«Աշտարակ կաթը» կրկին վատ վիճակում է

«Աշտարակ կաթը» կրկին վատ վիճակում է

«Աշտարակ կաթ» ձեռնարկությունը մեծ պարտքեր ունի եւ սնանկության եզրին է։ Մեր տեղեկություններով, մեծ մասը Գեղարքունիքի մարզի համայնքների բնակիչներին ունեցած պարտքերն են։ Կաթնամթերքի արտադրության երբեմնի առաջատարը որոշ գյուղերում 3-5 մլն. դրամի պարտավորություններ է կուտակել։ Այս տեղեկությունը փորձեցինք ճշտել կաթ հանձնող համայնքների ղեկավարներից։ Թթուջուր համայնքը, որն «Աշտարակ կաթի» մշտական հաճախորդներից է, արդեն մի քանի ամիս է՝ փողի է սպասում։ Գյուղապետ Վիգեն Սահակյանը ձեռնարկության պարտքերի ստույգ չափը չգիտի։ Նա ասաց. «Կաթը մթերել են, հիմա էլ մթերում են։ Որքանով տեղյակ եմ, ամիսուկես-երկու ամիս է՝ փող չեն վճարել։ Մենք նրանց հետ բանակցել ենք, մեզ ասել են, որ պանրի արտահանման նոր ծրագիր կա, շուտ կվաճառեն ու մեր գումարները կփակեն։ Մաս-մաս են տալիս, հիմա խոստացել են, որ արագ կտան փողը»։ Գետիկի գյուղապետ Սարգիս Այունցը եւս չժխտեց, որ «Աշտարակ կաթը» ժամանակին չի կարողացել կատարել իր պարտականությունները. «Վերջին տվյալները չգիտեմ։ Կիսատ-պռատ վճարել է, տարբեր ժամանակներից պարտքեր կան մնացած, բայց կոնկրետ թիվն այս պահին չեմ կարող նշել»։ Մենք զանգահարեցինք նաեւ Լոռու մարզի Գարգառ գյուղ։ Գյուղապետ Կարեն Զալինյանն ասաց, որ իրենց բախտը բերել է, եւ այս անգամ իրենց չեն կարողացել «քցել»։ Բանն այն է, որ անցյալ տարի Գարգառի բնակիչներն ամիսներով չէին կարողացել կաթի մթերման գումարներն ստանալ, եւ սա նրանց խրատ է եղել։ «Անցյալ տարվանից մենք «Աշտարակ կաթի» հետ էլ չենք աշխատում,- պատմում է համայնքապետ Զալինյանը։- Ջրի գնով վերցնում էին կաթը, փողն էլ՝ իբր մի փող էր, դա էլ ամիսներով չէին տալիս։ Էդքան մեծ հզորություն ունեցող գործարան են ու չեն կարողանում աշխատել»։ Այս տարի «Աշտարակ կաթի» ներկայացուցիչները գնացել են գյուղ՝ կաթ ուզելու, բայց Գարգառի գյուղացիները նրանց դատարկ ձեռքերով հետ են ուղարկել։ Հայտնի է, որ կաթի գինը մեկ լիտրի համար ամռանը կազմում է 100 դրամ, աշնանային այս շրջանում՝ 120, իսկ Ամանորից առաջ մի քանի օր բարձրանում է՝ հասնելով մինչեւ 200-ի։ Մեր գյուղերում այս առիթով դառնորեն կատակում են՝ կաթը կես լիտր «ջերմուկից» էժան է։ Մեր տեղեկություններով, «Աշտարակ կաթի» ծանր տնտեսական վիճակի պատճառներից մեկն էլ բանկերի նկատմամբ չմարած պարտավորություններն են, «Սթար» սուպերմարկետների ցանցի չվճարումները, որոնց հետեւանքով գործարանը մեծ վնասներ է կրել։ Նաեւ արտադրանքի որակի անկում կա։ «Աշտարակ կաթ» ձեռնարկությունից խոստացան կապվել մեզ հետ եւ պատասխանել հարցերին, բայց այդպես էլ չկատարեցին իրենց խոստումը։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ