Հիվանդանոցը՝ կոլապսի մեջ

Հիվանդանոցը՝ կոլապսի մեջ

«Երեւան» բժշկական կենտրոնը, որն ավելի հայտնի է որպես Ծերեթելու հիվանդանոց, արդեն մոտ մեկ շաբաթ է՝ հոսանքազրկված է։ Դեղորայք չի ստանում, լվացքատունը չի աշխատում, անվտանգության հանգույցը՝ նույնպես։ Հիվանդանոցը չունի տնօրեն, մարդ, որի ստորագրությամբ բանկային փոխանցումներ, վճարումներ արվեն մատակարարներին եւ այլն։ Չնայած դրան, կոլեկտիվը մի մարդու պես գալիս է գործի, հույսով, որ ահա այսօր վերսկսելու է աշխատանքը: Նախկին տնօրենն ազատվել է աշխատանքից՝ առողջական խնդիրների պատճառով, քանի որ հիվանդանոցի երկու սեփականատերերի՝ Տարոն Տոնոյանի եւ Հայկ Բալայանի փոխադարձ ատելության պայմաններում մեկ տարի աշխատելուց հետո նա հոգեկան սթրեսի է հասել։ Քրեական գործ է հարուցված «երևան« ԲԿ-ի դեմ հարկերից չարամտորեն խուսափելու փաստի առթիվ։



Լուրեր են տարածվում, թե հիվանդանոցը սնանկանում է, սակայն երկու սեփականատերերը վստահեցնում են, որ նման բան չկա, բուժհաստատությունն աշխատող եւ եկամտաբեր ձեռնարկություն է, եւ ԶԼՄ-ներով միմյանց են մեղադրում գործող ձեռնարկությունը կեղծ սնանկության տանելու համար։ Երկու սեփականատերերը չեն կարողանում համաձայնության գալ, թե ով է այսուհետ ղեկավարելու հիմնարկը: Վիրաբույժ Հայկ Բալայանը, որը վիրաբուժական բաժանմունքի ղեկավարն է եւ Զորի Բալայանի որդին, կարծում է, որ իր գործընկեր Տարոն Տոնոյանը, որը երկար տարիներ նաև հիվանդանոցի գործադիր տնօրենն էր, ֆինանսական հարցերում իրեն խաբել է, եւ հիմա Տարոնին էլ չի վստահում։ Ինքն է ուզում դառնալ հիվանդանոցի տնօրեն։ Տարոն Տոնոյանն էլ համոզված է, որ Զորի Բալայանը որդու հետ փորձում են խլել իրենից ֆինանսապես առողջ այս բուժհաստատությունը, որը մեծ աճ է ունեցել իր շնորհիվ. «Իրենք տեսան, որ բիզնեսը կայացել է, անունը կա, համբավը կա, ու ժամանակն է, որ այն իրենցը լինի»։ Նա պատմում է, որ 2007-ին, երբ ինքը տնօրեն է դարձել, հիվանդանոցը չի ունեցել տանիք, հաճախորդներ, իմիջ։ «Առանց կողմնակի աջակցության մենք աշխատել ենք։ Միակ հիվանդանոցն է եղել, որը 6 տարի առանց պետպատվերի աճ է արձանագրել։ 85 հոգանոց անձնակազմն այսօր 175 հոգուց է բաղկացած: 2007-ին հիվանդների քանակը 730 էր, հիմա արդեն հիվանդների թիվն անցել է 3 հազարից։ Սրանք ռեալ թվեր են: Եթե ես վատ մենեջեր էի, ապա բացասական դինամիկա արձանագրող տնտեսության մեջ այդպիսի աճ ինչպե՞ս եղավ: Սա նշանակում է, որ ճիշտ եմ վարել տնտեսությունը»,- ասում է Տարոն Տոնոյանը՝ շեշտելով, որ հիվանդանոցի մուտքերի մեկ երրորդն ինքն է ապահովում՝ որպես վիրաբույժ, եւ որ ինքն ամենաշատ վիրահատող վիրաբույժն է հանրապետությունում: Մինչև վերջերս նա ամսական 80-100 վիրահատություն էր կատարում:



Բաժնետերերը հավասար փայաբաժին ունեն` 50/50-ի, եւ միասին են սկսել բիզնեսը: Խոտորնակությունն սկսվեց, երբ բիզնեսն արդեն կայացած էր: Հայկ Բալայանը կասկածել է, որ գործընկերն իրեն խաբում է` սկզբում մանր հարցերում, օրինակ` շինանյութի գների: «Կասկածները փարատելու համար ես տնտեսական հարցերում վերահսկող ընդունեցի՝ իր բերած մարդուն, եւ նրան 350 հազար դրամ աշխատավարձ նշանակեցինք»,- ասում է Տոնոյանը: Բայց կասկածները միայն աճել են, մինչեւ որ Տոնոյանը հասկացել է, որ դրանք ընդամենը պատրվակ են՝ իրենից ազատվելու համար: Անցյալ տարեվերջին հարկայինը 11 հոգանոց մեծ խմբով ստուգումներ է անցկացրել հիվանդանոցում, որոնք, ըստ Տոնոյանի, հրահրված են եղել գործընկերոջ կողմից: Խումբը խախտումներ է հայտնաբերել: «Երբ որ հարկայինն ստուգեց, մենք պարտքեր չունեինք ոչ մի մատակարարի, ընդամենը ունեինք խախտումներ, որոնք ունի ցանկացած ձեռնարկություն, դա հանցանք չէ»,- ասում է Տոնոյանը: Բայց տուգանքը, որը 2 մլն դրամից անցնում էր, ժամանակին չփոխհատուցվեց, որովհետև հիվանդանոցի տնօրեն Հակոբ Բալայանը (ազգանվան նույնությունը Զորի Բալայանի հետ զուգադիպություն է՝ Ս. Ս.)` երկու բաժնետերերի կողմից էլ ընդունված անձը, սահմանված ժամկետում դիմում չներկայացրեց Պետեկամուտների կոմիտե՝ պարտքի մարման ժամանակացույց սահմանելու խնդրանքով: Եւ քանի որ դիմում չեղավ, քրեական գործ հարուցվեց, հարկերից խուսափելու փաստով: «Հայկ Բալայանը չէր թողնում, որ տնօրենը դիմում գրեր»,- վստահ է Տարոն Տոնոյանը, որովհետեւ Հ. Բալայանի նպատակը եղել է այն, որ ինքը՝ Տոնոյանը, վճարեր այդ պարտքի 80 տոկոսը՝ իր վրա վերցնելով ընդամենը 20 տոկոսը:



Հայկ Բալայանը հերքում է. «Ես ընդհանրապես զրո տոկոս պետք է վճարեի, քանի որ ես մեղք չունեի հաշվապահության բլոկի տապալման, ֆինանսական խախտումների մեջ: Բայց, հաշվի առնելով հիվանդանոցի վատ վիճակը, ասել եմ` ես կեսը վճարեմ, մնացածը թող ինքը վճարի»: Հայկ Բալայանը հերյուրանք է համարում այն, որ իր հայրն է ուղղորդում սնանկության գործընթացը, կամ որ ինքը, իբր, ամեն ինչ արել է, որ հիվանդանոցը սնանկանա: «Ես պնդում եմ, որ մեր հիվանդանոցն աշխատող հաստատություն է, եւ ես պատրաստ եմ այն ոտքի կանգնեցնել, ուրեմն ո՞նց կարող եմ ես տանել այն սնանկացման»: Երկու բաժնետերերի ֆինանսական վեճերը բավականին բարդ են ու խճճված: Բայց փաստ է, որ այն պահին, երբ հիվանդանոցի հաշիվների վրա կալանք է դրվել, դրանց վրա այնքան գումար է եղել, որ պարտքի կեսը անմիջապես փակվել է։ Մնացել է երկրորդ կեսը` 55 մլն. դրամ: «Եթե մեկ-երկու ամիս էլ մենք տնօրեն ունենայինք, ու հիվանդանոցն աշխատեր, ես համոզված եմ, որ այս պարտքն էլ կփակեինք»,- ասում է Տարոն Տոնոյանը: Բայց համաձայնությունը երկու բաժնետերերի միջեւ այլեւս հնարավոր չէ: Ոչ Տոնոյանը, ոչ Հայկ Բալայանը տնօրենի հարցում չեն ուզում զիջել միմյանց: «Ես համաձայն եմ, որ իր մարդը գա,- ասում է Տոնոյանը,- կամ կոլեկտիվն ընտրի տնօրենին, կամ էլ շենքը կիսենք, երկու հիվանդանոց սարքենք»: Հայկ Բալայանը դեմ է. «Պատկերացնո՞ւմ եք, մեկ շենքում՝ երկու նույնատիպ հիվանդանոց. ավելի վատ, ավելի անհաշտ վիճակ կլինի»։ Եվ պնդում է, որ միակ լուծումն իրեն տնօրեն նշանակելն է. «Միայն իմ տնօրինությամբ հաշվապահական բլոկը կաշխատի օրինական: Ես լուծումը տեսնում եմ մի ձեւով` եթե ինքն ուզում է, որ հիվանդանոցն աշխատի, իր ամբիցիաները թող դնի մի կողմ, ինչքան էլ թշնամաբար է վերաբերվում, համաձայնի, որ ես լինեմ տնօրեն։ Համ էլ՝ ոչ մի խելամիտ մարդ չի համաձայնվի տնօրեն գալ, չի մտնի այս խառը վիճակի մեջ»: Եվ այս վերջնագրի պատճառով, եւ այն պատճառով, որ երկու մարդ իրար հետ չեն կարողանում պայմանավորվել, լեզու գտնել, կայացած այս հիվանդանոցը, որը մինչեւ վերջին օրը շահույթով է աշխատել, հավանաբար, կփակվի: Առողջապահության նախարարը որևէ կերպ այս պատմությանը չի միջամտում: 



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ