունը իր կամքով է հանել՝ նախընտրական ծրագիրը լսելով, գտել ա, որ այդպես ավելի իրատեսական կլինի, նաև տարիքի առումով ավելի երիտասարդ ա, ավելի ճիշտ կլինի, որ մեր ծրագրերը համատեղ իրականացնենք, ինքը տեղակալի կարգավիճակում կլինի»:



-Մեղրի համայնքի ղեկավարն եք արդեն, նոր փոփոխություններ լինելո՞ւ են, ծրագրեր:



Բազմաբովանդակ ծրագրեր կան, մի տարի հետո դուք ինքներդ ականատես կլինեք: Բոլոր ճյուղերով  են աշխատանքները լինելու:



-Ինչպե՞ս եք համատեղելու և Ագարակ քաղաքը, և Մեղրին, և 11 գյուղական համայնքները:



Մենք ունենք աշխատունակ և պրոֆեսոինալ թիմ, նաև ձևավորում ենք: 12 հազար ազգաբնակչություն է, և տարիներ շարունակ Մեղրու շրջանը եղել է մեկ կենտրոնից, հիմա վերականգնվում է: Ես համենայնդեպս վստահ եմ, որ մեր բոլոր ծրագրերը հաջողությամբ իրականացվելու են: Իրավիճակը լարված չի, պայթունավտանգ չի:



-Մեղրիի քաղաքապետարանի գործունեությանը ծանոթացե՞լ եք, ի՞նչ բացթողումներ կան, որոնք պետք է լրացնեք:



Ծանոթացել ենք, հիմա մենք միջանկյալ, անցումային փուլում ենք, նոր աշխատակազմի կառուցվածքը ուղարկել ենք կառավարություն, սպասում ենք հաստատմանը, և նոյեմբերի 1-ից նոր աշխատակազմը կգործի: Համայնքի բոլոր ղեկավարներին լիազորությունները հիշեցրել եմ, բայց աշխատակազմերը մնացել են, ուսումնասիրել ենք, կարևորը առաջ նայենք, ոչ թե հետ: Թերությունները բացահայտել կամ ինչ որ էդպես միտում չունենք, պարզապես մի խոսուն թիվ կարող եմ ասել՝ մոտ 10 միլիոն դրամի երեք ամսվա պարտք ենք «ժառանգել»: 3 ամիս մոտ 150 հոգի աշխատող աշխատավարձ չի ստացել:



-Պարոն Զաքարյան, անդրադառնանք Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հրաժարականին: Նրան փոխարինեց Վահե Հակոբյանը. նոր մարզպետի հետ ինչպե՞ս եք աշխատելու:



Շատ լավ, բայց ի՞նչ ա եղել, պետություն ենք չէ՞ մենք, պետական բոլոր ինստիտուտներն աշխատում են: Նոր մարզպետ, նոր ծրագրեր, հույս ունենք՝ նոր գաղափարներ: Հանրապետության վարչապետն էլ չէ՞ նշեց, որ հուսով ենք նոր մշակույթ կմտցվի տարածքային կառավարման բնագավառում:



-Սուրիկ Խաչատրյանի գնալը Ձեզ չվհատեցրե՞ց:



Չէ, ինչի՞ պետք ա վհատեցնի, բոլորս էլ մի օր պետք է հրաժեշտ տանք, իհարկե նրա հետ աշխատանքային տարիները եղել են արդյունավետ,համագործակցության տարիներ:



-Վահե Հակոբյանին մինչ մարզպետի պաշտոնի նշանակվելը ճանաչո՞ւմ էիք:



Անձամբ չեմ ճանաչում, բայց եթե ղեկավարել ա Հայաստանի ամենախոշոր ձեռնարկություններից Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, ինձ թվում է, որ դա արդեն հերիք ա, որ մենք հույս ունենանք, հավատանք, որ էդ մարդը կարող ա արդյունավետ ղեկավարի Սյունիքի մարզը:



-Պարոն, Զաքարյան, հնարավոր է նորից Խաչատրյանի համակիրներով նամակ գրեն, որպեսզի Սուրիկ Խաչատրյանը ետ վերադառնա:



Ես էլ եմ լսել նման բան, բայց ես Ձեզ հավատացնում եմ, որ նման բան չի եղել: ճիշտ է, մամուլում գրվեց այդ մասին, բայց ես տեղյակ չեմ, իմ ինֆորմացիան՝ նման բան չի եղել: Հետո կոլեգաներիս հարցրել եմ՝ ոչ մեկ տեղյակ չի եղել: