Թվայնացման սարքերը խայտառակ որակի են, հեռուստադիտողը դժգոհ է

Թվայնացման սարքերը խայտառակ որակի են, հեռուստադիտողը դժգոհ է

Հայաստանի 4 մարզերում՝ Գեղարքունիքում, Սյունիքում, Տավուշում եւ Վայոց Ձորում, անալոգային հեռարձակման կայաններն արդեն անջատված են։ Այս մարզերի բնակիչների համար հեռուստատեսություն կոչված հաճույքը հասանելի է միայն կաբելային տարբերակով կամ հատուկ ընդունիչ սարքերի՝ դեկոդերների միջոցով, որոնք անալոգային ազդանշանը վերածում են թվայինի։ Հայտարարված էր, որ Երեւանի անալոգային հեռարձակումը կդադարեցվի հոկտեմբերի 20-ին, սակայն կայանների անջատման աշխատանքները կտեւեն մինչեւ ամսի 26-27-ը։ Այս մասին մեզ հայտնեց թվայնացման համար պատասխանատու կառույցի ղեկավարը՝ Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանցի գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանը։ Փաստորեն, երեւանցիները դեռ մի քանի օր ունեն դեկոդերներ գնելու։ Արդեն բացահայտվում են նոր թվային հեռարձակման թերությունները։ Մարդիկ բողոքում են, որ կապը խափանվում է, եւ երկու-երեք օրով իրենք զրկվում են հեռուստացույց նայելու հնարավորությունից։ Այդպիսի բողոքներ ունենք, օրինակ, Արարատի մարզի Սուրենավան գյուղից։ Երեւանցիներն էլ բողոքում են, որ կապը գնում-գալիս է, պատկերը կտրտվում է։ «Ձայնը չի սինքրոնանում կադրի հետ»,- ասաց Հյուսիսային պողոտայի բնակիչներից մեկը։ Գրիգոր Ամալյանը վստահեցնում է, որ «Ցանցն» էլ է նման բողոքներ ստանում։ «Մեզ մոտ տեխնիկական մոնիտորինգ կա, մենք մեր ազդանշանի տեխնիկական որակը տեսնում ենք։ Մեզ մոտ մեկ տարուց ավելի է՝ գործում է թեժ գիծ, եւ երբ մենք, զանգերի հոսքն ուսումնասիրելով, մեծամասամբ պարզում ենք, որ կամ իրենց մոտ լարման հետ կապված խնդիրներ կան, կամ իրենց սարքերի կարգավորումները լավ չեն կատարել, կամ անտենայի կաբելի խնդիր ունի մարդը, տանիքի վրա մաշվել է, անալոգի ժամանակ լավ, թե վատ՝ ինչ-որ ձեւով ցույց է տվել։ Բոլոր խնդիրները, որ գալիս են, 99 տոկոսով սպառողի կետը ճիշտ չհամալրելու կամ կաբելի, անտենայի խնդիր է։ Մարզերում կա մեկ այլ ավելի լուրջ պրոբլեմ, երբ որ լինում են բարձրավոլտի անջատումներ, եւ մեր մինի կայաններում հոսանքի մատակարարումը խաթարվում է, որոնք մեկ կամ մի քանի գյուղի համար են։ Նման բաներ կարող են լինել, սրա լուծումն այլընտրանքային սնուցումն է, որը հազվագյուտ մարդիկ ունեն»։



«Փեթակում», «Բանգլադեշի» տոնավաճառում եւ մատչելի առեւտրի այլ վայրերում այս օրերին դեկոդերներն ամենապահանջված ապրանքն են։ Երեկ մենք այցելեցինք մեծածախ առեւտրի «Փեթակ» կոչվող շուկա, հարցուփորձ արեցինք գնորդների հետ եւ կրկին համոզվեցինք, որ մեր համաքաղաքացիները դեռ չեն փոխել ամեն ինչ վերջին օրվան թողնելու բնավորությունը։ «Փեթակի» էլեկտրոնային ապրանքների վաճառասեղանների մոտ մարդիկ էին խմբվում։ Նրանք հիմնականում գնում էին ամենաէժան սարքերը, որոնց գինն այս օրերին 7 հազար 500 դրամ է։ Կային մարդիկ, որոնք գնել էին այս սարքերը, տարել տուն եւ պարզել, որ դրանք չեն աշխատում։ «Շատ անորակ սարքեր են, ես երկու հեռուստացույցի վրա էլ փորձեցի, չաշխատեց, ստիպված՝ հետ եմ բերել՝ տեսնեմ կփոխե՞ն»,- ասաց մի գնորդ։ Մի տղամարդ էլ երկրորդ անգամ էր փոխում սարքը։ Նա վաճառողների հետ վիճում էր եւ պահանջում, որ կրկին հետ վերցնեն։ Նրան ուղղորդեցին մեկ այլ սենյակ, որտեղ աշխատում էր դեկոդերներ նորոգող վարպետը։ Այդ փոքրիկ սենյակի պատով մեկ անսարք դեկոդերներ էին շարված, որոնք սպասում էին նորոգման։ Դեռ 6-8 ամիս առաջ դեկոդերներ նորոգողներ Հայաստանում չկային, սակայն այս մի քանի ամսում հայ վարպետները յուրացրին այս մասնագիտությունը։ Դեկոդերներն այնքան անորակ են, որ սա կարող է եկամտաբեր մասնագիտություն դառնալ։ «Փեթակի» փոքրիկ խանութներում, վաճառողներից բացի, նաեւ նորոգող մասնագետներ են նստած։ Հայաստանի համար դեկոդերներ հիմնականում բերվում են ամենաէժան շուկայից՝ Չինաստանից, կա նաեւ կորեական, ինդոնեզական, ռուսական արտադրանք. վերջինս փոքր-ինչ ավելի որակով է։ Ի՞նչ անել, ինչպե՞ս պաշտպանվել անորակ արտադրանքից։ «Ցանցի» տնօրեն Գրիգոր Ամալյանը խորհուրդ է տալիս միայն այնպիսի սարքեր գնել, որոնց համար երաշխիք են տալիս։ «Պետք է երաշխիքային կտրոն պահանջել»,- ասում է նա։ Բայց սա շատերի համար հասանելի չէ, քանի որ որ մեծ ֆիրմային խանութները երաշխիքային կտրոններ տալիս են միայն 25 հազար դրամից բարձր արժողության սարքերի համար։ Սա նշանակում է, որ այդ խանութներում վաճառվում է նույն «Փեթակի» ապրանքը։ Ի՞նչ անել։ Գրիգոր Ամալյանը վստահեցնում է, որ այս հարցն իր կառույցի իրավասությունից վեր է։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ